Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Բորիս Ակունինը և նրա «Սև քաղաք» դետեկտիվ վեպը. հայ և թյուրք նորաթուխ հարուստները, նավթային մագնատները, ավազակներն ու նավթը Բաքվում 20-րդ դարի սկզբին
Մշակույթ

Բորիս Ակունինը և նրա «Սև քաղաք» դետեկտիվ վեպը. հայ և թյուրք նորաթուխ հարուստները, նավթային մագնատները, ավազակներն ու նավթը Բաքվում 20-րդ դարի սկզբին

Բորիս Ակունինի «Սև քաղաք» դետեկտիվ վեպը ուշադրություն է գրավում իր յուրահատուկ բովանդակությամբ՝ ընթերցողին ներկայացնելով Բաքու քաղաքը առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ «Նավթի, նորաթուխ հարուստների, հրեշավոր ահաբեկիչների և արևելյան ավազակների հիասքանչ և սարսափելի քաղաք», որտեղ մշտապես ընդհարումներ են տեղի ունենում հայերի և անդրկովկասյան թաթարների (ադրբեջանցիների) միջև:

Վեպի գլխավոր հերոս Էրաստ Ֆանդորինը դետեկտիվ է ու պաշտոնյա, որին հույժ հատուկ կարևոր առաջադրանք է տրվել. բռնել պրոֆեսիոնալ մարդասպանին և ահաբեկչին, որը փորձում է սպանել ռուսական ցարին և այդպիսով վերջ տալ ցարական Ռուսաստանի կառավարման ժամանակաշրջանը և  դնել սովետական  ժամանակաշրջանի սկիզբնավորման հիմքը: Բորիս Ակունինը իր հերոսներին տեղափոխում է Բաքու, որտեղ այդ ժամանակ զորեղանում էր քրեական աշխարհը՝ այնտեղ թաքնվում էր ձախ ուղղվածության խոշոր մի ահաբեկչական խումբ:

Սև քաղաքը Բաքվի շրջաններից մեկն է, որտեղ կենտրոնացած էր քաղաքի ամենահարուստ նավթային արդյունաբերությունը: 

Բորիս Ակունինը գրոմ է՝ «Շատ ուշ, երբ ոչինչ այլևս չես կարող փոխել, ես հասկացա, որ Բաքուն վտանգավոր տեղանք է վեպի համար, որում նշված գործողությունները տեղի են ունենում 1914 թվականին: Քանի որ այն ժամանակ Բաքվում ապրում էին ադրբեջանցիներ և հայեր: Իսկ հիմա հայերն այլևս այնտեղ չեն ապրում: Եվ այդ թեման բավականին ցավոտ թեմա է երկու ժողովուրդների համար: Երկու կողմերից էլ բարի մարդիկ իմանալով, թե ինչ վեպ եմ ես գրում, սկսեցին նախազգուշացնել ինձ  փոխադարձ բացառման պայմանով՝ “Եթե վեպում լինեն նաև հայեր, ապա ողջ Ադրբեջանը կվիրավորվի ձեզանից”, ասում էր մի կողմը:Եթե 1914 թվականի Բաքվում չլինեն հայեր, կամ եթե լինեն, սակայն վատ հայեր՝ Հայաստանը դա ձեզ չի ների”, – ասում էր մյուս կողմը: Ես չէի ցանկանում վիրավորել ոչ ոքի:  Բայց ի վերջո որոշեցի գրել, ինչպես որ գրվել է:  Իմ վեպում կան և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ՝ նրանց մեջ կան համակրելի, կան նաև ահավոր անտանելի մարդիկ, մի խոսքով՝ ինչպես իրական կյանքում:  Իսկ հրատարակիչը խորհուրդ տվեց տիտղոսաթերթի վրա նախաբանի տեսքով նշել, որ ես շատ հարգում եմ երգու ազգերին և մաղթում եմ, որպեսզի նրանք կարգավորեն իրենց հարաբերությունները:  Ես այդպես էլ վարվեցի, քանի որ դա բացարձակ ճշմարտություն է»:

Չնայած այն հանգամանքին, որ հեղինակը հանձն է առել արծարծելու բավականին նուրբ թեմա, նա իսկապես ընկղմվել է այդ մթնոլորտի մեջ և ուսումնասիրել է 20-րդ դարի նախապատերազմյան Բաքվի պատմությունը:    Կարդալով գիրքը՝ անհնար է մեղադրել Ակունինին ժողովուրդներից որևէ մեկի նկատմամբ կանխակալ կամ սուբյեկտիվ վերաբերմունք դրսևորելու համար, և դա հանդիսանում է այս ստեղծագործության մեծ տեղեկատվական արժեքը

«Բաքու քաղաքում ռուսները, – գրում է Ակունինը, – ավելի քան երկու հարյուր տարվա պատմություն ունեն»:  «Բաքե գնալու» հրամանը տվել է Պետրոս Մեծը պարսկական արշավանքի ժամանակ՝ քաղաքը համարելով «բոլոր հարցերի բանալին»:  Քանզի այդ ամենը տեղի է ունենում նախաէներգետիկ դարաշրջանում, նա պատկերացնել անգամ չէր կարող, թե որքանով Բաքուն կդառնա   «բոլոր հարցերի բանալին»՝ լինելով կայսրության ամենաթանկ քաղաքը:  

Այդ նույն նախաէներգետիկ դարաշրջանում Բաքվում բնակվում էր ընդամենը յոթ հազար մարդ, իսկ քաղաքը բավականին անշուք էր, ճարտարապետությունը, ինչպես գրում է Ակունինը «ասիական» ոճի էր և «գերիշխող էին կավակերտ շինությունները»:

Այդ ժամանակ նավթը կիրառվում էր  որպես էժան լուսավորող յուղ, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ այդ նավթով սկսեց հետաքրքրվել երիտասարդ շվեդ Ռոբերտ Նոբելը («Սանկտ Պետերբուրգի զինագործարանի սեփականատիրոջ եղբայրը»):  Նա սկիզբ դրեց առաջին նավթարդյունաբերական աշխատանքներին:

Նավթի արդյունաբերությունը սկսեց զարգանալ արագ տեմպերով՝ սկզբում Նոբելը աշխատանքի է ընդունում ընդամնեը երեսուն մարդու, սակայն 1913 թվականին Բաքվի ձեռնարկություններում աշխատում էր արդեն երեսուն հազար մարդ, իսկ շահույթը կազմում էր 18 միլիոն ռուբլի: 

Ոսկե երակը նպաստեց նրան, որ կես դարվա ընթացքում քաղաքի բնակչության թիվը մեծանա ավելի քան քառասուն անգամ, կային բավականին շատ ապօրինի աշխատողներ՝ հիմնականում Իրանից, ովքեր բնակվում էին քաղաքի ետնախորշերում:  

«Ապշերոնյան թերակղզում կենտրոնացած է ողջ ռուսական նավթի արդյունահանման 82,6 %-ը: Արդյունահանման համար նախատեսված ծախսը աշխարհում ամենաէժաններից մեկն է, քանի որ նավթը գտնվում է մակերեսին մոտ՝ միջին հաշվով հորատանցքերի խորությունը հինգ անգամ ավելի փոքր է, քան Տեխասում:  Աշտարակների ընդհանուր թիվը մոտավորապես 4200 է: Նավթից և նավթամթերքներից ստացված տարեկան շահույթը կազմում է առնվազն 300 միլիոն ռուբլի…»

Քաղաքի բնակչության վերաբերյալ Ակունինը գրում է ՝«այստեղ գերիշխում են երկու ազգեր՝ ադրբեջանական թաթարներ, որոնց սխալմամբ անվանում են պարսիկներ և հայեր»՝ մեջ բերելով տվյալներ ուղեցույցից, և նշում է, որ «ազգագրական տեղեկագրում բնիկ բնակչությանը անվանում են “ադրբեջանցի թյուրքեր”, և չգիտես, թե որն է ճիշտ»:   Այդ նույն տեղեկագիրը 1914 թվականի դրությամբ տվյալներ է պարունակում 101.803 մահմեդականների, 67.730 ռուսների, 57.040 հայերի, 1990 վրացիների, ինչպես նաև «մեծ թվով օտարերկրյա հպատակների» վերաբերյալ:  

Ակունինը Բաքուն անվանում է «Ռուսական կայսրության ամենավտանգավոր վայրը», չէ որ այնտեղ լուրջ մարտեր են տեղի ունեցել նավթային բարոնների, թյուրքերի և հայերի միջև:  Լարված իրավիճակը էլ ավելի էր խորանում օտարերկրյա գործակալների, «բոլոր երանգների» հեղափոխականների և հանցագործների ներկայությամբ: 

Հատկանշական է 20-րդ դարի սկզբի քաղաքի արտաքին տեսքի նկարագիրը:  Ակունինը Բաքուն անվանում է «եվրոպական ոճում թաքնված արևելյան քաղաք», որտեղ գետաքարերով ծածկված «բացարձակ եվրոպական պողոտաներ են» , որոնց վրա խոյանում էին քարե ոչ բարձրահարկ տները «Պետրովկա կամ Նեգլիննայա փողոցների պես». Այնուամենայնիվ, այդ պատերից այն կողմ սկսվում էր Ասիան՝ «Քիփ կառուցված ցածրահարկ տներ՝ հարթ տանիքներով, նրբանցքերի մութ ճեղքեր, դեղին քարե սալարկներ և բազմություն, որի մեջ առհասարակ չկային եվրոպական հագուստով մարդիկ, իսկ այդ բազմաձայն ամբոխում չէր հնչում և ոչ մի ռուսական բառ»:

Ըստ սյուժեի՝ Ակունինի գլխավոր հերոսը հայտնվում է քաղաքի գլխավոր նավթարդյունաբերող Մեսրոպ Արտաշեսի Մարդակյանի ճաշկերույթում, և մեզ հնարավորություն է ընձեռվում «հյուրընկալվել» 20-րդ դարի Բաքվում բնակվող հայի պալատներում՝ «Քարավանը կանգ առավ հոյակապ ոսկեզօծ դարպասների մոտ՝ այդպիսինները կպատրաստվեին նաև Բուքինգեմյան պալատի պատվին:  Վանդակավոր ցանկապատի երկայնքով կայանված էին թանկարժեք մեքենաներ և լաքապատ կառքեր:  Քիչ հեռվում առաջնակարգ նվագախումբը կատարում էր վիենական վալսը»:  Յուրաքանչյուր հյուրի կցված էր մեկական թիկնապահ, քանզի «առանց դրա անհնար է»: «Նրանք, ովքեր փայտե պատյաններով էին՝ ապահովում էին հայ միլիոնատերերի անվտանգությունը, — գրում է Ակունինը,իսկ կաշվե պատյաններով թիկնապահները ապահովում էին մահմեդական նավթարդյունաբերողների անվտանգությունը:  Հայերը սիրում են “մաուզերներ”: Թյուրքերը սիում են ռևոլվեր:  Եվ՛ մեկ կողմը, և՛ մյուս կողմը սարսափելի ավազակներ են և տանել չեն կարողանում մեկմեկու:  Սակայն կոտորած չեն անի:  Ամեն դեպքում, քանի դեռ իրենց տերերը լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ»:

Մարդակյանի դղյակը գտնվում էր նավթային հորատման աշտարակներով տոթ անապատից ոչ հեռու, սակայն «կարելի էր կարծել, որ մեքենան քաղաքից հեռացել էր ոչ թե ընդամենը քսան վերստ, այլ բնակլիմայական մի գոտուց տեղափոխվել էր մեկ այլ գոտի՝ անապատային գոտուց՝ ենթարևադարձային»:  Այս ամենը իրականացվում էր «նանոտեխնոլոգիաների» կիրառման միջոցով՝ ձմռանը սարերից բերում էին հարյուրավոր տոննա սառույց, տեղավորում հատուկ մառաններում և կիրառում ըստ նպատակի՝ այդ գոտում սառը միջավայր ստեղծելու համար: 

Գլխավոր հերոս Էրաստ Ֆանդորինի օգնականներից մեկը Ակունինը դարձնում է Կարա-Գասըմ անունով ադրբեջանցի ավազակին, ով ժողովրդի շրջանում մեծ հարգանք էր վայելում:  Նրա և Ֆանդորինի միջև զվարճալի և կոլորիտային երկխոսություն է տեղի ունենում, ում վրա հարձակվել էր ոմն Խաչիկ անունով տղամարդը՝

— Ո՞վ է այդ Խաչիկը:

— Վատ մարդ է: Հայ:  Հայերը լինում են վատ և  շատ վատ:  Սա շատ-շատ վատն է: Ավելի վատը չի լինում:  Հասկանալի է, չէ՞:

— Անհասկանալի է: Ինչու՞ է նա այդքան ցանկանում սպանել ինձ:

— Ես ի՞նչ գիտեմ — Գասըմը փիլիոսոփայորեն ուսերը թոթովեց:. — Վատ մարդ է, դրա համար էլ ցանկանում է սպանել:  Ասում եմ քեզ՝ հայ է: Անարխիստներին գիտե՞ս: (...) Ոչ միայն անարխիստ հայեր կան, այլ նաև ռուսներ, բայց մահմեդականներ չկան:

(...)

— Իսկ ինչ է Խաչիկն ու Խաչատուրը նույն անուննե՞րն են:

— Լսիր,որտե՞ղից ես այդքան վայրի եկել ու հասել այստեղ:  «Խաչիկն» ու «Խաչատուրը» դա նրանց համար նույնն է, ինչ ձեզ մոտ  «Վանյան» ու «Իվանը»,հասկացա՞ր:

— Խաչատուրի նշանը սև խա՞չն է:

— Միգուցե և այդպես է:  «Крест»  նրանց լեզվով, հայերենով նշանակում է «խաչ»:

Գասըմը թքեց՝ կամ խաչի վրա, կամ հայերի վրա:

Գասըմի շրթունքներով նաև մեկնաբանվում է հայերի և թյուրքերի թշնամության պատճառի իր տարբերակը՝

«Ռուս պաշտոնյաները միշտ, հարյուր տարի հայերի կողմից են եղել:  Քանի որ հայերը խաչ են կրում, Աստվածաշունչ են կարդում:  Բայց հայերը ոչ միայն Աստվածաշունչ, այլ նաև այլ գրքեր էլ են կարդում, իսկ գրքից ինչ քամի ասես խելքին չի փչում:  Ով շատ գիրք է կարդում, ղեկավարությանը չի հարգում, ցանկանում է ամեն ինչ այլ կերպ անել:  Հեղափոխություն է ցանկանում:  Իսկ ղեկավարությունը հեղափոխություն չի ցանկանում, ղեկավարությունը ցանկանում է, որ հանգիստ ու կանոնավոր լինի ամեն ինչ:  Տասը տարի առաջ Բաքվում մի նահանգապետ կար Նակաշիձե ազգանունով:  Նա վրացի էր, իսկ վրացիները հայերից մի քիչ ավելի լավն են:  Նահանգապետ Նակաշիձեն գաղտնի ոստիկանության  հետ միասին ցանկացավ հայերին վախեցնել, որպեսզի մոռանան հեղափոխության մասին:  Գաղտնի ոստիկանությունն ասաց հիմար ու ագահ մարդիկ են (մեզ մոտ (այսինքն՝ թյուրքերի մոտ՝ խմբ. նշ.) էլ կան այդպիսի մարդիկ )՝ կարելի է հայերին մի քիչ կողոպտել ու կոտորել:  Երբ ղեկավարությունը թույլ է տալիս կոտորել, ապա դա հեշտ է անել:  Սկսեցին կոտորել, կողոպտել: «Մի քիչ» չստացվեց, որովհետև երբեք մի քիչ կոտորել չի ստացվում:  Ղեկավարությունն ասաց՝ հերիք է, իսկ մարդիկ դեռ էլի էին ցանկանում:   Այնուհետև զինվորները սկսեցին կրակել: Իսկ Կովկասում եթե սկսես կրակել, կրակոցները շուտ չեն դադարի:  Մարդիկ նեղացան, սպանեցին, այն գլխավոր գեներալին, ով տվել էր այդ հրամանը:  Հայերը նեղացան նահանգապետ Նակաշիձեից, նրան ևս սպանեցին:  Հիմար և ագահ մահմեդականների պատճառով հայերը նեղացան բոլոր մահմեդակններից և սկսեցին կրակել:  Այնուհետև մերոնք էլ ավելի վիրավորվեցին հայերից:  Վերջ՝ հիմա հարյուր տարի իրար վրա պիտի կրակենք:  Սա Կովկասն է:  Մենք չենք սիրում հայերին, հայերը չեն սիրում մեզ, բոլորս միասին չենք սիրում ռուսներին:  Նախկինում Բաքվում բոլորս կողք կողքի էինք ապրում:  Ով որտեղ ցանկանում, զբոսնում էր:  Իսկ հիմա ոչ:  Բաիլով հրվանդանից մինչև Օլգինսկայա մահմեդակններն են բնակվում, այնուհետև դեպի հյուսիս հայերն են բնակվում:  Զբոսնել կարելի է, սակայն ավելի լավ է չանել:

— Բայց եթե դու հասկանում ես, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել և ով է մեղավոր, ապա ինչու՞ ես այդքան ատում հայերին — հարցրեց Ֆանդորինը:

Արյունն իր ճշմարտությունն ունի:  Երբ արյուն է հեղում, գլուխը լռում է: Տղամարդը պետք է անի այն, ինչ պետք է, իսկ հետո Ալլահ ն է որոշում:  Հայերը կրակել են ինձ վրա, ես կրակել եմ հայերի վրա:  Սակայն ինձ բանտարկել են ոչ թե հայերը, այլ ռուսները:  Բանտում հայեր ևս շատ կային, սակայն ծեծկռտուքներ չկային և միմյանց հասցեին հայհոյանքներ չկային:  Բանտում մի թշնամի կա՝ ղեկավարությունը:  Երբ ռուսական ղեկավարությունը Բաքվից հեռանա, ընդհանրապես հեռանա, այդ դեպքում մենք հայերին կոչնչացնենք:  Իսկ հիմա պարզապես նրանց չենք սիրում: Մեծ կոտորածներ դեռևս չենք անի — պատասխանեց նրան Գասըմը:

Բորիս Ակունինի վեպի էջերում թաքնված են տարբեր քաղաքական, էթնիկական, ըստ դասի պատկանելիության հերոսների միջև տեղի ունեցող ինտրիգներ ու դավեր, լուրջ կրքեր, հետաքննություններ և շատ այլ իրադարձություններ, որի անվանումը, ըստ իր խոսքերի, ի հայտ եկավ իսկույն ևեթ գաղափարի հետ միասին:  Վերոնշյալ իրադարձություններին սրությունէ հաղորդում էպիկական ավարտը:

Խորհուրդ է տրվում անպայման ընթերցել:

 

Բորիս Ակունինը՝ նույն ինքը Գրիգորի Չխարտիշվիլին ռուս գրող է, գիտնական-ճապոնագետ, գրականագետ, թարգմանիչ ու հասարական գործիչ:

 

 

 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո