Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Մեծ ու փոքր Գյումրին. Քաղաքի էությունը
Մշակույթ

Մեծ ու փոքր Գյումրին. Քաղաքի էությունը

Երբ փորձում են բնութագրել Գյումրին, ասում են, թե այն իրեն հատուկ համ ու հոտ ունի: Հիրավի, չկա այլևս նման երկրորդ քաղաք Հայաստանում: Դարերի ընթացքում Գյումրիում ձևավորվել է ուրույն մի կոլորիտ, որը զգալի տուժել է 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով, սակայն չի անհետացել. այն կայուն է, ինչպես  գյումրեցու բնավորությունը և  շարունակում է պահպանել այն հիմքերը, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են ավելի քան հարյուր տարի:

Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական և կրկին Գյումրի.  քաղաքի անվանումներից յուրաքանչյուրը վկայում է քաղաքի բարդ, բայց հարուստ պատմության մասին. քաղաք, որը ծաղկում է ապրել  թուրք-պարսկական լծից ազատվելուց և Արևելյան Հայաստանի հետ մեկտեղ Ռուսական կայսրության կազմի  մեջ մտնելուց հետո: 

19-րդ դարի երկրորդ կեսին Գյումրի-Ալեքսանդրապոլը Անդրկովկասի ամենահայաշատ քաղաքն էր, իսկ 19-րդ դարի վերջին՝ ամենախիտ բնակեցվածը Երևանի նահանգում: Գյումրու բնակչությունը հիմնականում Արևմտյան Հայաստանի Մշո, Կարինի, Բայազեթի, Կարսի շրջաններից ներգաղթած փախստանականների հետնորդներն են:

Գյումրին, որպես այդպիսին, կազմած է եղել թաղամասերից, որի շնորհիվ ի սկզբանե համարվել է յուրահատուկ: Մարդիկ ապրել են թաղամասերում ըստ արհեստի, մասնագիտության, կրոնի կամ էթնիկական պատկանելության: Եթե համեմատենք քաղաքն այսօր և առաջ, կնկատենք, որ այն ինչ-որ տեղ դատարկվել է. քաղաքում գրեթե չեն մնացել ազգային փոքրամասնություններ, սակայն փողոցների ու թաղամասերի անվանումները դեռ պահպանվել են. Սլաբոդկա՝ ռուսական զինվորականների թաղամասը; Թուրքի մայլա՝ նախկին թուրքաբնակ թաղամաս; Հույների մայլա և այլն: Հին գյումրեցիները, որոնք տեսել են քաղաքը մինչ 1988 թ. երկրաշարժը, պատմում են, թե ինչպես են  բնակիչներն իրարու կապված եղել  փայտե պատշգամբների միջոցով և դրանով իսկ խինդ ու ծիծաղ են բերել փողոցներին:  Այս քաղաքի յուրաքանչյուր հյուր այսօր էլ կզգա այն ջերմ մթնոլորտը, որը եղել է  քաղաքում և դա գյումրեցուն վայել հյուրասիրության ու հյուրի հանդեպ հարգալից վերաբերմունքի շնորհիվ է:

Կադրեր Գյումիից

Հին Գյումրու կոմպակտությունն եղել է ոչ միայն թաղամասերի դասավորվածության շնորհիվ , այլև քաղաքի պարծանքի՝ արհեստավորների ու դարբինների շնորհիվ: Նրանց արհեստանոցները շարված են եղել փողոցների ու հրապարակների երկայնքով, կազմել են արհեստավորական համքարություններ և նույնիսկ ունեցել են իրենց առանձին դրոշները: Քարի, երկաթի, պղնձագործ  վարպետների համբավը տարածված է եղել ողջ Կովկասով մեկ:

Ալեքսանդրապոլ- Գյումրի քաղաքի փողոցները եղել են նեղ, ոլոր-մոլոր և շրջապատված են եղել սև տուֆից կառուցված շենքերով: Տուֆից կառուցել են նաև ցածր տնակներ, առանց պատուհանների: Այն երեք հիմնական ճանապարհները, որոնք տանում էին դեպի Գյումրի, անցնում էին Կարսով, Թիֆլիսով և իհարկե Երևանով: Երբ սկսվում են քաղաքի կառուցապատման աշխատանքները, հայտնվում են հավասար, երկար և լուսավոր փողոցներ, իսկ հմուտ ալեքսանրապոլյան որմնադիրները կառուցում են իսկական արվեստի նմուշներ, հատուկ ուշադրություն դարձնելով դետալներին: Հիմնական շինարարական հումքը եղել է տեղական տուֆը՝ կարմիր և սև երանգների, և այդ համադրությունը դառնում է քաղաքի այցեքարտերից մեկը:

Տեղացիները, և ոչ միայն նրանք,  համեմատում են Գյումրին հին հայկական Կարսի հետ, որը, սակայն, դիվանագետների անողջամտության հետևանքով և բազմաթիվ ռազմաքաղաքական իադարձություններից հետո  անցնում է Թուրքիայի կազմի մեջ (վերջին պայմանագիրը Կարսի փոոխանցման մասին կնքվել է հենց այստեղ, 1920 թ. և կոչվում է Ալեքսանդրապոլի պայմանագիր):

Գյունրիի / Կարսի փողոցները

Գյումրիի / Կարսի շենքերը

Նմանություններ են գտնում ոչ միայն Գյումրու ու Կարսի, այլ նաև Գյումրու ու “Հազար ու մի եկեղեցիների” քաղաք Անիի հետ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նախատիպը եղել է Անիի Մայր տաճարը: Ասում են, եկեղեցու վարպետը՝ Թադևոս Անտիտենցը, ամեն օր նստել է ֆայտոնն ու գնացել  Անի, որը մոտ է Գյումրիին, դիտել է հեռվից  մայր տաճարը, հետ եկել  ու շարունակել  շինարարությունը:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին / Անիի Մայր տաճարը

Արհեստի ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, և այսօր քիչ քանակությամբ, բայց գործում են հմուտ արհեստավորներ, շարունակելով իրենց ապուպապերի ավանդույթները: Այդ շարունակականության վկան է նկարում պատկերված հին վարսավիրանոցը , որտեղ ամեն ինչ մնացել է անփոփոխ 1940 թվականից ի վեր: Նույնն են թե՛ վարպետները, թե՛ գործիքները և թե՛ ջերմ մթնոլորտը: Այատեղ ձեզ կպատմեն ամենաթարմ նորությունները, Գյումրվա մի կատակ կանեն ու արևելյան սուրճ կհյուրասիրեն: Հետաքրքրասեր հյուրերն անպայման այցելում են այս վարսավիրանոցը, հիանում են դրա հնությամբ, շփվում վարպետների հետ ու վերջում էլ սանրվածք անում: 

Վարսավիրանոցը 

Քչերը գիտեն, որ քաղաքի խորհդանիշներից մեկը մուշուրբան է ՝ ինքնատիպ պղնձե սափոր, որն ունի ոչ միայն հետաքրքիր ձև, այլ նաև արտասովոր ձայն է հանում ,երբ դրա մեջ հեղուկ են ավելացնում (այդ ձայնի պատճառով հայերն այն անվանում են կլկլան): Ժողովուրդը սիրում է մուշուրբան դրա հարմարավոտթյան պատճառով՝ հեղուկը դրա մեջ երկար ժամանակ պահպանում է նույն ջերմաստիճանը: Միակ վարպետը ողջ Հայաստանում և աշխարհում ,ով հմուտ է մուշուրբա պատրաստելու գործում ՝ վարպետ Էդիկն է, պղնձագործ Ժամկոչյանների ընտանիքից: Նրանք պատրաստման գաղտնիքները բերել են իրենց հետ Կարինից (Էրզրում) 19-րդ դարի վերջին: Վարպետ Էդիկը նշել է, որ պատրաստման մեթոդները փոխանցելու է իր որդուն: Այսօր Գյումրիում կանգնեցված է նաև մուշուրբայի հուշարձանը: 

Մուշուրբայի պատրաստման պրոցեսը / մուշուրբայի հուշարձանը

Գյումրու կյանքում միշտ հատուկ տեղ է զբաղեցրել թատրոնը, իսկ քաղաքի կոլորիտը հաճախ օգտագործվել է սովետական կինոմատոգրաֆիայում: Դժվար է պատկերացնել բոլորի համար սիրելի հայկական ֆիլմերն առանց նեղլիկ փողոցների ու պատշգամբների , որտեղ տեղի են ունեցել ֆիլմերի գործողությունները: Եռանկյունի, Չապալաղ, Հին օրերի երգը, Մեր մանկության տանգոն… Այստեղ նկարահանված ֆիլմերի մեծամասնությունը կարելի է համարել գյումրեցիների նիստ ու կացի լավագույն էկրանավորումները: Ֆրունզիկ Մկրտչյանի թանգարանն այն եզակի թանգարաններից է, որը պետք է այցելել Գյումրիում գտնվելիս. Մարդ, որ արտացոլել է քաղաքի հոգին ու չնայած ողբերգական ճակատագրին ունեցել է հումորի հիանալի զգացողություն:

Ֆրունզիկի կոստյումները, որոնք կրել է տարբեր ֆիլմերում, կախված նրա տուն-թանգարանում Ֆ. Մկրտչյանը «Մեր մանկության տանգոն» ֆիլմում

Եթե հարկ լիներ որոշելու, թե Կումայրի-Գյումրի- Ալեքսանդրապոլ- Լենինական քաղաքի կյանքը թե ֆիլմ լիներ,  որ ժանրին էր պետք վերագրել, այն անկասկած տրագիկոմեդիա էր լինելու:  Դերասանուհի Անահիտ Քոչարյանի կյանքի այս դրվագը հաստատում է դա.

«Ուր է քաղաք տանող ճանապարհը», ներկայացումն էին խաղում, որը նվիրված էր երկրաշարժի քսանամյա տարելիցին: Ես բեմ էի դուրս գալու վերևից , դահլիճը ինձ մեջքով էր նստած և չէր տեսնում, որ ես կանգնած եմ վերևում: Սկսվում են հոգիների պարերը, տարածվում է ծուխը, հնչում է երաժշտությունը… և ցույց են տալիս հերոսուհու մղձավանջային տեսիլքները: Երբ այս ամենը վերջանար, ես պետք է գոռայի, գոռայի այնպես, ինչպես գոռում են մարդիկ , երբ վեր են թռնում մղձավանջային երազից՝ շատ բարձր էի գոռալու: Երաժշտությունը դադարում է, դահլիճում լռություն է տիրում, ու ես բղավում եմ: Ինչ-որ մեկը դահլիճից ահավոր վախենում է, դառնում է  ինձ ու ասում «Գրոոո՜ղ»: Ու ինչ-որ  մեկը կողքից հանգստացնում է նրան , թե  «Վաա՜այ, դերասանն էր, դերասանն էր»: Ու ամբոողջ դահլիճն այդտեղ սկսկում է ծիծաղել»:

Լեննագանի (այդպես են կոչում քաղաքը տեղացիները) բնակիչների կյանքի մոտեցումը հետևյալն է. որքան հնարավոր է ներողամիտ լինել ու հումորով վերաբերվել կյանքի դժբախտություններին: Սա այն գաղտնիքներից մեկն է, որն օգնել է նրանց քայլել առաջ, վերածնվել մոխրից կրկին ու կրկին, քիչ-քիչ հավաքել սրտին նվիրական մեծ ու փոքր Գյումրու մոզաիկան՝ մի քաղաքի, որում պարփակված է Հայաստան աշխարհի մշակութային ժառանգության մի զգալի հատված: 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո