Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Եզդիների ցեղասպանություն՝ հին ողբերգության նոր փուլ

Եզդիների ցեղասպանություն՝ հին ողբերգության նոր փուլ

Նկարը՝ ERIC LAFFORGUE

Քաղաքական ասպարեզում Իսլամական պետություն անվամբ ահաբեկչական կազմակերպության հայտնվելը ստիպեց ողջ համաշխարհային հանրությանը ցնցվել:  Իսլամական պետության զինյալները (այսուհետ՝ ԻՊ) սունի մահմեդականներ են, ովքեր  տարբերվում են այլ կրոն դավանող մարդկանց հանդեպ իրենց դաժանությամբ և չափազանց ռադիկալ հայացքներով: 2014 թվականին նրանք սկսեցին լայնածավալ հարձակում Իրաքի հյուսիս-արևմտյան ուղղությամբ, որտեղ պատմականորեն կոմպակտ կերպով ապրում է եզդի բնակչությունը: 

 ԻՊ զինյալների հիմնական նպատակն էր բռնազավթել տարածքը և կրոնափոխ անել բնակչությանը՝ դարձնելով նրանց իսլամի հետևորդներ, սակայն, հայտնի են դեպքեր, երբ նրանք թույլատրել են շիա կամ քրիստոնյա բնակչությանը փախչել՝ թողնելով իրենց տներն ու ունեցվածքը: Բայց նման բարեգթության մասին եզդիները երազել անգամ չէին կարող.  ԻՊ զինյալները նրանց համարում են ոչ միայն այլադավան, այլև ոչ մաքուր հոգիների հետնորդներ. մի խոսքով նրանք եզդիներին որպես մարդ չէին ընդունում, այդ իսկ պատճառով եզդիներով բնակեցված տարածքների վրա հարձակվելիս նրանք մի նպատակ էին հետապնդում՝ եզդի ժողովրդի ֆիզիկական բնաջնջում:

Այսպիսով՝ 2014թվականի օգոստոս ամսին ռադիկալ իսլամական խմբավորումների կողմից իրականացվել է եզդի բնակչության ցեղասպանություն:  Սրանք առաջին  ջարդերը չեն, որոնց ենթարկվում են եզդիները. տարբեր պետությունների կազմում լինելով էթնոկոնֆեսիոնալ փոքրամասնություն՝ այնուամենայնիվ, այս ժողովրդին հաջողվել է գորատևել և ապրել մինչև մեր օրերը՝ պահպանելով իրենց հատուկ կրոնը՝ որն իր մեջ ներառում է զրադաշտական, քրիստոնեական, հուդայական և մահմեդական տարրեր:  Բայց այսօր՝ 21-րդ դարում, նրանց կրկին փորձում են ջնջել երկրի երեսից:  Ահաբեկիչնեչը սպանում էին տղամարդկանց, բայց կանանց չէին սպանում.  Նրանց երեխաների հետ միասին տանում էին սեքսուալ ստրկության՝ դարձնելով նրանց իրենց անձնական մարմնավաճառները:  Այս սարսափելի ճակատագրին աղջիկները ենթարկվում էին ինը տարեկանից՝ ամեն օր նրանց խոշտանգում էին, բռնաբարում միանգամից մի քանի տղամարդ, ինչպես նաև ստիպում էին սովորել տեքստեր Ղուրանից:  Սեքսուալ ստրկության մեջ գտնվող աղջիկներին ու կանանց ընդունված էր վերավաճառել՝ այս ձևով դժբախտները մեկ խոշտանգողից անցնում էին մյուսին:  Գները կախված էին գերիների տարիքից և ֆիզիկական վիճակից:  Փոքրիկ տղաներին իսլամիստները պահում էին իրենց մոտ և սովորեցնում Ղուրանը՝ նրանցից պատրաստելով կրոանական մոլեռանդներ՝ իրենց բանակի ապագա զինյալներ. երեխաների ներկայությամբ իրականացվում էին դատավարություններ, դաժան մահապատիժներ ու սպանություններ:

Այն մասին, թե ինչերի միջով են անցել ԻՊ զինյալների մոտ գերեվարված լինելու ընթացքում, պատմում են այն աղջիկները, ում հաջողվել է փախչել:  Ահա նրանցից մեկի խոսքերը. 

«Այն ամենից հետո, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, իմ կյանքը դադարել է ինձ համար արժեք ներկայացնել:  Ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու, ես ունեի ընտանիք, բայց ես կորցրել եմ իմ ընտանիքը:  Ես ապրում էի սովորական կյանքով, բայց դա էլ եմ կորցրել:  Ես ապրում էի  հասարակության մեջ, բայց այն պատառոտվեց և ցաքուցրիվ եղավ:  Դեռևս 3400 եզդի կանայք և երեխաներ Սիրիայում և Իրաքում վաճառվում են և հանդիսանում են փոխանակման առարկա:  Եզդիներին ոչ ոք չի օգնում:  Ինձ համար ես այլևս չեմ վախենում:  Ես ոչինչ չունեմ կորցնելու: Ես կորցրել եմ ամեն ինչ՝ պատիվ, արժանապատվություն, ընտանիք և այն հասարակությունը, որտեղ ես ապրում էի»:

ԻՊ զինյալներից տուժել են ոչ միայն մեծ քանակությամբ մարդիկ, այլ Մերձավոր Արևելքում գտնվող հնագույն պատմական մշակութային հուշարձաններ:  Սակայն նրանց փորձերը՝ ոչնչացնելու եզդիների գլխավոր սրբությունը՝ Լալեշ տաճարը, հաջողությամբ չպսակվեցին:   Դեպքերի վայրից ստացված հաղորդումներից մեկում կարելի է տեսնել, թե իրենց ինչ հանգիստ են զգում եզդիները տաճարի տարածքում, զարմանալի է՝ դա այն պարագայում, երբ տաճարից մինչև   ԻՊ-ի կողմից այն ժամանակ վերահսկվող խոշոր Մոսուլ քաղաք հեռավորությունը ընդամենը 40կմ էր :  Դա այն պատճառով, որ հազարավոր զինված եզդիներ պաշտպանում էին տաճարը իր ամբողջ երկարությամբ:  Պաշտպաններից մեկի խոսքերը՝

«մեր երկրում բոլոր կրոնները ուժեղ աջակցություն ունեն (Իրաքում՝ խմբագրի գրառում)՝ իրաքցի շիաների մեջքին ուժեղ Իրանն է կանգնած, սունիներին մեջքին՝ ամենահարուստ Սաուդյան Արաբիան, իրաքցի քրիստոնյաներին սատարում է Եվրոպան, իսկ մեզ՝ եզդիներիս ոչ ոք չի պաշտպանում»:

Դժվար է հավատալ, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել մի քանի տարի առաջ:  Ավելի դժվար է ընդունել այն փաստը, որ եզդիների օգնության հուսահատ խնդրանքներին ոչ մի պետություն, ոչ մի միջազգային կազմակերպություն չի արձագանքել:   Դժբախտ զոհերին ցուցաբերվող ողջ օգնությունը եղել է առանձին անհատների կողմից՝ տարբեր մարդիկ, հաճախ վտանգելով իրենց կյանքն ու անվտանգությունը, փախցնում (կամ ետ էին գնում)  գերության մեջ գտնվող աղջիկներին, կանանց և երեխաներին ու թաքցնում իրենց տներում:   Այսպիսով՝ ժամանակակից աշխարհը դարձավ լուռ ականատեսը, թե ինչպես են բնաջնջում աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկին:

Ժամանակին համաշխարհային հանրությունը ջանքեր չի գործադրել կանխելու հայոց ցեղասպանության հետևանքները և չի պարտադրել Թուրքիային ընդունել իր հանցանքը, և դրա հետևանքը եղավ այն, որ 21-րդ դարում այն հեշտությամբ ազատ է արձակում ռադիկալ խմբավորումների ձեռքերը այլ ժողովրդի նկատմամբ, որին իր համար ճակատագրական պահին բոլորը լքեցին: 

Պատմությունը ցիկլային բնույթ ունի, և դա կարելի է հստակ տեսնել մերձարևելյան տարածաշրջանի օրինակով, որտեղ ամեն ինչ ուղիղ մեկ դար անց կրկնվում է: Այն սարերում, որտեղ հայերը թաքնվում էին թուրքերի ջարդերից, հիմա հազարավոր եզդիների համար դարձել են ապաստարաններ, իսկ սիրիական անապատ Դեր-Զորը ևս մեկ անգամ մարդկային տառապանքների ականատեսը եղավ: [1]

Ներկայումս եզդիների ցեղասպանությունը ընդունվել է մի շարք եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի կողմից:

Տարածաշրջանում միակ պետությունը, որը պաշտոնապես  ճանաչել և դատապարտել է եզդիների ցեղասպանությունը, Հայաստանն է, որտեղ հնուց ի վեր բնակվում է ամենախոշոր եզդի համայնքներից մեկը: Հայաստանի կողմից եզդիների ցեղասպանությունը ճանաչելը սկզբունքորեն կարևոր է, քանի որ այդ պետության ժողովուրդը ինքն իր հայրենիքում դարձել է այդ նույն հանցագործության զոհը և մինչև հիմա դեռևս պայքարում է ճանաչման համար:

Եզդի ժողովրդի գոյության հարցը պատմական հողում դեռևս մնում է բաց: Ի˺նչ ճակատագիր է սպասվում Իրաքի եզդիներին:  Կկարողանա արդյո˺ք եզդի ժողովուրդը հաղթահարել իր բախտին ընկած փորձությունները, թե նա էլ ստիպված կլինի կրկնել ամբողջ աշխարհով մեկ ցրված միլիոնավոր փախստականների ճակատագիրը:

[1] 2016 թվականի հունվարի 16-ին ԻՊ զինյալները գիշերը հարձակվեցին Դեր-Զորի վրա. հարձակման արդյունքում սպանվել է մինչև 300 մարդ՝ տարեցները, կանայք և երեխաները ներառյալ, և ևս 400 քաղաքացիական անձ գերեվարվել է:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո