Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Մոսկվացին Բեյրութից՝ Դրո Կենդոյանը հայերի և քաղաքների տարբերության մասին: Հարցազրույց

Մոսկվացին Բեյրութից՝ Դրո Կենդոյանը հայերի և քաղաքների տարբերության մասին: Հարցազրույց

Դրո, պատմի՛ր, խնդրում եմ, որտե՞ղ ես ծնվել և ինչպե՞ս են անցել քո մանկոթյունն ու պատանեկությունը:

Ծնվել եմ Լիբանանում, հայկական ընտանիքում:  Երեք տարեկանից սկսել եմ հաճախել հայկական մանկապարտեզ և նույն տարիքում դարձել եմ Homenetmen-ի սկաուտ (հայկական սպորտային սկաուտական կազմակերպության լիբանանյան մասնաճյուղը; հիմնվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին, Կուստանդնուպոլսում, Թուրքիա – խմբ. նշ.):   Յոթ տարեկանում Համազգային կազմակերպությունում սկսել եմ զբաղվել հայկական պարերով, պարով զբաղվել եմ վեց տարի:  Այնուհետև Homenetmen-ում սկսել եմ խաղալ բասկետբոլ, և հիմնական ժամանակս անց էի կացնում մարզադաշտում ընկերներիս հետ միասին:  18 տարեկանում ավարտել եմ  Aslanian College (Լիբանանի Բեյրութ քաղաքից հինգ կմ հեռավորության վրա գտնվող հայկական դպրոց – խմբ. նշ.) և որոշում կայացնում տեղափոխվել Ռուսաստանի Մոսկվա քաղաք՝ սովորելու և աշխատելու համար: 

Իսկ ի՞նչով է հիմնավորված հատկապես Մոսկվա քաղաքի ընտրությունը: Բավականին արտասովոր ընտրություն է:

Այո:  2006 թվականին, երբ ես ավարտեցի դպրոցը, սկսվեց լիբանանա-իսրայելյան պատերազմը, ուստի ես արդեն նախօրոք գիտեի, որ ուսումս ավարտելուն պես ես գնալու եմ:   Սկզբում ցանկանում էի գնալ Ֆրանսիա, որովհետև տիրապետում էի լեզվին, սակայն հայրիկիս ընկերը, ով ապրում էր Մոսկվայում, առաջարկեց գալ սովորելու և աշխատելու իր հետ:  Գաղափարը ինձ շատ ուր եկավ, և ես մտածում էի, որ նոր լեզուն և նոր մշակույթը ինձ համար շատ հետաքրքիր կլինեն:  Մինչ այդ ես ոչ մի բառ չգիտեի, իսկ Մոսկվայի մասին, բացի Կարմիր հրարապարակից, ոչինչ չէի լսել, քանզի Լիբանանաում մեր կրթությունը կենտրոնանացած է ավելի դեպի արևմուտք. դպրոցում դասավանդում էին ֆրանսիական պետական ծրագրով:   

Ինչպես տեսնում եմ, դու բավականին ինտեգրվել էիր Լիբանանի հայերի համայնքային կյանքին:  Տեղափոխվելուց հետո Մոսկվայի հայ համայնքին ինտեգրվելու քայլեր ձեռնարկել ե՞ս:

Այո. Հիշում եմ՝ ապրիլի 24, ԺԲՌՀ (Մոսկվայում ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարան – խմբ. նշ.), դա իմ առաջին տարին էր: Նստել ել եմ լսարանում և հանկարծ լսում եմ ինչ որ ձայներ, բղավոցներ:  Ես կարծեցի, որ հայերն են եկել, դուրս եմ գալիս լսարանից, նայում են՝ նրանք չեն: 

Հայրիկիս ընկերը, ում մոտ ես եկել էի, քահանա էր հայկական եկեղեցում, և նրա շուրջը բավականին մեծ համայնք էր հավաքված, բայց դա այն չէր, ինչ ես փնտրում էի, քանի որ այս համայնքը ավելի կրոնական էր, իսկ ես սովոր էի իմ ամբողջ ազատ ժամանակը անցկացնել հայկական սպորտային ակումբում, եթե ոչ մարզադաշտում, ապա սրճարանում:  Դժբախտաբար, ես հիասթափվեցի, քանի որ կային համայնքի համակարգման համար պատասխանատու որոշ մարդիկ, կային տարբեր կազմակերպություններ, բայց իրականում ոչինչ չկար:  

Ժամանակի ընթացքում ես ծանոթացա շատ երիտասարդ աղջիկների ու տղաների հետ և կարող եմ ասել, որ շատերին գիտեմ:  Նրանցից ոմանք դարձան իմ ընկերները:  Հիշում եմ, թե ինչպես մի անգամ երթևեկում էի մետրոյով, դեռևս ռուսերեն խոսել չէի կարողանում, սակայն տեսա մի մարդու, ում ձեռքին մի թերթ կար և ես կարողացա կարդալ «Հայաստան» բառը:  Իսկույն նրանից հարցրեցի՝ ադյոք հայ չէ:  Պարզվեց՝ ոչ:

2008 թվականին մենք ստեղծեցինք Homenetmen Մոսկվան:  Ես կարծում եմ, որ այդ փորձը անհաջող էր, քանզի մենք չկարողացանք հետաքրքրություն առաջացնել հայերի շրջանում, որպեսզի նրանք մասնակցություն ունենան մեր գործունեությանը, չնայած կազմակերպությունը մինչև օրս գործում է:  

Ի՞նչ ես կարծում, ինչու՞ այդ կազմակերպությանը չհաջողվեց միավորել Մոսկվայի հայերին:

Նախ՝ Մոսկվան շատ մեծ քաղաք է, երկրորդ՝ Homenetmen-ում բոլորը կամավորներ են, ես շատ զանգեր եմ ստացել մարդկանցից, ովքեր ցանկանում էին աշխատել մեզ հետ, բայց փողի դիմաց:  Մենք ստեղծեցինք ֆուտբոլային թիմ, մենք ունեինք ֆուտբոլային մարզադաշտ, սակայն 2009 թվականին ճգնաժամի հետևանքով մենք կորցրեցինք և՛ մարզադաշտը, և՛ թիմը:  Այժմ գործում է սկաուտական կազմակերպությունը, սակայն, չնայած, երկարատև աշխատանքին, նրանց թիվը կազմում է առավելագույնը 30 մարդ:

Կարծում եմ՝ Հայաստանից Մոսկվա տեղափոխված հայերը իրենց օտար չեն համարում այստեղ, հաճախ գնում են Հայաստան, և շատ կարիք չեն ունենում շրջապատված լինել հայերով:  Ռուսախոս հայ տեսնելը սովորական բան է դարձել, սակայն սկզբում ես շոկ էի ապրում, երբ տեսնում էի, որ երկու հայ միմյանց հետ շփվում են ռուսերեն լեզվով:  Սակայն հետո ես հասկացա, որ նման հայեր շատ կան և այստեղ այն նորմալ է դիտվում: Եվ, թերեւս, հնարավոր է, որ ռուսալեզու հայը ավելի շատ տեղյակ լինի պատմության մասին եւ ավելին  անի Հայաստանի համար, քան, օրինակ, ես, եւ ես հաշտվել եմ այդ փաստի հետ:

Ստացվում է, որ դու ներսից ծանոթ ես Լիբանանի, Մոսկվայի հայ համայնքին, և պատահական չէ, որ ծանոթ ես Հայաստանի հայերին, քանի որ կինդ ծնունդով այնտեղից է:  Կարո՞ղ ես զուգահեռներ անցկացնել նրանց միջև:

Կինս ողջ կյանքը ապրել է Մոսկվայում, սակայն այո, նա բարեկամներ ունի Հայաստանում, որոնցից և տեղեկանում եմ Հայաստանում տիրող կյանքի մասին:  

Լիբանանի համայնքը ձևավորվել է ցեղասպանությունից հետո և սկզբում պայքարել է ասիմիլյացիայի դեմ, այդ իսկ պատճառով ստեղծվում էին հայկական դպրոցներ, եկեղեցիներ, սպորտային և մշակութային ակումբներ:  Լիբանանում հայկական դպրոց և ակումբներ գնացող հայը մանուկ հասակից երազում է Հայաստանի մասին և համեմատում է այն դրախտի հետ, թեև, որպես կանոն, երբեք այնտեղ չի եղել:  Մանուկ հասակից ի վեր նա սովորում է օրհներգը և հայրենասիրական երգեր:  Օրինակ՝ պապս ինձ ֆիդայինների մասին միշտ պատմում էր երգերի օգնությամբ:  Հայկական մի ռադիո կա, որը մեր տանը միշտ միացված է, անգամ երբ որակը կաղում է:  Վերոնշյալը վերաբերում է Լիբանանի հայերի մեծամասնությանը:  Իհարկե, կան նաև այնպիսիք, որ ասիմիլացվել են, սակայն հիմնական հատվածը շարունակում է ապրել այնպես, ինչպես մեր պապերը՝ պահպանելով լեզուն և մշակույթը:

Մոսկվայում կյանքի տեմպը շատ արագ է և ես, դժբախտաբար, նկատել եմ հայի երկու կատեգորիա:  Կարելի է ասել՝ հարուստ և աղքատ, նրանց նաև կարելի է բաժանել ըստ  վաղուց տեղափոխվածների և վերջերս տեղափոխվածների:  Ասիմիլյացիան այստեղ անխուսափելի է, քանի որ չկան բավարար քանակով դպրոցներ, ակումբներ, անգամ հետաքրքրություն չկա:  Հաճախ մի քանի մարդ միավորվում է, փորձում ինչ որ բան անել, սակայն ապարդյուն:  Բացի դրանից, Մոսկվայի հայերը այն մարդիկ են, ովքեր ինչ որ ժամանակ որոշել են հեռանալ Հայաստանից և ցանկանում են գումար վաստակել, ասիմիլացվել:  Որոշ ժամանակ անց նրանք կարող են հիշել, որ պետք է պահպանեին ազգային ինքնությունը և երեխաներին սովորեցնեին մայրենի լեզուն:  

Հայաստանում, չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, ինձ շատ է դուր գալիս:  Մարդկանց մեջ դեռևս կա պարզություն և բարություն (այն, իհարկե, ամենուրեք կա, սակայն Հայաստանում ավելի շատ է):  Այնտեղ ոչ ոք կարիք չունի պահպանել լեզուն և մշակույթը:  

Դու ասացիր, որ Մոսկվայի հայերը ցանկանում են ասիմիլացվել: Այսինքն դու Մոսկվայի հայերի մոտ ինքնությունը կորցնելու իրական միտում ե՞ս տեսնում:  Ի՞նչ ես կարծում ինչը իսկապես կարող է միավորել Մոսկվայի հայերին համայնքում և կանխել ասիմիլյացիայի գործընթացը:

Կարծում եմ՝ Մոսկվայում այդ առումով շատ դժվար է:  Երբ տեսնում եմ, որ մարդիկ Հայաստանից տեղափոխվում են Մոսկվա, ապա հասկանում եմ, որ մարդիկ պարզապես ցանկանում են ապրել Ռուսաստանում, նրանք պատրաստ են ամեն ինչ անել՝ գումար վաստակելու համար:  Միայն Հայաստանը կարող է միավորել Մոսկվայի հայերին, քանզի չեմ կարծում, որ Ռուսաստանում երբևէ հնարավոր լինի ստեղծել հայկական թաղամաս, օրինակ՝ ինչպես Լոս Անջելեսում կամ Բուրջ Համուդը Բեյրութում:  Ես նկատել եմ, որ Մոսկվա եկող բոլոր ազգերը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ինքնությունը և դառնում են «մոսկվացիներ»:

Ես լսել եմ, որ Մերձավոր Արևելքի համայնքում առկա է կուսակցական պատկանելության ուժեղ զգացում: Դա ճի՞շտ է:

Լիբանանում երեք հայկական կուսակցության կա՝ «Դաշնակցություն», «Հնչակ», «Ռամկավար»:  Նրանցից յուրաքանչյուրն ունի իր դպրոցները, սպորտային և մշակութային ակումբները:  Մեծամասնությունը սատարում է «Դաշնակցություն» կուսակցությանը, քանզի իմ կարծիքով այս կուսակցությունը շատ բան է արել ժողովրդի համար, առաջին հերթին այնպիսի մեծ գործիչների միջոցով, ինչպիսիք են՝ Սիմոն Վրացյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Դրաստամատ Կանայանը և այլն:  Բոլոր դպրոցներն ու ակումբները կառուցվել են նրանց ժամանակ, և «Դաշնակցության» հնդեպ այդ սերը փոխանցվում է սերնդեսերունդ, թեև հիմա արդեն ավելի քիչ:  

Լինում են արդյո՞ք ընդհարումներ հայերի միջև տարբեր կուսակցությունների պատկանելու պատճառով:

Նախկինում եղել են՝ 1958թ. անգամ մարդիկ են զոհվել այդ հողի վրա (Լիբանանում հայ համայնքը՝ «Դաշնակցությունը» և «Հնչակը» մասնավորապես, սատարում էին զինված կոնֆեսիոնալ զինյալներին, առաջին հերթին համայնքը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ (առաջին անգամ 1958 թվականին, այնուհետև  1975—1990 թվականներին՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ), ինչպես նաև սեփական նպատակները իրագործելու ապահովման համար, ինչը հանգեցրեց հայերի սպանությանը այլ հայերի կողմից – խմբ. նշ.), սակայն հիմա, երբ մենք գնալով ավելի ու ավելի ենք քչանում, բարեբախտաբար նման ընդհանրումներ այլևս չկան:

Ինչու՞եք քչանում:

Որովհետև Լիբանանում ապրելը շատ դժվար է, պայմանները այդքան էլ հաճելի չեն՝ սկսած ենթակառուցվածքներից և տարրական պայմաններից՝ ինչպիսիք են ջուրն ու էլեկտրաէներգիան, վերջացրած տնտեսական խնդիրներով:  Ավելին՝ միշտ առկա է պատերազմի վտանգը՝ քաղաքացիական պատերազմը ներառյալ:   Բացի դրանից՝ մենք՝ լիբանանահայերիս մեծ մասը միշտ ունեցել է բարձր ազգային ինքնագիտակցություն, իսկ իմ տատիկը միշտ հիշում էր, որ քրիստոնյա արաբները միշտ վատ էին խոսում հայերի մասին, ասում էին ավելի լավ կլիներ, եթե մեր նավերը չհասնեին Լիբանան և այլն:  Իհարկե, նման ընդհարումները հիմա շատ քիչ են, և մենք ականատես ենք լինում հայերի և արաբների միջև բազմաթիվ ամուսնությունների, սակայն ես, այնուամենայնիվ, այն կարծիքին եմ, որ Լիբանանում մենք ժամանավոր ենք, ինչպես և այնտեղ ապրող բոլոր քրիստոնյաները:  

Որպես Մոսկվայի համայնքի նախկին ներկայացուցիչ՝ ես միշտ կարծում էի, որ միջինարևելյան համայնքում խառը ամուսնությունների հետ կապված իրավիճակը ավելի բարվոք վիճակում է գտնվում, քան օրինակ Ռուսաստանում կամ արևմուտքում:  

Այո, ավելի լավ է, քան Ռուսաստանում և դրան նպաստում է մի քանի պատճառ:  Կրոնական հաստատությունները՝ միայն նրանք իրավունք ունեն գրանցել ամուսնություններն ու ամուսնալուծել զույգերին:  Եթե հայը ցանկանում է ամուսնանալ, նա կարող է գնալ միայն եկեղեցի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ հասկացություն այնտեղ չկա:  Սակայն, այնուամենայնիվ, իրավիճակը վատթարանում է:  Նախկինում, եթե հայրերը դադարում էին շփվել իրենց երեխաների հետ, եթե նրանք ամուսնանում էին արաբների հետ, ապա հիմա այն որպես նորմալ երևույթ է դիտվում: 

Բայց, այնուամենայնիվ, Լիբանանում, Սիրիայում հայերը իրենց ազգային ինքնագիտակցությունը ավելի լավ են պահպանում, քանի որ գտնվում են օտար միջավայրում:

Այո՛, իրավացի եք, այնտեղ ավելի լավ է, քան Ռուսաստանում, նախ՝ համայնքում բոլորը իրար ճանաչում են, և նախկինում ամոթ էր համարվում ամուսնանալ արաբների հետ, բայց հիմա հիմնականում այդ երևույթին հանգիստ են վերաբերում:

Ես ճի՞շտ հասկացա,  որ Լիբանանում հայկական եկեղեցիներում հային և ոչ հային չեն պսակադրում:

Պսակադրում են, եթե տղամարդը հայ է, իսկ կինը ամուսնությունից հետո դառնում է հայուհի:.

Իսկ եթե կինը հայուհի՞ է, իսկ ամուսինը՝ քրիստոնյա լիբանանցի՞:

Այդ դեպքում նրանք պետք է գնան արաբական եկեղեցի, իսկ եթե ամուսինը մահմեդական է, ապա՝ պետք է դիմեն շեյխին:

Ինչպե՞ս են լիբանանահայերը վերաբերում  Հայաստանին:

Հայաստանի հանդեպ վերաբերմունը, իհարկե, դրական է:  Չկա մեկը, ով չի սիրում Հայաստանը:  Բայց կան նաև կարծրատիպեր՝ ասում են, որ այնտեղ թույլ չեն տա աշխատել, մաֆիայի կամայականություններ և այլն, թեև շատ հեշտ է խոսել, երբ ոչինչ չես փորձել:  Անկեղծ ասած, Լիբանանում մարդիկ շատ շփացած են,՝ հեռախոսների և մեքենաների վերջին մոդելներ, և նրանց համար Հայաստանը էժան երկիր է:  Եթե Լիբանանում միջին աշխատավարձը $1000 է, որը հազիվ հերիքում է, առանց պարտքի ապրելու համար, ապա Հայաստանում այն կլորիկ գումար է:  Շատերը խոսում են ոչ որակյալ սպասարկման մասին և, դժբախտաբար, նրանց խաբում են տաքսիներից օգտվելիս, ռեստորաններում և այլն:  Սակայն ես կասեմ, որ նման բաներ տեղի են ունենում ամենուր, լիբանանցի տաքսիստը կխաբի նաև Հայաստանից զբոսաշրջիկին և եթե հնարավորություն ունենա՝ նրանից ավելի շատ գումար կվերցնի:  Պարզապես նման իրավիճակը այնքան էլ իրատեսական չէ, քանի որ Լիբանանում Հայաստանից շատ զբոսաշրջիկներ չկան:  Ժամանակի ընթացքում լիբանանահայերը կհարմարվեն Հայաստանի հայերին, նունիսկ հիմա նրանց միջև բազմաթիվ ամուսնություններ են գրանցվում:  

Կարող ե՞ս բերել որևէ օրինակ, որը ցույց է տալիս տարբեր երկրներում ապրող հայերի առանձնահատկությունները:

Լեզվի հետ կապված շատ զվարճալի օրինակներ կան:  Օրինակ՝ «շփվել» բայը Հայաստանում նշանակում է «հաղորդակցվել, զրուցել», իսկ Լիբանանում այն նշանակում է ինտիմ փոխհարաբերություններ:  Ես մի ամուսնական զույգ գիտեմ, որտեղ կինը ցանկանում էր պատմել իր ամուսնուն, որ նա պարզապես շփվում է Հնդկաստանց համակուրսեցու հետ՝ «պարզապես շփվում ենք»:  Դա կրկնվել է մի քանի անգամ,  և կարելի է պատկերացնել, թե ինչ էր զգում ամուսինը, մինչև չպարզեց այդ բառի իմաստը: 

Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված՝ սփյուռքի տարբեր կողմերից սփյուռքահայերը մտադրություն են հայտնում վերադառնալ հայրենիք:  Անձամբ դու ո՞ր երկրում կցանականայիր ապրել և ինչու՞:

Ուժեղ Հայաստանը հավատ կներշնչի, որպեսզի նրանք, ովքեր հեռացել են այնտեղից, վերանայեն ետ վերադառնալու հնարավորությունը, և այդ նպատակով առնվազն իրենց երեխաներին սովորեցնեն հայերեն լեզուն:  Բնականաբար, ես կցանականայի ապրել Հայաստանում, ես այդ կարծիքին էի նաև նախքան վերջերս տեղի ունեցած դրական իրադարձությունները, սակայն, դժբախտաբար, այս պահին, անձնական ընտանեկան պայմաններից ելնելով, պատրաստ չեմ, սակայն ես պատրաստվում եմ դրան և Հայաստանը համարում եմ իմ տունը:  Հուսով եմ, որ կստեղծվեն զանգվածային հայրենադարձությանը նպաստող պայմաններ, ինչպիսին է Իսրայել տեղափոխվելու ծրագիրը:

Արդեն իսկ կա՝ Repatarmenia և Birthrightarmenia:

Այո, բայց ան ոչ այնքան դյուրին է, որքան իսրայելականը, որտեղ բացի նրանից, որ հնարավորություն է ընձեռնվում սովորել լեզուն, այլ նաև տալիս են նպաստ և ապահովում կացարանով:  Իմ կարծիքով նպաստը առանցքային գործոնի դեր ունի:  Ինչպես նաև պետք է իրականացվեն ադապտացիային ուղղված ծրագրեր:  Շատ տարիքն առած մարդիկ կցանկանային տեղափոխվել, սակայն նրանք անտեղ ոչ ոքի չեն ճանաչում:

Այո, կան բազմաթիվ խոչընդոտող գործոններ և նախապաշարմունքներ: Մեծ հույսեր ունեմ, որ երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները կնպաստեն հայրենադարձությանը և մեր երեխաները կմեծանան հայկական հողում: Շնորհակալ եմ զրույցի համար:

Ձեզ նույնպես շնորհակալություն:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո