Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հովսեփ Էմինը և նրա պայքարը հանուն հայ ժողովրդի ազատագրման
Հուշ

Հովսեփ Էմինը և նրա պայքարը հանուն հայ ժողովրդի ազատագրման

Հայկական լեռնաշխարհը քաղաքակրթությունների սահմանագծին գտնվելու յուրահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ մշտապես եղել է զավթողական նվաճումների, արյունալի պատերազմների կենտրոնում, որոնց ընթացքում հայերը պարբերաբար զրկվում էին պետականությունից և ստիպված էին դարեր շարունակ հանդուրժել օտարի լուծը: Զարմանալի չէ, որ ստեղծված իրավիճակը խթան է հանդիսացել այնպիսի ականավոր մարդկանց ծննդին, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են հանուն ազգային ազատագրական պայքարի:

1726 թվականին Իրանի Համադան քաղաքում, որն այդ ժամանակ գտնվում էր թուրքերի տիրապետության ներքո, հայ վաճառական Իոսիֆի ընտանիքում, ում նախնիները Հայաստանից այդ քաղաք են տեղափոխվել Շահ-Աբբասի թագավորության տարիներին, որդի է ծնվում, ում նախապապի պատվին անվանում են Հովսեփ: Իրանական իշխանությունների կողմից բռնություններն ու դրամաշորթումները ստիպում են ընտանիքին բնակության նոր վայր փնտրել: Մեծանալով օտարության մեջ և տարված լինելով հայերի ազատագրման գաղափարով՝ Հովսեփ Էմինը միայնակ փորձում էր Հնդկաստանից մինչև Եվրոպա համակարգել տարբեր ուժեր, որոնք կարող էին նպաստել իր գաղափարի իրականացմանը: 

Հնդկաստան՝ լավ կյանքի ետևից 

Փախչելով դժվարին կյանքից՝ Էմինի ընտանիքը տեղափոխվում է Հնդկաստան, որտեղ այդ ժամանակ արդեն բարգավաճում էր հայկական համայնքը: Հայերն այնտեղ լուրջ առևտրային կապիտալ ունեին, որի հետ ստիպված էին հաշվի նստել ավելի ուշ հնդկական ափերը հայտնաբերած անգլիացիները: Այս հեռավոր երկրի բարենպաստ պայմանները այստեղ են բերել բազմաթիվ հայ վաճառականների, որոնց մեջ էր նաև Էմինի հայրը: Նրանք բնակություն են հաստատում Կալկաթա քաղաքում, որտեղ արդեն գործում էր մեծ հայկական գաղութ:

Հնդկաստանը Էմինի առջև նոր աշխարհ է բացում: Այստեղ նա առաջին անգամ տեսնում է եվրոպացիների, ծանոթանում նրանց առաջադեմ տեխնիկայի, ռազմական արվեստի ու մշակույթի հետ: Այս ամենը երիտասարդի վրա թողնում է աննկարագրելի տպավորություն, և նա ձգտում է ճանաչել այդ աշխարհը ավելի մոտիկից, ձգտում է ստանալ գիտելիքներ և կրթվել: Գիտելիքի այս անհագուրդ ծարավը նրա մոտ համակցված էր հայրենասիրության ամենավեհ զգացումով, որն ավելի ու ավելի էր ներթափանցում նրա հոգու մեջ` վաղ տարիքից սկսած: Իր ժողովրդի ճնշման, բռնության և վշտի պատկերները, որոնք նա տեսել է մանուկ հասակում, ընդմիշտ մնացել են իր հիշողության մեջ: Նա տառապում էր իր ժողովրդի համար, ով, ինչպես ինքն էր գրում, գտնվում էր ստրկության և տգիտության մեջ այն պատճառով, որ նրանց հայրերը չեն պայքարել իրենց երկրի համար:

Իր նամակներից մեկում կարելի է կարդալ հետևյալը՝ «Ես որոշել եմ, որ կգնամ Եվրոպա ռազմական արվեստ և դրա համար անհրաժեշտ այլ գիտելիքներ սովորելու համար և համոզված եմ, որ, եթե մեկնեմ Հայաստան որպես եվրոպացի սպա, ապա կարող եմ ինչ որ չափով օգտակար լինել իմ երկրին»: Երիտասարդն արդեն այն ժամանակ լսել էր մելիքների մասին, ովքեր Արցախում ստեղծել էին կիսաանկախ իշխանություններ (մելիքություններ) և ոգևորվել էր նրանց խիզախությամբ և ազատասիրությամբ: Նա երազում էր գնալ նրանց մոտ և ուսուցանելով նրանց եվրոպական ռազմական վարպետություն՝ ազատել նրանց օգնությամբ իր ամբողջ հայրենիքը պարսիկների և թուրքերի լծից:

Հայրը կտրականապես չէր կիսում Էմինի նախասիրությունները, բայց դա երիտասարդին չկանգնեցրեց, նա, այնուամենայնիվ, մեկնում է Եվրոպա՝ մասնավորապես Անգլիա, համոզելով մի անգլիացի կապիտանի իրեն նավ վերցնել որպես յունգա: Հնդկաստանից Անգլիա ճանապարհը տևեց երկար ու ձիգ յոթ ամիս, որի ընթացքում Էմինը ստիպված էր ծանր աշխատանք կատարել նավի վրա և հանուրժել վատ վերաբերմունքն ու քամահրանքը: 

Ճանապարհորդություն դեպի Անգլիա 

Դժվար կյանքը շարունակվեց նաև Անգլիա ժամանելուց հետո՝ Էմինը երկար ժամանակ թափառականի կյանք էր վարում և ստիպված էր հացի գումար վաստակել ծանր աշխատանքի միջոցով: Գործերի այսկերպ ընթացքը արդարացնում էր միայն այն հանգամանքը, որ Էմինը հստակ գիտեր, թե ինչի համար է եկել և ինչի է ուզում հասնել: Նա զարմանալի հաստատակամությամբ և համառությամբ իր ուղին էր հարթում դեպի գիտելիքների աշխարհ, և դա ի վերջո ստիպեց բախտին դեմքով դառնալ դեպի նպատակասլաց երիտասարդի կողմը՝ երջանիկ պատահականությամբ նա ծանոթանում է նշանավոր մարդկանց հետ: 

Նրանցից մեկը պահպանողականության գաղափարախոսության նախահայր, ականավոր մտածող և պետական գործիչ Էդմունդ Բյորկն էր: Այն ժամանակ Էդմունդ Բյորկը ընդամենը քսանվեց տարեկան էր, և ինչպես Էմինը` նա նույնպես վերջերս էր տեղափոխվել Լոնդոն: Երիտասարդ Բյորկի խորը համակրանքը իր հասակակցի նկատմամբ միանգամայն հասկանալի էր: Նա մեծապես տպավորված էր այդ հայ երիտասարդի ուսման հանդեպ ձգտումով, որը նրան դրդեց թողնել հայրական տունն և ուղևորվել դեպի հեռավոր անհայտ մի երկիր: Նրանց ճակատագիրը ևս ուներ ընդհանրություններ՝ նա ևս փախել էր իր հորից: Այդ ժամանակ Բյորկը ապրում էր Լոնդոնում՝ անհասկանալի և դժվար նյութական պայմաններում: Նա Էմինի պես մեծ դժվարությամբ էր ճանապարհ հարթում իր համար դեպի Լոնոնի բարձրաշխարհիկ հասարակություն: 

Պահպանողականության նախահայր, քաղաքական գործիչ, փիլիսոփա Էդմունդ Բյորկ

Հաջորդ ծանոթությունը տեղի ունեցավ Էմինի կյանքում դժվար ժամանակահատվածում, երբ նա արդեն հուսահատվել էր և ցանկանում էր թողնել ամեն ինչ և վերադառնալ Հնդկաստան: Սակայն հենց այդ նույն ժամանակ նա հանդիպում է մի հայ երիտասարդի, ով Հալեպի վաճառականների հանձնարարությամբ Նորդումբերլենդի լորդի համար Լոնդոն էր բերել արաբական նժույգի: Երիտասարդը խնդրենց նրան իր հետ գնալ լորդի տուն, որպեսզի օգնի իրեն հաղորդակցվել սպասավորների հետ, քանի որ նա չէր տիրապետում անգլերեն լեզվին: Շուտով էմինին կանչում են Նորտումբերլենդի լորդի մոտ, ով լսելով Էմինի պատմությունը՝ առաջարկում է վերջինիս գրավոր շարադրել իր կյանքի պատմությունը: 

Տուն վերադառնալով՝ Էմինը առանց հապաղելու սկսում է շարադրել Նորտումբերլենդի կողմից նշված ուղերձը: Ուղերձում նա գրում է իր ծագման մասին, իր հայրենասիրական երազանքների մասին, պատմում Լոնդոնում իր փորձությունների և ձախողումների մասին: Վերջում նա նշում է, որ եթե Նորտումբերլենդը հաղորդի իր հորը, որ նա Լոնդոնում հայտնի հովանավոր ունի, ապա հայրը կհամաձայնի գումար տալ` Անգլիայում կրթություն ստանալու համար: 

Մի քանի օր անց Նորտումբերլենդը նրան կրկին կանչում է իր մոտ և ընդունում նրան մեծագույն ջերմությամբ և սիրալիրությամբ՝ հայտնելով իր որոշման մասին, որ այսուհետ նա կդառնա Էմինի հովանավորն ու պաշտպանը, ապա ավելացնում, որ նրանով հետաքրքվել է թագավորի որդի հերցոգ Կումբերենդը, ով ևս համաձայնվել է լինել նրա հովանին և խոստացել է կազմակերպել նրա ուսումը թագավորական ռազմական ակադեմիայում՝ Վուլվիչում: Նորտումբերլենդը իսկույն ներկայացրեց իր խնամարկյալին Լոնդոնի բարձրաստիճան հասարակությանը, նրա առջև բացեց դռներ դեպի արիստոկրատական տներ և սրահներ: Դա նրան դժվար չէր անել, քանզի Էմինի պատմությունը մեծ հետաքրքրություն էր առաջացնում իր ընկերների և ծանոթների շրջանում: Արևմուտքից եկած այդ անձը, ով այդքան ձգտում ուներ դեպի գիտելիքն ու մշակույթը և երազում էր դառնալ իր հեռավոր հայրենիքի ազատագրողը, էկզոտիկ անձնավորություն էր և սկզբնական շրջանում նրանով հետաքրքրվում էին որպես «հազվադեպ հանդիպվող նմուշի»: Սակայն այնուամենայնիվ, Էմինը Լոնդոնի բարձրաշխարհիկ հասարակությունում հասավ կատարյալ հաջողության: 

Կումբերենդի հերցոգը կատարում է իր խոստումը և շուտով Էմինին տեղավորում է Վուլվիչի ռազմական ակադեմիայում՝ ուսուցանելու հրետանու աշխատանք և սահմանային ամրաշինության արվեստ: 

Վուլվիչի ակադեմիայում, սակայն, Էմինը սովորեց ընդամենը տասներեք ամիս: Ռազմա-քաղաքական իրադարձությունները, որոնց մասնակցում էր նաև նրա հովանավոր հերցոգ Կումբերենդը, շուտով ստիպեցին նրան դադարեցնել ուսուցումը: Նա որոշում է հետևել իր հովանավորին և մասնակցում է ռազմական գործողություններին: Այդ ընթացքում Էդմունդ Բյորկը իր նամակներից մեկում գրում է Էմինին, որ իր դեպքը հատուկ է, որ իր առջև դրված խնդիրը ոչ թե սովորական ռազմական կարիերան է, այլ իր գիտելիքներն ու ունակությունները իր հայրենակիցներին ցույց տալու հնարավորություն: 

Էմինը բարձրաստիճան անձանց հետ ծանոթության ամենասկզբից փորձում է օգտագործել իրեն ընձեռնված հնարավորությունները: Նա գրում է չորս նամակ՝ Կալկաթայի նահանգապետին, իր հորը, Կալկաթայի հայերին և վրաց թագավոր Հերակլին: Հորն ուղղված նամակում նա պատմում է Անգլիայում իր կյանքի մասին, ռազմական կարիերա ձեռք բերելու ցանկության մասին՝ հանուն հայերի պայքարի ընդդեմ կեղեքիչների, իր հովանավորների և ձեռքբերումների մասին: Էմինը ցանկանում էր, որպեսզի հայրը իրեն ուղարկի իր մոտ պահպանված հինգ հարյուր ռուփին: 

Բավականին հետաքրքիր է Էմինի նամակը ուղղված վրաց թագավորին: Նախկինում հայ ժողովրդի ազատագրման գործում նա հենվում էր միայն Արցախի մելիքների վրա: Սակայն 1750-ական թվականներին Եվրոպայում տեղեկություններ են տարածվում Քարթլի և Կախեթիա վրացական պետությունների հզորացման մասին: 18-րդ դարի առաջին կեսին դրանք ընդամենը Իրանի լծի ներքո գտնվող վասալ իշխանություններ էին, սակայն օգտվելով Իրանի ներսում տեղի ունեցող խռովություններից` իշխանությունները կարողանում են զգալիորեն ամրապնդել իրենց դիրքերը: Վրաց թագավորին ուղղված իր նամակում Էմինը գրում է, որ մեծ հույսեր է կապում նրա հետ՝ ազատագրելու քրիստոնյաներին թուրքական լծից և հիշելով, որ նա սերում է Բագրատունյաց տոհմից՝ անվանում է Հերակլին «Վրաստանի և Հայաստանի թագավոր»: 

Էմինը մտադրություն ուներ ուղևորվել Հերակլի մոտ և վերակազմակերպել նրա բանակը եվրոպական բարձրագույն ստանդարտներին համապատասխան, առաջարկում էր թագավորին ամրապնդել իր թագավորությունը և նմանվել այլ եվրոպական տերություններին: Նա գրում էր, որ եթե Հերակլին հաջողվի իր իշխանության ներքո հավաքել բոլոր հայերին, ապա Արևելքի և ոչ մի թագավորություն չի լինի այդչափ հարուստ և փառահեղ: 

Հովսեփ Էմինը անգամ փորձում էր կապ հաստատել անգլիական կառավարության փաստացի նախագահ Ուիլյամ Փիթի հետ: Հենց այդ նույն ժամանակ նա նամակ է ստանում հորից, որում նա հաղորդում է, որ նրա կողմից ուղարկված նամակները մեծ ազդեցություն են թողել Կալկաթայի հայերի վրա: Կալկաթայի նահանգապետը ուղարկում է Էմինի նամակը Բասրայում (Իրաք) անգլիացի ներկայացուցչին, որպեսզի վերջինս այն ուղարկի Վրաստան: Այսպիսով Էմինը արժանանում է և՛ հոր, և՛ Կալկաթայի հայ համայնքի հավանությանն ու աջակցությանը: 

Բազմաթիվ փորձերից հետո Էմինին հաջողվում է հանդիպել Փիթի հետ, ով, ժպտալով, նկատեց, որ հատուկ երկար ժամանակ չէր ընդունում նրան՝ փորձելով նրա համառությունն ու ցանկությունը: Սակայն այն բոլոր նպատակներն ու քաղաքական երազանքները, որոնք ցանկանում էր իրագործել Էմինը հստակորեն հակասում էին բրիտանական արտաքին քաղաքականությանը, որին ընդհանրապես չէր հետաքրքրում Օսմանյան կայսրության իշխանության ներքո գտնվող հայկական գավառների ճակատագիրը: Այդ իսկ պատճառով Էմինի ջերմեռանդ ելույթը կարող էր ազդել Փիթի մարդ տեսակի վրա, բայց ոչ Փիթի՝ որպես քաղաքական գործչի: 

Ուիլյամ Փիթի հետ հանդիպելուց անմիջապես հետո Էմինը հասկանում է, որ սպասելու այլևս իմաստ չկա: Դրա մասին նրան հուշում է նաև Փիթը՝ խորհուրդ տալով «այլևս ժամանակ չկորցնել»: Այսպիսով Էմինը իր առաջին այցն է կատարում հայրենիք, որը նա վաղուց էր ծրագրում:    

Ուղեւորություն դեպի Հայաստան 

Իր ունեցած բազմաթիվ կապերի շնորհիվ Էմինի ձեռքում է հայտնվում կայսրության անձնագիր, որը թույլ է տալիս նրան անվտանգ ճանապարհորդել Օսմանյան կայսրությունում: Գտնվելով արեն Թուրքիայում, Էրզրումից ոչ հեռու, նա տեղեկանում է, որ մոտակա հայկական գյուղում գտնվում է թուրքական զինվորական ջոկատ: Նա որոշում է գնալ այնտեղ: 

Էրզրում

Այս պատմությունը կարևոր է Էմինի ուղևորության նպատակները հասկանալու տեսանկյունից: Գյուղի բնակիչները նրան թուրքի տեղ են դնում և անմիջապես տանում են գյուղապետի տուն, նրա համար ոչխար են մորթում և նույնիսկ մտադիր են լինում գումար առաջարկել: Օգտվելով առիթից՝ Էմինը հարց է ուղղում հավաքվածներին, թե ինչու նրանք՝ քրիստոնյաները ազատ չեն: Նրանք պատասխանում են, որ ազատությունը նրանց սպասում է ավելի լավ աշխարհում, իսկ այստեղ՝ երկրի վրա, նրանք պետք է ենթարկվեն մուսուլմաններին: Դրանից հետո Էմինը հանում է իր դիմակը և ասում, որ հայ է, և կոչ է անում նրանց պայքարել ազատության համար: Նա նրանց բերում է արևմտյան քրիստոնյաների օրինակը, ովքեր չեն հնազանդվել և պայքարել են հանուն իրենց ազատության: Տեղի քահանան սատարում է նրա թեժ կոչը՝ ասելով, որ Էմինն այն մարդն է, ով կազատի նրանց կեղեքիչներից: 

Արևմտյան Հայաստան ժամանելուց հետո, Էմինը ճանապարհ է ընկնում դեպի Արևելյան Հայաստան՝ մասնավորապես Էջմիածին: Էջմիածին ժամանելուց հետո նա խոր վշտով տեղեկացավ արցախցի քաջերից մեկի՝ խիզախ վարդապետ Ավագի մահվան մասին, ով հայտնի դարձավ տեղի իշխանների պատերազմի ժամանակ ընդդեմ Փանախ խանի: Այդ նորությունը ստիպեց նրան հրաժարվել Արցախ կատարվելիք այցից, որտեղ նա ցանկանում էր միանալ այդ վանականին, կազմակերպել զինվորական ջոկատ, իսկ այնուհետև մեկնել Հերակլ թագավորի մոտ՝ իր ծառայությունները մատուցելու առաջարկով: 

Էջմիածնում Էմինը ավելի մոտիկից ծանոթանում է Հարավային Կովկասում տիրող իրական վիճակին: Այստեղ էր, որ նա հստակ կերպով հասկացավ այն, ինչը արդեն որոշակի պատկերացնում էր հեռավոր Անգլիայում՝ որ հայերի ազատագրման համար անհրաժեշտ է Ռուսաստանի օգնությունը, որ անգամ հարևան Վրաստանի օգնությունը այս գործում հնարավոր կլինի ապահովել միայն այն դեպքում, եթե ունենանք Ռուսաստանի աջակցությունն ու հովանավորությունը: Նա որոշում է վերադառնալ Լոնդոն, որպեսզի մանրամասն պատրաստվի ուղևորությանը դեպի Ռուսաստան: 

Ուղևորություն դեպի Ռուսաստան

Պարզվեց՝ այդքան էլ հեշտ չէր մեկնել Ռուսաստան: Անհրաժեշտ էր ունենալ ոչ միայն անձնագիր, այլ նաև համապատասխան երաշխավորագրեր ուղղված Պետերբուրգի ռուս պետական գործիչներին և ազդեցիկ մարդկանց: Այս գործում Էմինին ևս օգնեցին իր անգլիացի ընկերները: Էմինին հաջողվում է ստանալ անձնագիր և երաշխավորագրեր ռուսաց դեսպան իշխան Գոլիցինից: Որպեսզի ստանա վերջինիս աջակցությունը՝ Էմինը նամակ է գրում նրան, որտեղ պատմում է իր կյանքի պատմությունը և իր պայքարի մասին՝ «Հուսով եմ, որ չեմ ընկնի Ձեր աչքից, եթե ասեմ, որ ես տառապել եմ միայն իմ հալածված հայ հայրենակիցների հանդեպ սիրուց»: Վերջում նա գրեց՝ «Իմ մտադրությունը նույնն է..., Ձերդ Գերազանցության երաշխավորագրով մեկնել Սանկտ-Պետերբուրգ, ներկայանալ Թամրազ Միրզային, որպեսզի նա ինձ ուղարկի իր որդու՝ վրաց իշխան Հերակլի մոտ, որպեսզի երջանիկ հնարավորություն ընձեռնվի ծառայել այդ հռչակավոր առաջնորդին, և բավականություն ու պատիվ ունենամ պայքարելու հանուն քրիստոնեական հավատքի և հանուն իմ հայրենակիցների ազատագրման: 

Այսպիսով՝ ընկերների աջակցությամբ և երաշխավորագրերով Էմինը մեկնում է Պետերբուրգ: Այնտեղ նա հանդիպում է ցարական իշխանության անդամների հետ, որոնցից մեկը կոնս Միխայիլ Վորոնցովն էր, ով Էմինին ընդունեց իր տանը: Ընդհանուր առմամբ ցարական իշխանությունները հավանություն են տալիս Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրման ծրագրին: Վորոնցովը իր անունից երաշխավորագիր է տալիս Էմինին՝ Հերակլ թագավորին ներկայացնելու համար: Ինչպես նաև նա նյութական օգնություն է ստանում Ռուսաստանի իր հայրենակից հայերից: Ինչպես և պլանավորել էր, Էմինին հաջողվում է նաև լավ հարաբերություններ հաստատել Թամրազ Միրզեի հետ: Վերջինս ամեն կերպ խրախուսում էր նրան՝ հույս հայտնելով, որ հայերը շուտով կմիանան վրացիներին, որպեսզի վերջապես իրենցից թոթափեն օտարի լուծը: Սակայն, մի քանի շաբաթ անց Թամրազ Միրզեն մահանում է: Դա մեծ դժբախտություն էր Էմինի համար, ով ապավինում էր նրա օգնությանն ու հովանուն: 

Կոնս Միխայիլ Վորոնցով

Անգլիացի ընկերները խորհուրդ էին տալիս Էմինին համալրել ռուսական զինվորական շարքերը, որը նրանց կարծիքով կարող էր վերջինիս համար գրավիչ հեռանկարներ բացել: Բայց նա անսասան էր՝ նա մտածում էր ոչ թե սեփական կարիերայի, այլ իր ժողովրդի ազատագրման համար, և այդ իսկ պատճառով ամեն կերպ փորձում էր գնալ Վրաստան և Հայաստան: 

Ուղևորություն դեպի Վրաստան 

Այն ժամանակվա Թբիլիսին գունագեղ և գեղեցիկ քաղաք էր և հանդիսանում էր տարածաշրջանի խոշորագույն առևտրային և արհեստագործական կենտրոնը: Թբիլիսի հասնելուն պես Էմինին տանում են հայ վաճառականի տուն: Արդեն մեկ շաբաթից տեղի է ունենում Էմինի հանդիպումը Հերակլ II թագավորի հետ: Հարկ է նշել, որ վրաց թագավորը քաջատեղյակ էր եվրոպական պետությունների ուժի և հզորության մասին, հետևաբար եվրոպական հմտությունների ընդօրինակումն ու կիրառումը հանուն երկրի բարօրության հանդիսանում էր իր առջև դրված հիմնական խնդիրներից մեկը: Հետևաբար լիովին հասկանալի է Հերակլի կողմից Էմինի Վրաստան այցը խրախուսելը: Անկասկած նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այս երիտասարդի անձի հանդեպ, ով կրթություն է ստացել Եվրոպայում և ռազմական գործ ուսանել Անգլիայում: Էմինը նրա աչքերում նախ և առաջ եվրոպացի կրթված ռազմական մասնագետ էր, ով կարող էր նրան շատ օգտակար լինել: Այն հանգամանքը, որ նա մի օտարական չէր, ով եկել էր որպես վարձկան ծառայելու իրեն, այլ մի հայ, ով ներշնչված անկեղծ միտումով պատրաստ է իր ուժն ու գիտելիքը բանեցնել ի օգուտ իրեն, ավելի է կարևորվում թագավորի կողմից: 

Վրաց թագավոր Հերակլ II

Այս թեման անմիջապես փակելու համար, ուղիղ ասենք, որ Հերակլը ի վիճակի չէր իրականացնել Էմինի քաղաքական ծրագիրը: Հերակլը զգուշանում էր դեռևս հզոր Օսմանյան կայսրությունից, և պատերազմի մեջ մտնել նրա հետ հանուն հայկական հողերի ազատագրման, նա բնավ չէր պատրաստվում: Ինչ վերաբերում է թուլացած պարսկական տերությանը՝ ապա չնայած իր փառասիրությանը, նա բավականին գոհ էր հարևան խանություններից ունեցած վասալ կախվածությունից: Դա և՛ քիչ հոգսաշատ էր, և՛ ավելի շահավետ նրա համար, քան այդ տարածքների անմիջական ենթակայությունը: 

Վրաստանում գտնվելու ժամանակ Էմինը լայն նամակագրական կապեր է ունեցել բոլոր նրանց հետ, ովքեր կարող էին օգնել իրեն իր պլանների իրականացման գործում: Նրա խոսքերից հայտնի է դառնում, որ դրանք Արցախի մելիքներն էին, մեկ այլ տեղ նա նշում է Սբ. Կարապետ (գտնվում է Մուշում) եկեղեցու վանահայր Հովնանի անունը: Նա ամեն կերպ աջակցում էր Էմինին: Նա Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքների հայտնի հայերի կոչ էչ անում միանալ Էմինին և ասում, որ բոլոր հայերը պատրաստ են զենք վերցնել և մարտնչել, անգամ կանայք: Հովնանը պահանջում էր միայն, որ Էմինը ներս խուժի այնտեղ վրաց թագավորի անունից գործող մի փոքր ջոկատի հետ միասին, քանի որ միայն այդ դեպքում կհասնեն հաջողության: Սակայն ինչպես արդեն նշեցինք, Հերակլը ընդհանրապես չէր ձգտում պատերազմ սկսել: Վերջիվերջո Էմինը հեռանում է Վրաստանից և սկսում ճանապարհորդել: 

Էմինը Արցախում

Նրա կովկասյան ճանապարհորդություններն ու արկածները ի վերջո Էմինին բերում են հայերի մոտ` Արցախ: 18-րդ դարում Արցախը իրենից ներկայացնում էր առանձին իշխանություններ, որոնք կոչվում էին Խամսայի մելիքություններ: Մելիքությունները ղեկավարում էին քաջարի և ազատատենչ մելիքները (իշխանները)` մշտապես պայքարելով պարսիկների և թուրքերի դեմ: Էմինի ծրագրերն ու գաղափարները արժանանում են նրանց հավանությանը, արցախցիները նրան ընդունում են գրկաբաց գրկախառնություններով: Էմինին հաջողվում է այնտեղ ցուցադրել իր ռազմական կարողությունները` օրինակ, նա օգնում է Գյուլիստանի մելիք Հովսեփին Գանձակի (Գյանջա) պարսից խանի դեմ պայքարում: Սակայն համազգային ապստամբություն կազմակերպելու նրա բոլոր փորձերը ձախողվում են: Բանն այն է, որ ժողովուրդը գաղափարապես և հոգեպես պատրաստ չէր այդ ամենին, իսկ որոշ ներկայացուցիչներ ի վիճակի չէին ազատագրել ողջ հայ ժողովրդին օտարի լծից: Բացի դրանից, լուրջ խոչընդոտ էր նաև այն հանգամանքը, որ իրենք մելիքները միասնական չէին իրենց միտումների և ձգտումների մեջ և նրանց միջև մշտապես տեղի էին ունենում մշտական ընդհանրումներ և տարաձայնություններ:  

Վերջին փորձերը` ուղևորություն դեպի Հնդկաստան 

Հայրենասիրական զգացմունքներով տարված Էմինը սակայն չի հանձնվում: Նրա հաջորդ քայլն է դառնում Հնդկաստանի հայ համայնքի օգնությամբ փորձել զորք ստեղծել և վերադառնալ Հայաստան, որտեղ Սուրբ Կարապետ եկեղեցու վանահայրը պետք է կազմակերպեր համազգային ապստամբություն: Էմինը հաստատվում է Պարսկաստանի Նոր Ջուղա քաղաքում, այնտեղ նրան խոստանում են նյութական միջոցներ տրամադրել բանակի ստեղծման համար, որն արդեն նրան սպասում էր Սալմաստում և Խոյում (պարսկական քաղաքներ),և միակ բանը որ անհրաժեշտ էր, դա նյութական աջակցությունն էր: Էմինին պատրաստ էին օգնել, բայց ամեն ինչ ձախողվում է Երուսաղեմի հայ եպիսկոպոսի պատճառով, ով բոլորին համոզում է ետ կանգնել Էմինին օգնելու մտքից: Տեսնելով, որ օգնությունն այդպես էլ տեղ չհասավ, Էմինը հրաժարվում է այդ մտքից և 1773 թվականին ետ է վերադառնում Հնդկաստան, Մադրաս քաղաք: 

Մադրասն այն ժամանակ եղել է հայ ազատագրական շարժման կենտրոններից մեկը: Այնտեղ կային մի խումբ հայրենասեր հայ գործիչներ հարուստ վաճառական Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ: Շահամիրյանի շրջապատը, ովքեր ևս գտնվում էին անգլիական լուսավորչական փիլիսոփայության գաղափարների ներքո, ակտիվորեն քարոզում էին Հայաստանի ազատագրման և անկախ հայոց պետականության ստեղծման համար: 

Հասարակական-քաղաքական գործիչ, վաճառական Շահամիր Շահամիրյան

Շահամիրյանը Էմինին բավականին ջերմ ընդունելության է արժանացնում, ով պատրաստակամորեն գնաց նրա հետ հանդիպման: Շահամիրյանը համոզում է «այլ հայ վաճառականների» խոստանալ միասնական կերպով յուրաքանչյուրը Էմինին տարեկան տրամադրել տասներկու հազար ռուփի, որպեսզի նա կրկին մեկնի Հայաստան և հավաքագրի այնտեղ «որոշակի քանակությամբ զորք»: Հետևաբար, Մադրասի հարուստները պետք է ֆինանսավորեին հանուն Հայաստանի ազատագրման զինված պայքարը, որը Էմինը կրկին անգամ ձեռնամուխ եղավ կազմակերպելու և առաջնորդելու: Նրանցից մեկը Մադրասի հայտնի վաճառական Գրիգոր Խոջաջանյանը խոստացավ նույնիսկ ազատագրման պայքարի համար կտակել Էմինին իր ունեցվածքի կեսը, եթե նրան միայն հաջողվի ստանալ ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոնի աջակցությունը: Սակայն նույնիսկ այստեղ գործին միջամտեց եպիսկոպոս Հովհաննեսը, ով այդ ժամանակ Հնդկաստանում Երուսաղեմի վանքի համար նվիրատվություններ էր հավաքում: Նա ձեռնարկեց բոլոր միջոցները, որպեսզի խոչընդոտի պլանների իրագործմանը` նրա ազդեցության տակ տեղացի հայ հարուստները հրաժարվեցին իրենց խոստացած օգնությունից, հատկապես նրանցից ոմանք դեռևս նախկինում հիմնավորում էին իրենց աջակցությունն եկեղեցու այդ նախագծերի և կաթողիկոսի հանդեպ որպես բարենպաստ վերաբերմունք: Էմինի խոսքերով միայն Շահամիրյանը մինչը վերջ մնաց իր կողքին` զայրանալով Հովհաննեսի պահվածքի վրա և քննադատելով իր հայրենակիցների տգիտությունը, ովքեր ընկան նրա ազդեցության տակ, սակայն նա ոչինչ չէր կարող անել իրավիճակը փոխելու համար:  

Ինքնակենսագրություն 

Զգալով, որ ծերությունը սարերի ետևում չէ, Էմինը ընկերների խորհրդով որոշեց պատմել իր այդքան հետաքրքիր ապրած կյանքի պատմությունը, որը նման է վեպի: Անգլերեն լեզվով գրված նրա ինքնակենսագրությունը, ըստ իր մտահղացման, պետք է ծանոթացներ եվրոպական հասարակությանը հայ ազատագրական շարժման հետ և բարձրացներ Հայաստանի ազատագրման հարցը: Գիրքը պետք է ապագայում նաև լուսավորեր իր հայրենակիցներին, արթնացներ նրանց երկարատև քնից, կոչ աներ նրանց պայքարել հանուն սեփական անկախության: Նա մեծ հույսեր ուներ, որ իր գիրքը կկարդան հայ երիտասարդները:

Էմինի ինքնակենսագրության հրատարակումը հնդկահայերի շրջանում մեծ աշխուժություն առաջացրեց: Իր գրքում Էմինը բավականին կտրուկ է խոսում նաև հայ հոգևորականության և հայ վաճառականների մասին: Ազատագրման պայքարի իր պլանների ձախողումը նա ուղղակիորեն վերագրում է «հարուստ մարդկանց» ագահությանն ու եսասիրությանը և հոգևորականների հակազդեցությանը: 

Յոթանասուն տարեկանում իր ինքնակենսագրությունը հրատարակելով` Էմինը բոլորովին չէր մտածում այդքանով ավարտել իր հասարակական գործունեությունը: Նույնիսկ ծերության տարիներին նա չէր ցանկանում սահմանափակվել լուսավորչական և ազատագրման գաղափարների քարոզչությամբ, և պատրաստ էր անհրաժեշտության դեպքում կրկին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ազատագրական շարժմանը: Հայրենի երկրի բարօրության մասին մտքերը մեկ րոպե անգամ չլքեցին նրան: 

Սակայն Էմինն այլևս չհատեց Հնդկաստանի սահմանը, որտեղ էլ անցկացրեց իր կյանքի վերջին տարիները: Ծերունու համար մեծ ուրախություն էին իր նախկին ընկերների կողմից ուղարկված նամակները, որոնք նա ժամանակ առ ժամանակ ստանում էր Անգլիայից` ի պատասխան իր ուղերձների: Այսպես` 1789 թվականին նա սրտաճմլիկ նամակ է ստանում Բյորկից, ով այդ ժամանակ արդեն հայտնի հրապարակախոս և պետական գործիչ էր: Բյորկը, անվանելով նրան «սիրելի հին ընկեր», վստահեցրեց, որ միշտ հիշում է նրան: «Դուք փորձեցիք իրագործել վեհագույն նպատակներ` ելնելով ազնիվ սկզբունքներից: Դուք ձախողեցիք, բայց միգուցե այսպես ավելի լավ է Ձեզ համար, քան եթե ամեն բան հաջողեիք, քանի որ Դուք հիմա ազնիվ և հուսով եմ նաև երջանիկ անձնավորություն եք»: 

Մինչև կյանքի վերջ հավատարիմ մնալով ազգային-ազատագրական պայքարի գաղափարին` Էմինը իր պարտքն էր համարում արթնացնել պատմական հիշողությունը` վառ օրինակների վրա ցույց տալով, որ հայերը ժամանակին ունեցել են հզոր և անկախ թագավորություն: Նա համոզված էր, որ իրական քաղաքական անկախության և ազատության կարելի է հասնել միայն սեփական ուժերով: Միայն այս կերպ ժողովուրդը կարող է վերականգնելի իր ոտնահարված արժանապատվությունը, քանի որ ոչ մի ժողովուրդ չի կարող «նվիրել» արժանապատվություն մեկ այլ ժողովրդի:  

Աղբյուրներ`Ա.Ռ. Իոնիսյան, «Հովսեփ Էմին», Կ.Ա. Միրումյան «Հայ քաղաքական մտքի պատմությունը»:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո