Դերսիմի հին հայկական մեղեդիները` վերածնված թուրքական երաժշտի կողմից` «Սահմանները սահմանվում են քաղաքական գործիչների կողմից, դրանք մեր սրտերում գոյություն չունեն»
«Ես այս ձայնասկավառակը ավելի շատ ստեղծել եմ ինձ համար, այլ ոչ թե հայ ժողովրդի համար: Այն հնարավորություն ընձեռեց գտնել իմ մի մասը, և հիմա ես ինձ լիարժեք եմ զգում»:
Միքաիլ Ասլանի` հայերի հանդեպ հետաքրքությունը սկսվել է դեռևս մանկությունից: Մանուկ հասակում նա անընդհատ կրկնում էր մոտակայքում գտնվող Նորշին, Հոպիկ, Ահվեշի, Սորպիյան գյուղերի անունները և ոչ մի կերպ չէր կարողանում գտնել մայրենի լեզվով համարժեք բառերը: Իր մայրիկից նա ստացավ շատ հակիրճ պատասխան` «Որդիս այդ անունները մնացել են հայերից». Իսկ որտե՞ղ են այդ հայերը, ովքեր անուններ են տվել իրենց գյուղերին` թողնելով իրենց ետևից տաճարների և գերեզմանների ավերակներ: Թվում էր, թե գետնի տակ են անցել: Երբեմնի ավիրված եկեղեցիների մնացորդ քարերը հիմա դարձել են իրենց հին տների պատերի մի մասը: Ձայնասկավառակի ստեղծման առաջին միտքը Միքաիլի մոտ ծագում է 2005 թվականին, երբ Բրյուսելում հանդիպում իր ընկեր Հովսեփ Հայրենիի հետ: Տպավորված երաժիշտը այնպես է նկարագրում այդ հանդիպումը, ասես այդ քարերի գրառումներն են կենդանացել և շշնջում նրա ականջին: Հովսեփը Համբարձում Գասպարյանի «Չմշկացակը և նրա գույները» գրքից հատվածներ էր կարդում, իսկ Միքաիլի լեզվին արդեն պտտվում էր «Դերսիմի հայկական ժողովրդական երգերը»:
Ձայնասկավառակի վրա չորս տարի աշխատելու ընթացքում Միքաիլը ավելի ու ավելի է ընկղմվում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ: Նա հավաքում է Դերսիմի և մոտակա բնակավայրերի մոտ հարյուր հայկական ժողովրդական երգ, որոնցից 12 երգ ընտրում ձայնասկավառակի համար, որը թողարկվեց «Փեթակ` Դերսիմի հայկական ժողովրդական երգերը» անվամբ: Երաժիշտներ Տիգրան Հակոբյանի և Լիլիթ Սիմոնյանի հետ համատեղ Միքաիլը մանրակրկիտ ստեղծագործական աշխատանք է կատարում: Ձայնասկավառակի ստեղծման գործում մեծ ավանդ ունեն երաժիշտներ Մարո Մուրադյանը, «Ակունք» համույթը և Նորայր Գրիգորյանը: Միքաիլը պատմում է`
– Այսօր մենք կրկին թույլ տվեցինք, որ հնչեն այն մեղեդիները, որոնք հայերը երգել են դարեր ի վեր: Տիեզերքում ոչ մի հնչյուն չի կորչում: Մեր նպատակն էր, ոչ միայն ստեղծել ձայնասկավառակ, այլև սույն ձայնասկավառակի օգնությամբ կապ հաստատել Արարատի այս և մյուս կողմերի միջև, որովհետև իրականում մեր սրտերում սահմաններ չկան, դրանք սահմանվել են քաղաքան գործիչների կողմից:
Իմ ամենամեծ նպատակներից մեկն այն է, որ այդ տարածքներում ապրող հայերը (Արևմտյան Հայաստան – խմբ. նշ.) պահպանեն իրենց ինքնությունն ու մշակույթը և ապրեն ազատ: Երբ ես կատարում եմ «Փեթակ» ձայնասկավառակի երգերը, ես նրանց ներշնչում եմ քաջություն, նրանց «ես»-ը ճանաչելու մղում: 20 տարի առաջ Թուրքիան վարում էր բնակչության մահմեդականացման և թյուրքացնելու նպատակամետ քաղաքականություն, այդ իսկ պատճառով մարդիկ վախենում էին խոսել իրենց մայրենի լեզուներով: Նրանք այնքան էին հեռացել իրենց էթնիկ ինքնագիտակցությունից, որ անգամ արգելում էին մայրենի լեզվով խոսել նույնիսկ սեփական տանը: Մենք` համալսարանական խմբակների հեղափոխականները, սկսեցինք գրել երաժշտություն մեր մայրենի զազա լեզվով` ընդդեմ ասիմիլյացիայի: Եվ հանկարծ իմ ժողովրդի միջից ի հայտ են գալիս դատապարտող մարդիկ և ասում` «Ո՞րտեղից է ի հայտ եկել այդ զազա լեզուն»: Բայց անցել է 10 տարի և հիմա բոլորը լսում են մեր երաժշտությունը: Հիմա երիտասարդությանը դուր են գալիս մեր ստեղծագործությունները: Երբ ես սկսեցի պատրաստել «Փեթակ» ձայնասկավառակը, այս անգամ սկսեցին ասել` «Ո՞րտեղից է հայտնվել այդ հայերեն լեզուն»: Ինչպես զազա լեզուն է առաջացել ձեր հողից, այնպես էլ հայերենն է առաջացել: Անհրաժեշտ է պարբերաբար պայքարել բնակչության մեջ արմատացած կարծրատիպերի դեմ: 15 տարվա ընթացքում ոչ ոք չի ստեղծագործել զազա լեզվով, իսկ վերջին 15 տարիների ընթացքում երեխաները մեծանում են այն երաժշտության հնչյունների ներքո, որը ես գրում եմ իմ ընկերների հետ միասին: Ես մտածում եմ հետևյալ կերպ` երեխայի ինքնագիտակցությունը ձևավորվում է այն պահից, երբ նա երաժշտություն է լսում: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երեխաները մեծանան մայրենի լեզվով շրջապատված: Նրանք երբեք չեն մոռանա այն լեզուն, որ լսել են մոր արգանդում: Ես դրա հետ կապված մեծ հույսեր ունեմ: Քուրդ ժողովրդի հետ միասին արթնացան և նոր դարաշրջան մտան ասորացիները, եզդիները, զազերը, ալեվիները: Նախկինում Թուրքիայում բոլորին անվանում էին թուրքեր և մահմեդականներ, սակայն հիմա իրավիճակը փոխվել է և տարբեր ազգերի ժողովուդները արթնանում են երկար քնից:
Միքայիլը նշում է, որ Թուրքիայում դեռևս ազգային փոքրամասնությունների` հատկապես հայերի հետ կապված գոյություն ունեն լուրջ խնդիրներ`
– Քուրդը թուրք է ձևանում, ալեվին` քուրդ, հայը` ալեվի… Թուրքիայի ամենամեծ խնդիրը, ամենամեծ տաբուն` հայն է: Դա ահավոր տաբու է: Հայը վիրավորանք է համարվում: Իմ մոտ ընկերները նույնիսկ ինձնից են թաքուն պահում իրենց հայկական ծագումը: Թուքիայի պես երկրի համար դա շատ բարդ խնդիր է: Հայկական տաբուն ոչնչացնելու համար անհրաժեշտ է ունենալ մեծ խիզախություն: Երբ ես ստեղծում էի այս ձայնասկավառակը, պետական քաղաքականությունից բացի, ինձ փորձում էին խանգարել որոշ արմատական համոզմունքներով մարդիկ, որոնք ասում էին` «Միքայիլ Ասլանը հայացել է», «Միքայիլը դարձել է հայ միսիոներ»: Մարդիկ այնքան են հիվանդացել ներսից այս քարոզչության պատճառով, որ կփորձեն ոչնչացնել անգամ հայ ժողովրդի այն միակ ներկայացուցչին, ով կխոսի հայկական երաժշտության մասին:
(...)
Թուրքիայի բնակչության համար հայը կարծես օտարածին ինչ որ մեկը լինի, սակայն երբ «Ակունք» համույթը Դերսիմում բեմ դուրս եկավ, մարդիկ տեսան և հասկացան, որ նրանք մեզանից ոչնչով չեն տարբերվում, չէ որ հայերը հեռվից չեն եկել, նրանք այս հողի ժողովուրդն են, նրանք մեր մի մասն են, նրանք մեր հարևաններն են, ովքեր ապրում էին մեզ հետ: Այդ օտարացումը սկզբում տեղի է ունեցել պետական համակարգի վարած քաղաքականության շնորհիվ, բայց խնդիրն այն է, որ մարդիկ ընդունում են այն, ինչ նրանց պարտադրում են: Եվ հենց այստեղ կարող է դրսևորվել մեր երաժշտության ուժը` փոքրիկ երգով կարող ես հիշեցնել հազարամյակների մասին: Երբ դերսիմցիները լսում են Փեթակ ձայնասկավառակը, նրանք հիշում են իրենց հարևաններին:
Ես ցանկանում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր նախքան մեզ ապրել են այս հողի վրա: Նրանք վճարել են իրենց գինը: Այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Հրանտ Դինքը, բավականին մեծ գին են վճարել: (...) Այն բարեկամությունը, որ մենք ցանկանում ենք տեսնել մեր ժողովուրդների միջև, մենք չէ, որ հաստատել ենք, այն հաստատվել էր մինչև մեզ` Դերսիմի բնակիչների կողմից և դա հաստատված է պատմական փաստերով: Իսկ մենք ընդամենը ճանապարհորդներ ենք, որ հետևում ենք այս բարեկամական ուղուն: Մենք ցանկացանք, որ մարդիկ հիշեն այն բարեկամական հարաբերությունները, որոնք մեկ դար է ինչ սառեցվել են: (...)
Միքայիլը Ասլանը հանրաճանաչ և տաղանդավոր երաժիշտ է Թուրքիայից, ծնվել է 1972 թվականին Դերսիմում զազա ընտանիքում (էթնիկ փոքրամասնություն Թուրքիայում): Քաղաքական դրդապատճառներից ելնելով`նա ստիպված է լինում թողնել ուսումը համալսարանում և Թուրքիայից մեկնել Գերմանիա, և 1995թ. սկսած իր երաժշտական գործունեությունը նա շարունակում է այնտեղ: 1999թ. սկսում է ձայնասկավառակներ թողարկել զազա լեզվով: 2010 թվականին նա ձայնասկավառակ է թողարկում Դերսիմի հայերի ժողովրդական երգերով: Չորս տարի շարունակ երաժիշտը աշխատել է ձայնասկավառակի վրա` մանրակրկիտ կերպով հավաքելով հին մեղեդիններն ու երգերը:
Մեկնաբանություններ