Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հետազոտող Ս. Պ. Զելինսկու յուրահատուկ ուսումնասիրությունը 19-րդ դարի հայկական ավանդույթների ու սովորույթների մասին՝ Հարսանիքները
Մշակույթ

Հետազոտող Ս. Պ. Զելինսկու յուրահատուկ ուսումնասիրությունը 19-րդ դարի հայկական ավանդույթների ու սովորույթների մասին՝ Հարսանիքները

Էթնոգրաֆիկ ակնարկներ Նախիջևանի շրջանի Երևան նահանգի հայ բնակիչների առօրյայից:

Կովկասի բնակավայրերն ու ցեղախմբերին նկարագրող ժողովածուից: Հեղինակը՝ Ս. Պ. Զելինսկի, 1882

Ծնողները շատ դեպքերում ձգտում են ամուսնացնել իրենց երեխաներին չափահաս դառնալուց անմիջապես հետո: Մեծ տղայի մայրը հատկապես, հարսնացու ընտրելիս, ջանում է ձեռք բերել իր համար օգնական: Եղել են դեպքեր, երբ մայրերը նշանել են իրենց երեխաներին դեռ օրորոցից, իսկ երբեմն նույնիսկ որոշում են կայացրել այդ մասին  մինչ երեխայի ծնվելը:

Հայերի մոտ, սովորաբար, տղան չի ընտրում հարսնացուին. այդ մասին հոգում են նրա ծնողները կամ մոտ բարեկամները: Տղաներն աշխատում են միայն ինչ-որ ձևով գոնե հեռվից  տեսնել իրենց ապագա հարսնացուներին, որը նրանց  հեշտությամբ է հաջողվում, քանի որ աղջիկները, ճիշտ է չեն խոսում տղամարդկանց հետ, բայց չեն էլ թաքնվում: Աղջկա ծնողները սովորաբար միանգամից չեն համաձայնվում տալ իրենց աղջկա ձեռքը, քանի որ շտապողականությունն այս հարցում անընդունելի է: Շնորհքից դրդված, նրանք ստիպում են խնամախոսներին մի քանի անգամ խնդրել իրենց աղջկա ձեռքը և վարել երկար բանակցություններ այդ ամենի շուրջ: Համաձայնություն ստանալուց հետո, փեսացուի ծնողներն առաջին հերթին կատարում են այսպես կոչված ոչ պաշտոնական նշանադրություն: Դրա համար ծնողները երկու կամ երեք բարեկամների կամ մոտ հարազատների ուղեկցությամբ, մեկ շիշ օղիով և ոսկե կամ արծաթե մատանիով գնում են հարսնացուի տուն: Ընթրիքի սեղանոի շուրջ զրուցում են և ասում. “եկել ենք ձեր օջախում մեր մոմը վառելու”: Երբ ստանում են աղջկա ծնողների համաձայնությունը, խնդրում են ցույց տալ աղջկան: Աղջիկը ներս է գալիս դեմքը ծածկված և համբուրում է բոլորի ձեռքերը: Այդ պահին փեսացուի մայրը դնում է մատանին աղջկա մատնեմատին, ինչով և ոչ պաշտոնական նշանադրության արարողությունը կարելի է համարել ավարտված: Հաջորդիս, ծնողները պայմանավորվում են պաշտոնական նշանադրության արարողության վերաբերյալ, քանի որ ոչ մի հարսանիք չի լինում առանց դրա:

Մեր բնիկների պատկերացումներում, հարսանիքը ոչ թե եկեղեցական արարողությունն է, այլ այն հանդիսավոր միջոցառումը, որը կազմակերպվում է պսակադրությունից առաջ կամ հետո: Երբեմն եկեղեցական արարողությունը կատարում են հարսանիքից մի ամիս առաջ , սակայն հարսնացուն շարունակում է ապրել ծնողների տանը, և նարոտի շնորհիվ (այն հանում են հարսնացուի վզից) հարսանեկան արարողությունից երկու-երեք օր հետո, նա մնում է անձեռնմխելի:

Սովորաբար հարսանիքը սկսում են ուրբաթ օրը:

Այդ օրը վաղ առավոտից, փեսացուի մի քանի բարեկամներ՝ պճնված ու ծաղկեփնջերը ձեռքներին, փեսացուի ու խաչեղբոր ուղեկցությամբ, զուռնայի ձայնի ներքո տնից տուն են գնում ու հրավիրում մարդկանց հարսանիքի և այդ ընթացքում տանտերերին տալիս են մի բաժակ գինի ու մի փունջ ծաղիկ: Ցերեկվա ժամը 3-4 հյուրերը հավաքվում են փեսացուի տան բակում, որտեղ նրանց հյուրասիրում են գինի ու օղի: Դրանից հետո բակ են բերում մորթելու հարսանեկան ցուլը, սակայն միանգամից չեն մորթում. սկզբում դրա շուրջը պար են բռնում կանայք ու աղջիկները, որից հետո քահանան աղոթում է և թույլ է տալիս մորթել ցլին: Սկզբում փեսացուն իր դանակի օգնությամբ թեթև կտրվածք է անում ցլի վզին, որից հետո մսագործն արդեն ավարտին է հասցնում գործը: Այս ամենին զուգահեռ, հնչում է զուռնան և շարունակվում են պարերը: Օրվա վերջում հյուրերին ընթրիք են հյուրասիրում, որի ավարտին քահանան օրհնում  է փեսացուի հարսանեկան հագուստն ու սուրը, որը փոխանցում են խաչեղբորը: Այնուհետև սկսկում են կրկին պարել ու այդպես շարունակ մինչև առավոտյան ժամը 4-5:

Հաջորդ օրն ամբողջությամբ անցկացնում են քեֆ ուրախության մեջ, իսկ երեկոյան, հյուրերը՝ մոմերը ձեռքներին, հարսնացուի տուն են տանում նրա հարսանեկան զգեստն ու հինան (բուսական ծագման ներկ, որով ներկում են ձեռքերը): Զուռնա նվագողներն ու հյուրերն այդ գիշերն ամբողջովին հատկացնում են հարսնացուի ծնողներին: Այնտեղ նրանց հյուրասիորում են գինով, իսկ փեսացուին ու փեսացուի ընկերներին հյուրասիրում են համեղ ուտելիքներով:

Կիրակի օրը փեսացուն հյուրերի ու զուռնայի ուղեկցությամբ գնում է հարսնացուի տուն: Հարսնացուի տանը ճաշելուց հետո սկսվում է նրա հասրանեկան զգեստը հագցնելու արարողությունը: Նրան հագցնում է երիտասարդ ամուսնացած կանանցից մեկը. այս արարողությունն ուղեկցվում է զուռնայի տխուր մեղեդիով:

Տեղին եմ համարում այստեղ նկարագրել հայուհիների հագուստներից մեկը, որը իր յուրահատկությամբ արժանի է հատուկ ուշադրության: Կինը կրում է կարմիր գույնի  երկար նեղ վերնաշապիկ, իսկ դրա վրա հագնում է կարճ արխալուղ, սովորաբար կանաչ գույնի կտորից ու կողային կտրվածքներով: Հիմնականում վերնաշապիկը հասնում է մինչև ծնկները: Աջ մասից՝ պնձե օղակին, կախում են գունավոր թաշկինակ, ասղատուփ, մկրատներ և այլ իրեր , իսկ կրծքի հատվածին թելի մի քանի շարքերի վրա կախում են արծաթե ու ոսկե հին մետաղադրամներ և օղակում են դա մետաքսե ժապավենով կամ ուղղակի արծաթե գոտիով:

Արցախյան տարազ Լուսիկ Աղուլեցու հավաքածուից

Հայուհիների գլխի զարդարանքները նույնպես բավականին յուրահատուկ են: Սկզբից հագնում են կալկուչը (կաշվե կարճ պոչով գլխարկ), որի մեջ անցնում են մանր հյուսած մազերը: Այնուհետև այդ կալկուչը կապում են գլխաշորով, իսկ գլխի հետևի մասից փակցնում են մետաղական փոքր գլան, որի դիմացից կախում են տարբեր տեսակի մետաղադրամներ:

Այս ամենից զատ հարսնացուները կրում են  նաև մեկ այլ կարմիր գույնի գլխաշոր, որը փակում է դեմքն ամբողջությամբ: Կերպարն ամբողջացնելու համար պակասում են միայն քթին անցվող արծաթե կամ ոսկե օղակն ու ականջների համար թերևս շատ ծանր արծաթե ականջօղերը: Նկարագրված հանդերձանքն այսօր փոփոխությունների է ենթարկվել, քանի որ նորաձևությունը հասանելի է նաև գյուղական հայուհիների համար: Այսօր նրանք փոխարինել են իրենց նախկին բարդ հանդերձանքը ավելի պարզի ՝ շատ վայրերում կարճ նեղ վերնաշապիկի փոխարեն կրում են երկար շոր , իսկ գլխի կոնի փոխարեն՝ կիսակլոր գլխարկ, որն ավելի հիշեցնում է վրացական տասավրակի:

Հարսնացուին հագցնելն ավարտվում է նրա մեջքին խաչեղբոր կողմից գոտու ամրացումով, որը, ինչպես ասում են, կնոջ մեջքը ծննդաբերության ժամանակ պինդ պահելու համար է: Այնուհետև հարսնացուն մոտենում է թոնիրին, խոնարհվում է դրա չորս կողմերն ու համբուրում դրա ծայրերը: Դա արտահայտում է նրա շնորհակալությունը այն օջախին, որը կերակրել է նրան հայրական տանը: Հրաժեշտ տալով ծնողներին ու բարեկամներին, նրան մոտեցնում են փեսացուին և նա բռնում է նրա շորերից, որը նշանակում է, որ հարսնացուն այսուհետ հետևելու է ամուսնուն: Դրանից հետո փեսացուն, հարսնացուի ձեռքը բռնած, ուղղվում է դեպի եկեղեցի: Այդ պահին խաչեղբայրը մի ձեռքում պահում է խաչ, որը պատրաստված է փայտից ու պատված  է գունավոր մետաքսով, իսկ երեք մասերից ՝ ոսկով: Այս խաչը խորհրդանշում է արքայական թագը: Նշենք նաև, որ հարսնացուի տանը գտնվելիս, փեսացուի կրծքին փակցնում են կարմիր և կանաչ ժապավեններ, որոնք կրկին խորհրդանշում են արքայական արժանապատվությունը:

Նկարը՝ Սարգիս Մուրադյան «Հարսանիք Հրազդանում»

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո