Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Օզջան Ալպերի «Աշուն»-ը: ֆիլմի գրախոսություն
Մշակույթ

Օզջան Ալպերի «Աշուն»-ը: ֆիլմի գրախոսություն

Օզջան Ալպերը մեկն է այն քիչ թուրք ռեժիսորներից, ով իր ֆիլմերում բարձրացնում է  թուրքական իրականության սուր խնդիրները` դա անելով նուրբ ու ճաշակով:  Ծագումով համշենահայ` նա իր ֆիլմերում անդրադառնում է Թուրքիայում առկա ազգամիջյան խնդիրներին, որոնց մասին ընդունված է լռել:

Բանտի վանդակաճաղերի մոխրագույն կամարներ, որոնք զսպում են Թուրքիայի ազատության համար պայքարող մարտիկների ուժեղ ճնշումը:  Այդ խցերից մեկից դուրս է գալիս Յուսուֆը, նրան տանում են բանտային հիվանդանոց: Խորը շունչ:  Բժշկի եզրակացությունը` «քո թոքերից գրեթե ոչինչ չի մնացել»:  Հետո կադրը փոխարինվում ճանապարհով` Յուսուֆին ազատ են արձակում տուն:

Ճանապարհին տիրում է այն նույն մռայլ մթնոլորտը, սակայն հիմա դրան նպաստում է բնությունը:   Նա կարծես թե նուրբ կերպով զգում է սյուժեի հերոսի հոգեվիճակը և ներդաշնակորեն նրա  կերպարը պարուրում է անհայտության շղարշով: Ինչ է լինելու հետո այնտեղ` տանը...

Յուսուֆի տունը գեղատեսիլ գյուղակ է Սև ծովի ափին: Այնտեղ տնակներն ասես ցրված լինեն կանաչ լեռների լանջերին, որոնց պարուրել է խիտ մառախուղը:  Կարմիր միկրոավտոբուսը անցնում է ծովափի երկայնքով:  Եվ ահա նա կանգնում է այդ տնակներից մեկի շեմին:  Մուտքի մոտ հանգիստ նստած ծեր շունը գլուխն անգամ չի բարձրացնում, որպեսզի դիմավորի նրան: Բացվում է դուռը:   

Նրա առջև ասես յուղանկար լինի. ծեր մայրը միայնակ նստած է պատուհանի մոտ և նայում է դեպի հեռուն:  Մեջտեղում վառարանն է վառվում:  Նա նույնպես ասես չի նկատում Յուսուֆին: «Մամա» - կանչում է Յուսուֆը:   Մայրը կտրուկ կանգնում և փաթաթվում է տղայի պարանոցին: 10 տարի է, ինչ մայրը որդուն չէր տեսել:

Հայրենի երկրամասում ոչինչ չի փոխվել, բայց միևնույն ժամանակ կյանքի վաղանցիկությունը անցել է նաև այս հանգիստ անկյունով:  Յուսուֆը իմանում է, որ մինչ նա բանտում էր, հայրը մահացել է, իսկ քույրն ամուսնացել ու տեղափոխվել է ուրիշ քաղաք: Անվրդով ընկերները նույնն էին մնացել, սակայն փոխվել էր ինքը:

Ամեն ինչ անդառնալիորեն փոխվել էր:  Հերոսի հիշողության մեջ անընդհատ բանտից կադրեր են հայտնվում, գիշերները երազում մղձավանջներն են տանջում, բայց ինչպես իր հիվանդությունը, Յուսուֆը շարունակում է այդ ամենը իր ներսում պահել, իրեն միայն մի պահ թուլություն թույլ տալով` արագ նստելով մեքենան և գնալով սարեր, նա, կանգնելով անդունդի առաջ, արձակում է այն ճիչը, որն այսքան ժամանակ  անընդհատ ուզում էր դուրս հորդալ, բայց հերոսի պես գտնվում էր անազատության մեջ:  

Բնություն:   Այս միջավայրը չի կարող դիտողին անտարբեր թողնել: Այն իր մեջ պարունակում է բազմաթիվ ակնարկներ ու հուշումներ:  Սարերի արտահայտիչ լանջեր, փոփոխվող բնություն, աստիճանաբար թառամող աշուն:  Գլխավոր հերոսը նրանց մի մասն է, օղակը: Նա  փորձում է լեռնային օդից կլանել կենսական էներգիան, արթնանալ, ինքն իրեն ձյունով պատել... :

Յուսուֆի գոյության փարոսն այժմ նրա ծեր մայրն է:  Նա մարմնավորում է հին քաղաքակրթության կերպարը, վարում ավանդական կենսակերպ և խոսում է հայերեն լեզվի հին բարբառով, որը նա պահպանել է թուրքալեզու շրջապատում:  Այս կնոջ մեջ զգացվում է համառություն, որը փոխանցվել է իր որդուն` իր սոցիալիստական տեսակետների և հավասարության համար պայքարող մարտիկին, որի համար նա թանկ գին վճարեց:

Բոցավառ սոցիալիստի նախկին ջիղից` Յուսուֆին մնացել են միայն հիշողությունները և երիտասարդ ժամանակվա լուսանկարները:  Նրա դեմքի անկենդան արտահայտությունը հեռուստադիտողին հետևում է ամենասկզբից և ամեն անգամ հույս է արթնանում, որ կգտնվի մի ուժ, որը կստիպի նրան մի քիչ ապրել:

Հույսը արդարացվում է:  Մենք տեսնում ենք, թե ինչ հետաքրքությամբ է  Յուսուֆը նայում երիտասարդ վրացուհի Էկային, ով Յուսուֆի պես հուսակտուր ու կորսուսյալ արարած է և ստիպված է գումար վաստակել անբարո կյանք վարելով:  Կհաջողվի արդյո՞ք երկու միայնակ հոգիներին միավորվել, ովքեր համարձակվել են թույլ կամք դրսևորել հանուն հասարակ մարդկային երջանկության:   

Ֆիլմում իրադարձությունները համակցվում են այն հետևանքներով, որոնց մարդկանց ժառանգություն է թողել պետական իշխանության կործանարար ուժը, որն ի զորու է ոչնչացնել կենդանի մարդուն:  Սիրային դրաման ուղեցվում է ալեկոծվող Սև ծովով, որը պատկերավոր ցուցադրում է հերոսների ներքին հոգեվիճակը, իսկ խոսքերի կամ երկար երկխոսությունների կարիքը ընդհանրապես չի զգացվում:   

Ֆիլմի ողջ ընթացքում հնչում են դասական կամ էթնիկ մեղեդիներ`ստեղծելով իսկապես գեղագիտական պատկեր, որը գեղեցիկ և զգացմունքայնորեն պատմում է Թուրքիայում գոյություն ունեցող սոցիալ-քաղաքական սուր խնդիրների վերաբերյալ: 

Ձմեռ է: Բազկաթոռին նստած է մայրը`  «Յուսուֆ մի քիչ էլ նվագիր..»:  Յուսուֆը շրթունքներով հպվում է պարկապզուկին` համշենահայերի ավանդական երաժշտական գործիքին, և գործիքը սկսում է հնչեցնել մեղեդու ձգված հնչյունները:  Այս մեղեդու ներքո մենք պատուհանից դուրս կտեսնենք մարդկանց մի խումբ, ովքեր լեռնային լանջով տանում են անկենդան մարմինը...

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո