Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հին հայկական օրենքները և Մխիթար Գոշը
Հուշ

Հին հայկական օրենքները և Մխիթար Գոշը

Միջնադարյան Հայաստանը կազմված էր անջատ-անջատ պետական միավորումներից, որոնք գործում էին առանց մեկ միասնական կենտրոնական կառավարման: Հայ հասարակությունը, որն իր էությամբ ավելի հիշեցնում էր ավատատիրական տիպի հասարակություն, սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների կարգավորման համար օգտվում էր այլ ազգերի (ավելի հաճախ իսլամական օրենքների ժողովածուներից) օրենսդրական փաստաթղթերից:

Իրավիճակը փոխելու փորձեր է կատարում Մխիթար Գոշը՝ Միջնադարի հայ իրավաքաղաքական մտքի ամենակարկառուն ներկայացուցիչը, XII-XIII դդ. աստվածաբան ու քահանա: Պատմության մեջ նա հայտնի դարձավ իր կազմած իրավական փաստաթղթով, որն առաջինն էր հայ իրականության մեջ: Հարկավոր էր ունենալ սեփական քրիստոնեական դատարանը, հատկապես Հայաստանի այն շրջաններում, որոնք գտնվում էին մուսուլմանական էմիրների վերահսկողության տակ: Իր Դատաստանագրքով Մխիթար Գոշը փորձում է վերաստեղծել մեկ միասնական ազգային պետականություն ստեղծելու մասին գաղափարը և հիմքեր ստեղծել առանձին իշխանություններին  միասնական թագավորության մեջ միավորելու համար:

Չնայած նրան, որ Մխիթար Գոշը եղել է հոգևոր դասի ներկայացուցիչ, նա ունեցել է շատ ճկուն քաղաքական ու իրավական մտածողություն, որի շնորհիվ ստեղծել է այն ժամանակի համար հիրավի առաջադեմ օրենքների ժողովածու: Գոշը տարբերվում էր այլ հոգևորականներից նրանով, որ մարդկանց անհավասարության պատճառ էր համարում ոչ միայն մարդկային հանցալի էությունը, այլ սոցիալ-տնտեսական գործոնները: «Արարիչը մարդկանց ստեղծել է ազատ,- գրում է նա: - Տերերից կախումն առաջացել է հողի ու ջրի պակասից»:

Հայտնի է, որ անտիկ դարաշրջանում ու միջնադարում օրենքը պաշտպանել է մարդկանց իրավունքները ըստ իրենց սոցիալական դիրքի, մինչդեռ Մխիթար Գոշը հայոց պետության բոլոր հպատակներին շնորհում է հավասարություն օրենքի առջև: Նրան հաջողվում է նաև ընդլայնել ծառաների ազատությունները:

Շինականների մասին. Ազատ արարչից եղան մարդկային բռնությունները, որպեսզի ծառայեն տերերին՝ հողից ու ջրից պիտանի արդյունք ստանալու համար: Եվ նրանք, որ հող ու ջուր չունեն, նրանք ազատ են և ուր որ կամենում են, այնտեղ էլ կարող են գնալ բնակվել: Եվ թագաավորներին կամ իշխաններին իրավունք չի տրվում որևէ մեկին բռնադատել մնալու մի գյուղում կամ երկրում:

Տերերի կողմից շինականների վնասվելու մասին. Իշխանները և այլոք, եթե ավելի դատեն նրանց, ովքեր իրենց ձեռքի տակ են և եթե լինի այնպես, որ պատժվողը մեռնի, ապա արյան գին առնեն իշխաններից և տան մեռնողի հարազատներին կամ ազգակիցներին: Եվ եթե պատժվողի ձեռքը կամ ոտքը կոտրվի, ապա տան գինը, իսկ եթե բժշկելի լինի՝ նաև բժիշկի վարձերը վճարեն և վճարեն մարմնի անդամը խեղելու դիմաց:

Ծառաներին ըստ օրենքի ազատելու մասին. Եթե պատահի, որ քրիստոնյան քրիստոնյային ծառա գնա, թող ազատ դառնա հենց որ իր գնի համեմատ ծառայի:

Դատավորների մասին. Եթե դատավորները դատավորի աստիճան ունեն և դատաստան անելու իրավունք, եթե թերանան իրենց պարտավորությունների մեջ, և պարտավորեցնեն արդարին, իսկ պարտավորին արդարեցնեն, այլևս չթողնվեն դատավարության կարգի մեջ:

Գոշի Դատաստանագրքում կարևորություն է տրվում քաղաքական իշխանությանը (այն պահին՝ արքայական) հիմնվելով այն գաղափարի վրա, թե պետության ուժը նրա կենտրոնացված լինելու, բոլոր ավատատիրական տերությունները մեկ միասնական իրավաքաղաքական և առևտրական համակարգում միավորելու մեջ է: Դատաստանագրքում Մխիթար Գոշն ուսումնաիսրում է բոլոր խնդիրներն ու հարցերը, որոնք կարող են ծագել մեկ միասնական թագավորության ստեղծման դեպքում:

Թագավորներին աքսորելու մասին. Թագավորները, որ Աստծուց են կարգված, որպես որ Իսրայելում էր, Աստծով էլ հանվում են կամ աքսորվում, իսկ եթե մարդկանցից են նշանակված, ապա նրանց կողմից էլ աքսորվում են: Եթե իշխանի թագավորեցնեն և նա ոչ ըստ արժանվույն վարի թագավորությունը, կարգողների մողմից էլ կաքսորվի, իսկ եթե թագավորությունը սեփական լինի՝ հորից անցնելով որդուն: Իսկ իշխանը, որին թագավորն է իշխան կարգում, նրա կողմից էլ կաքսորվի կամ կխրատվի:

Սահմանների մասին, թե որպես է դրվում. Շրջանների միջև սահմանները որոշվում են լեռներով, գետերով ու պատմական հուշարձաններով: Նույն կերպ որոշվում են նաև սահմանները բնակավայրերի միջև: Երկու-երեք շրջանների միջև գտնվող բնակավայրերը բաժանվում են ըստ դրանց մեծության: Նույն կերպ են բաժանվում նաև բնակավայրերի սահմանների մեջ ընկած դաշտերը, ինչպես նաև դաշտերի սահմանների մեջ աճող ծառները:

Հողը վաճառողների ու գնողների մասին.  Եթե կալվածքը աղքատության պատճառով է վաճառվել, թող նրա ազգուտոհմը իրավունք ունենա այն հետ գնել մինչև յոթ տարի ժամկետը: Իսկ եթե չկարողանա փրկել յոթ տարում, ապա այդժամ միայն վաճառքը հաստատվի: Բայց եթե վաճառքը ոչ թե աղքատության, այլ ուրիշ պատճառով է, թող այն վերջնական համարվի հենց գործարքի իրականացման նույն տարին:

Նոր գյուղ կառուցողների մասին. Եվ երբ նոր գյուղ սարքեք, արժան չէ առանց բավականաչափ բնակչություն հավաքելու հողի ու ջրի սահմանների բաժանումը հաստատել: Միայն երբ բնակիչներին հավաքեք, այդժամ բաժանումը հաստատեք: Իսկ եթե ավերակ գյուղ է վերակառուցվում ու շատ հին չէ, ապա, յուրաքանչյուրին անդաստանի սահմաններ հատկացնելուց առաջ , դիտեք արդեն եղած սահմանները և ըստ առաջին բնակիչների դրած սահմանների բաժանումն արեք: Իսկ եթե վերաակառուցվող գյուղը հին ժամանակների է ու սահմանները չեն երևում, և տերերի փոփոխություն է եղել, ապա նոր բաժանումը հավասարադատությամբ անել՝ նախ եկեղեցունը և ապա մյուսներինը, իսկ նրան, ով որ գյուղի գլխավորը լինի, մի բաժին ավել տալ, այն բանի համար, որ հոգում է մյուսներին էլ:

Պետությանը վերաբերող ընդհանուր խնդիրներից բացի, Գոշը ուսումնասիրում է նաև հասարակ ժողովրդի սոցիալական խնդիրները, որոնց կարգավորումը նույնպես ամրագրված է եղել նրա Դատաստանագրքում: Հատուկ ուշադրության է արժանացել ժառանգության իրավունքը և այն ստանալու կանոնները, որոնցում հատուկ ընդգծված է որդիների հետ հավասար դուստրերի ժառանգություն ստանալու իրավունքը:

Կանանց ու տղամարդկանց ամլության մասին: Այրն իրավունք չունի իր կնոջը թողնելու նրա ամլության պատճառով: Հարկ է պարզել, թե ինչից է ամլությունը. Եթե այն հիվանդությունից է, հարկ է այն բուժել, իսկ եթե ի ծնե է, պետք է համակերպվել: Բայց եթե կինը տեսնում է իր ամուսնու տանջանքներն ու տխրությունը, կարող է թողնել իր ամուսնանա. Թող նա նոր կին բերի, բայց այն պայմանով, որ չպահի ամուլ կնոջն ու նոր կնոջը միասին: Նույն կերպ հարկ է վարվել նաև տղամարդկանց դեպքում: Եթե կինը  չի ցանկանում ամուսնանալ մեկ ուրիշի հետ, ամուսինը պարտավոր է պահել նրան այլ տանը մինչը կյանքի վերջ: Բայց եթե այրը նախօրոք գիտեր կնոջ ամլության մասին և ամուսնացել է նրա հետ, ուրեմն նրանք անբաժան են մինչ մահ:

Նրանց մասին, ովքեր բամբասում են իրենց կանանց, թե կույս չեն գտել. Եթե մեկը կին առնի և նրան ատի, ստությամբ բամբասելով, թե կույս չէր աղջիկը, թող կանանց ձեռքով քննություն անեն, և եթե այրը ստում է, խրատեն նրան՝ գանելով նրանից և տուգանեն 100 դրամ արծաթով, ըստ օրենքների և նրան մնա իր կինը, առանց բաժանելու: Իսկ եթե ճշմարիտ լինի տղամարդը, աղջիկն ըստ օրենքի, մահվան է արժանի, բաըց մենք տալիս ենք հետևյալ կարգադրությունը. նմանին բաժանիր տղամարդուց, սակայն եթե կամենան, թող միասին բնակվեն, որովհետև բազում վրիպությունների հետ են կապված կույսերի գործերը: Եվ քանի որ տղամարդու տանը չէ, որ եղել է այդ անարգությունը, այրը թե արձակի նմանին, թող ամուսնանա այլ կնոջ հետ և կինն էլ այլ տղամարդ առնի, քանի որ իր ամուսնու օրենքի մեջ չէր, երբ շնացավ:

Հայրական ժառանգությունը որդիների միջև բաժանողների մասին. Ակնհայտ է, որ հոր մահից հետո ժառանգում է որդին, եթե նա ողջ է: Եթե մեռնող մարդը որդի չի ունենում, նրա ժառանգությունը պետք է անցնի իր դտսերը, այն որ տանն է ու անպսակ է: Եթե նա դուստր չունի, նրա ժառանգությունը տվեք իր եղբորը: Եթե եղբայր էլ չունի, նրա ժառանգությունը տվեք իր հորեղբորը: Եվ եթե հորեղբայր էլ չլինի, որ ժառանգի, այդժամ նրա հոր ցեղից ընտանի մի մերձավոր ժառանգի: Իսկ եթե պսակված աղջիկը կամենա իր որդիներով ու ամուսնու հետ գալ և հայրականը ժառանգել, նրանցը լինի և ոչ եղբորը այն դեպքում, երբ եղբայրը որդի չունենա, իսկ եթե չկամենա գալ, առնի թող դստեր համար սահմանված բաժինը և ժառանգությունը եղբորինը լինի: Եվ ընտանիքի մերձավոր ենք համարում նրանց, ովքեր մինչև չորրորդ զարմն են: Իսկ չորրորդից հետո ժառանգներ չեն, իսկ ժառանգության վիճակն այդ դեպքում մնում է, որ դատավորները որոշեն:

Այն մասին, որ նոր կին առնողը պարտավոր չէ պատերազմ գնալ.  Մարդասեր է Աստված և կամենում է, որ չլինի թե պատերազմի մեջ մարդն ընկնի և սուգ լինի տարաժամ. այս բանի համար սրանք՝ պատերազմին չմասնակցող նոր ամուսնացողները, անմեղադրելի են միանգամայն և ճշմարիտ չէ ճակատ տալ կամ երկբայել այս պատվերը: Այս իրավունքը հարկ է պահել զորավարներին իրենց բոլոր զորքերում:

Այն մասին, որ հայրերը պարտավոր չեն մեռնել որդիների փոխարեն և ոչ էլ որդիները ՝ հայրերի.  Թող հայրերը չմեռնեն իրենց որդիների փոխարեն և ոչ էլ որդիներն իրենց հայրերի: Յուրաքանչյուրը պիտի մեռնի իր գործած մահացուն հանցանքի համար: Դատավորները, երբ չկարողանան մահապարտ որդուն բռնել, իրավունք չունեն հորը կալանել կամ նրան մահվան դատապարտել:

Որդիներին և դուստրերին ժառանգության բաժանման մասին.  Հաստատվում է, որ երկու դստերը մեկ որդու չափով ժառանգություն տրվի: Սակայն, հարկ է դիտել, որ խոսքը ամուսնացած դստրերի մասին է , և ոչ տանը գտնվող, որ եղբորն հավասար բաժին է առնում.. իսկ երբ որդի չլինի, դուտրն է դառնում ժառանգորդ: Երկու ամուսնացած դստեր բաժնի չափ է մեկ եղբոր բաժինը, այն որդու, որ տանն է: Դստեր որդին ժառանգություն չի ստանում և ոչ էլ մասն է ստանում, բայց ժառանգություն թողնողը, քանի դեռ կենդանի է, կարող է գրով ժառանգություն թողնել նրան: Ժառանգորդներ չեն ոչ մոր եղբայրը, ոչ էլ նրա որդին և ոչ էլ քրոջ որդին, և ոչ էլ մորաքույրը կամ նրա որդին:  Իսկ այնժամ երբ տունը գտնվող դուստրը ժառանգի, այդժամ հորեղբայրն ու նրա որդին չեն կարող ոչ ժառանգություն և ոչ էլ մաս ստանալ: Ապա թե դուստրը այր առնի, այդժամ հորեղբայրը մաս կառնի, սակայն ոչ հորեղբոր որդին..

Այն մասին, թե քանի տարեկան պիտի լինի տղան, որ բաժին առնի. Եթե կինը հղի է, ու պատահի, որ այրը մեռնի, դատավորնեը թող սպասեն մինչև երեխան ծնվի, և նրա ծննդից հետո թող ժառանագությունը հաստատեն: Եվ եթե նույն օրն իսկ, որ կինը ծնեց, այրը մեռնի, մանուկը ՝ ժառանգ է, և մանկանից թող ուրիշները ժառանգեն: Եվ եթե մայրը մանկան մեռնի ծննդյան ժամանակ, թե հետո թե նույն օրը, մանուկը մոր ժառանգն է:  Ինչպես ասվել է, որդիներն ու դստրերն են ժառանգները, և եթե նրանք չլինեն, հայրը ՝ ում որ կամենա, թող ժառանգեցնե: Այլ, եթե մահվան ժամանակ մեկը չհաստատեց կտակը, ապա տոհմի մերձավորները և ոչ հեռավորները ժառանգեն:

Հաշմ զավակների մասին. Եթե պատահի, որ զավակը հաշմ լինի, ամբողջովին անմիտ, այդպիսինը ժառանգ չի համարվում, քանի որ ոչինչ չգիտի, որով հայրական ժառանգությունը գործի մեջ դնի: Իսկ եթե հետագայում ախտը բժշկելի լինի, թե առողջանա, այդժամ նոր թող ժառանգորդ դառնա, իսկ եթե ոչ, ովքեր որ ժառանգներն են, նրանք էլ հանձն առնեն նրա խնամքը մինչև ի մահ: Իսկ եթե այլազգին լինի կույր կամ կաղ, կամ բորոտ, բայց իմաստուն, կարող են հայրականը ժառանգել:

Հարսների օժիտի մասին. Եղբայրների մեջ ժառանգությունը կիսելուց առաջ, հարկ է սկզբից որոշել հարսնացուի օժիտը, և ամենքին իրեն բաժինը հատկացնել և հետո նոր ժառանգությունը կիսել:

Չնայած որ Դատաստանագիրքը Մխիթար Գոշի անձնական մտահղացումն էր, այն բացառիկ կարևորություն ունեցավ հետագայում: Նա համարում էր, որ Դատաստանագիրքը ենթակա է անըդհատ փոփոխության, քանի որ իրավական հարաբերությունները նույնպես անընդհատ զարգանում են և դա պետք է միշտ հաշվի առնել. նա կոչ էր անում աշխատել և կատարելագործել այն ժամանակի ընթացքում: Դատաստանագիրքը կիրառվել է ոչ միայն պատմական Հայաստանում, Կիլիկիայում այլ Լեհաստանի, Ղրիմի, Վրաստանի ու Ռուսաստանի հայկական գաղթօջախներում: Վրացերեն թարգմանվելուց հետո, այն ներառված է եղել Վախթանգ արքայի օրենսդրության մեջ, իսկ հետո նաև Ռուսական կայսրության օրենսդրության մեջ: Միջնադարում այն թարգմանվել է նաև լատիներեն և ղպտերեն:

Մխիթար Գոշ / Լուսանկարը՝ Harout Tanelian

 

Աղբյուր՝ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը. Երևան, 1954

 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո