Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Սպահան`  հայոց քրիստոնեության և պարսկական իսլամի հակադրության ներդաշնակություն
Մշակույթ

Սպահան` հայոց քրիստոնեության և պարսկական իսլամի հակադրության ներդաշնակություն

Շապիկի նկարը՝ Tobi Gaulke

Աներևակայելի ջանքեր է անհրաժեշտ գործադրել Սպահան քաղաքի պատմությունը մեկ հոդվածում զետեղելու և այն կարդացողին համառոտ ներկայացնելու համար:  Իրանը, այդ երկրի հետ առնչություն չունեցող մարդկանց համար, զուգորդվում է արևելյան հեքիաթների և խորհրդավորություն ներշնչող աուրայի հետ:  Բնավ ոչ անհիմն:   Իսկ Սպահանը, հավանաբար, մեծ Իրանի այն մասերից մեկն է, որն էլ ապահովում է այդ հեքիաթային գունագեղության, կոլորիտի ոգին:  Երբեմնի հետաքրքրասեր եվրոպացի ճանապարհորդները, ում հաջողվել է լինել այդ քաղաքում, զարմացած բացականչում էին, թե «տեսնել Սպահանը, նույնն է, ինչ տեսնել աշխարհի կեսը», և քաղաքին ամրագրվել է Նեսֆ-ե Ջեհան անվանումը` «աշխարհի կեսը»:   Համարձակ հայտարարություն է, այնպես չէ՞:  Եկեք փորձենք հիմնավորել այն:   

Ո՞րտեղից են զբոսաշրջիկները սովորաբար սկսում իրենց զբոսանքները նոր քաղաքում: Ճիշտ է` կենտրոնական մասից:  Գրեթե բոլոր ճանապարհորդները, հատկապես պատկառազդու քաղաքներով գայթակղվածները ասում են, որ առաջին հայացքից քաղաքը բացարձակապես  ուշադրություն չի գրավում:

Արդարև, Սպահանում չեք հանդիպի եվրոպական հարմարավետ բակերի և փողոցների փայլը, չեք հանդիպի աղյուսների և սալիկների կոկիկ դասավորվածություն և շենքերի ճակատներին  կախված ծաղիկներ ու բույսեր: Սպահանը դա մի քաղաք է, որտեղ պետք է բառից բուն և փոխաբերական իմաստով ընկղմվել, որպեսզի ծանոթանաս նրա հմայքին:   

Ինչպես բոլոր հին քաղաքները` Սպահանը բազմիցս ենթարկվել է բռնազավթումների և եղել է բազմաթիվ կայսրությունների և թագավորությունների կազմում, սակայն իր ծաղկման գագաթնակետին նա հասնում է Սեֆյանների դինաստիայի կառավարման օրոք, իսկ ավելի կոնկրետ շահ Աբբաս I Մեծի (1587-1629) օրոք, որը այն դարձնում է իր կայսրության մայրաքաղաքը (մայրաքաղաքի կարգավիճակում այն գոյություն է ունեցել ավելի քան հարյուր տարի) և այն կառուցում է արևելյան մահմեդական քաղաքներին բնորոշ գունագեղությամբ` մզկիթներ, ուսումնական հաստատություններ, շուկաներ, և իհարկե հայտնի պարսկական բաղնիքներ:  Սպահանը դառնումէ Պարսկաստանի խոշորագույն քաղաքը` ավելի քան կես միլիոն բնակչությամբ:

Սպահանի դինամիկ զարգացմանը վերջ տվեցին աֆղանական ցեղերի ավերիչ ասպատակությունները, որոնք իսլամական մայրաքաղաքի շքեղությունը անբարոյականություն էին համարում:  Այդ ժամանակից ի վեր Սպահանը կորցնում է իր երբեմնի շքեղության մեծ մասը և մայրաքաղաքի կարգավիճակը, սակայն, այնուամենայնիվ, նրան հաջողվում է «վեր հառնել մոխրից» և այսօր այն մեծությամբ երրորդ քաղաքն է Իրանում, որը պատմելու և ցուցադրելու շատ բաներ ունի նույնիսկ ամենատես ճանապարհորդին:

Շահ Աբբասի կառավարման ոսկե դարը բավականին մեծ հարստություն է թողել Սպահանին, և այստեղ առանձին ու վեհաշուք վեր են խոյանում հինավուրց շինություններ, որոնք ավելի քան չորս դարվա պատմություն ունեն:  Օրինակ` Սպահանի «Աշխարհի կեսը» անվանման գլխավոր մեղավորը Իմամի ընդարձակ հրապարակն է:  Միջին դարերում այն լի էր տարբեր ազգերի անթիվ աղմկոտ առևտրականներով, որը իրավամբ Սպահանը դարձնում էր աշխույժ կենտրոն, որի առևտրային հրապարակում կարելի էր տեսնել և ձեռք բերել ցանկացած իր:   Իմամի հրապարակի մոտ է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ մզկիթը (այո, նրան հենց այդպես էլ անվանում են) – Շահի մզկիթը, որը ոչ միայն ապշեցնում է իր գեղեցկությամբ և վեհությամբ, այլ նաև նրանով, թե ինչ մանրակրկիտ աշխատանքներ են իրականացվել նրա յուրաքանչյուր սանտիմետրի վրա  երեսուն տարվա շինարարության ընթացքում:  Եվ' հրապարակը, և' մզկիթը ներառված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

 Շահի մզկիթ / Alexis Gouin

Իմամի հրապարակ / Alexis Gouin

Շահ Աբբասը հյատնի ոչ միայն նրանով, որ վերակենդանացրել է Սպահանը, այլ նաև նրանով, այս քաղաքում վերաբնակեցրել է հազարավոր հայերի «հանուն մեր երկրի բարգավաճման և մեր բնակչության աճի», որոնք կոմպակտ կերպով հիմնավորվեցին Նոր Ջուլֆա, իսկ հայերեն Նոր Ջուղա թաղամասում:  Թարգմանվում է որպես «Նոր Ջուղա», նոր որովհետև գորյություն ունի հին Ջուղա քաղաքը, որը գտնվում է Իրանի ամենահյուսիսում և բաժանված է իրանա-ադրբեջանական սահմանով:  Հենց այս քաղաքից, որը ժամանակին եղել է Մեծ Հայքի մի մասը, շահ Աբբասը 1604 թվականին օսմանյան-պարսկական պատերազմի ժամանակ ողջ հայ բնակչությանը վերաբնակեցրեց «պարսիկների երկրում»:   Այսպիսով` շահը հոգաց այն մասին, որպեսզի Սպահանի (և ամբողջ Իրանի) ամենախոշոր էթնիկ կրոնական փոքրամասնությունը լինեն հայերը:  Շահը չսխալվեց.  հայերը Նոր Ջուղան փաստացի դարձրեցին քաղաք քաղաքի մեջ` դարձնելով այն խոշորագույն առևտրային կենտրոն, որը կապում է Ջուլֆայի հայ վաճառականներին աշխարհի տարբեր առևտրային քաղաքների հետ` Եվրոպայից մինչև Չինաստան:  Նոր Ջուղան այսօր ևս տարբերվում է Սպահանի մյուս իսլամական մասից` որոշ տեղերում կարելի է հանդիպել բաց, գեղեցիկ պատշգամբների, խանութներում վաճառվում է ալկոհոլ, որն արգելված է իսլամով: «Ոգելից խմիչքի օգտագործումը հայերի ունեցած արտոնություններից մեկն է, որը նրանց տրվել է դեռևս շահ Աբբաս Մեծի օրոք.  Խորամանկ վերաբնակիչները ասացին, որ ալկոհոլը նրանց հարկավոր է կրոնական պաշտամունքի համար»: – գրում է ճանապարհորդներից մեկը:  Հայկական թաղամասում կենցաղը մի փոքր տարբեր է, և զբոսաշրջիկները կարող են ոչ միայն ոգելից խմիչքներ վայելել, այլև ցերեկը նստել սրճարաններում, որոնք Իրանում փակ են լինում կրոնական տոների ժամանակ:   

Հայկական թաղամաս / Narcotica

Պատշգամբներ հայկական թաղամասում / paattravel.ru

Սակայն ամենագլխավորը, որի համար արժե այցելել հայկական թաղամաս, դա տաճարներն են:   Ավելին` մի փոքրիկ թաղամասում կարելի է հաշվել տասներեք տաճար` թաքնված հետաքրքրասերների աչքից փողոցներում և բնակելի բակերում:  Անգամ Իրանի հայերի գլխավոր տեսարժան վայրը` սբ. Քրիստոս Ամենափրկիչ տաճարն է (ժողովրդի շրջանում տարածված – Վանք եկեղեցին) արտաքին տեսքից բացարձակ ակնառու չէ և թաքցված է բարձր քարե ցանկապատի ետևում, և երբեք չես կարող ակնկալել, որ այդպիսի համեստ արտաքինով տաճարը իր ներսում այդպիսի  շքեղություն է պարունակում:     

Վանք եկեղեցին` ներսից / Feng Wei

Տաճարի բակում է գտնվում արքեպիսկոպոս- տպագրական արդյունաբերության հիմնադիր Խաչատուր Կեսարացու հուշարձանը:  Այո', Իրանում առաջին տպագրական հաստոցը հայտնվել է Նոր Ջուլֆայի հայերի շնորհիվ, իսկ մահմեդական երկրում առաջին տպագիր գիրքը եղել է քրիստոնեական` «Դավթի սաղմոսները» և տպագրվել է հայերեն լեզվով: 

 Գիրք Վանք Եկեղեցուց  / Linda Polik  

1636 թ Սաղմոսարան, Նոր Ջուղա /  Julianna Lees

Սակայն բոլոր եկեղեցիներում չէ, որ կա ներքին և արտաքին այսպիսի զարմանահրաշ հակադրություն:  Օրինակ Սբ. Գրիգոր տաճարը այս առումով բավականին համեստ և նույնիսկ խիստ տեսք ունի:  Իմիջիայլոց, շատ հայկական եկեղեցիներ մուտք գործելու համար պետք է ջանք գործադրել, քանի որ դրանք հատուկ բաց չեն զբոսաշրջիկների համար:

Սբ. Գրիգոր եկեղեցին` ներսից / ipaattravel.ru

Սպահանը զարմանահրաշ քաղաք է, և Իրանը իսկապես հասկանալու համար` անհրաժեշտ է այցելել հենց այս քաղաքը:  Նրա ձգողական ուժը այն ժառանգության մեջ է, որը պատմությունը փոշոտ փողոցների մեջ թողել է մարդկանց, ինչպես նաև այդ ուժը մարդկանց մեջ է, ովքեր հոգատարությամբ պահպանում են այդ ժառանգությունը:  Դա կավե շինությունների պարզությունն է ի հակադրություն միջնադարյան մզկիթների, եկեղեցիների և պալատների ճոխության:  Դա պահպանողական իսլամն է, որն իր մեջ պահպանում է քրիստոնեական սրբավայրեր:  Դա ժամանակի ոգին է, որը կարծես այստեղ որոշել է կանգ առնել:   

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո