Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Մերձավոր Արևելքից հայի հիշողությունները Խորհրդային Հայաստան հայրենադարձության վերաբերյալ
Հուշ

Մերձավոր Արևելքից հայի հիշողությունները Խորհրդային Հայաստան հայրենադարձության վերաբերյալ

Եղիշեի ընտանիքը, փրկվելով հայոց ցեղասպանությունից, Թուրքիայում բավականին վտանգավոր ճանապարհ է անցել` մի կերպ հասնելով Միջերկրական ծովի ափ, որտեղից մի արաբ քրիստոնյա մի քանի թաքցրած ոսկու դիմաց  նրա ընտանիքը տեղափոխում է Բեյրութի նավահանգիստ:  Բեյրութը պետք է դառնար նրանց վերջնական հանգրվանը, սակայն, հանգամանքների բերումով, նրանք հայտնվում են Ավետյաց երկիր Պաղեստինում, որտեղ ի վերջո հաստատվում են:  

Պաղեստինի Յաֆֆո նավահանգստում են անցել իմ մանկությունն ու պատանեկությունը:  Իմ ընտանիքը ապրում էր բարեկեցիկ կյանքով, ես լավ կրթություն եմ ստացել, մասնակցում էի հայ համայնքի կյանքին, դա իմ կյանքի անհոգ ու երջանիկ ժամանակաշրջանն էր:  

Բայց եկավ 1947 թվականը։ Իրարանցում էր և՛ Իսրայելում, և՛ Պաղեստինում, և ՛ Լիբանանում, և՛ Սիրիայում։ Հայրենադարձության ալիքը ողողել էր մարդկանց ու նրանց սրտերը։ Այդ բառը բերնե-բերան էր անցնում, կարոտախտը բուն էր դրել յուրաքանչյուր հայ ընտանիքում։ Կոմունիստտական անբարո քարոզչությունը տարածում էր, թե՝ հայե՛ր, վերադարձե՛ք Հայաստան՝ ձեր հայրենիքը, և ինչ շահագրգիռ հրաշապատումներ էին ներկայացնում, լսել էր պետք։ Եկե՛ք, Հայաստանը դրախտավա՛յր է, հավերն ածում են հենց փողոցներում, պատերի տակ, բայց հավաքող չկա... Եկե՛ք, տները դատարկ են, հողը մշակվում է, բայց բերքը հավաքող չկա՛... Անդամագրվե՛ք փութով, թև ոչ՝ ո՛ւշ կլինի...

Պապս ու հայրս ռամկավարներ էին, այսինքն՝ բանվորական կուսակցության անդամներ, իսկ հորաքույրս և ամուսինը՝ մոլեռանդ դաշնակցականներ, ես էլ դաստիարակված էի նրանց ոգով։ Շատ համոզեցին պապիս և հորս, սակայն վերջիններս մնացին անդրդվելի։ Մանվելն (հորաքրոչս ամունինը) ու իր կուսակիցները ասում էին, թե այդ ագիտացիան ստահոդ խորամանկություն է, թե սովետում պատերազմից հետո այժմ սով է, հորդորում էին ուշքի գալ, ետ կանգնել ներգաղթելու գաղափարից։ Հորաքույրս և ամուսինը նույնիսկ բաժանեցին ինձ ու ծնողներիս, ինձ թաքցրին։ Սակայն պապս ու հայրս հաստատակամ էին ու անդամագրվեցին...

Եղիշեի տատն ու պապը՝ Գրիքորն ու Մարիամը իրենց երեխաների՝ Վերոնի և Գևորգի հետ:
Ադանա,  Oսմանյան կայսրություն, XIX դարի վերջին

1947 թ. հոկտեմբեր...

Հոկտեմբերյան մի առավոտ իրարանցում էր Յաֆֆա քաղաքում, բոլորը՝ մեծ ու փոքր, շտապում էին նավահանգիստ, որտեղ խարիսխ էր գցել սովետական Պոբեդա նավը՝ հսկա մի նավ։ Ողջ հայությունը այնտեղ էր, ոտք դնելու տեղ չկար։ Նավաստիները պարկերով ալյուր և շաքարավազ էին թափում ծովը, իսկ ագիտատոր-քարոգիները բացատրում էին հասարակությանը, թե Հայաստանում այնքան շատ է այդ հարստությունը, որ այլևս անարժեք է ու ավելորդ...

ԽԱԲՎԵՑԻՆՔ...

Ով ինչ ուներ՝ վաճառեց. տուն, խանութ, ունեցվածք, կահ-կարասի... Համոզված էինք, թե Հայաստանում կփոխհատուցվեն վնասները, որ այստեղ կրում էինք՝ ունեցվածք վաճառելիս։ Նաև մտածում էինք, թե շատ ապրանք վերցնելու կարիքը չկա, պետք է վերցնել միայն հույժ կարևոր փաստաթղթեր և առաջին անհրաժեշտության իրեր։ Տրված էր յոթ օր ժամանակ։ 1947-ի հոկտեմբերի 23-ն էր, իսկ նավը խարիսխը պիտի բարձրացներ 30-ին, ուշացողները կզրկվեին դրախտավայր Հայաստան հասնելուց։

Յաֆֆայում եռուզեռ էր, անասելի ցածր գներով վաճառում էին ինչք ու կայք, հրաժեշտի երեկոները սրտառուչ լացակումած էին։ Բաժանվում էին հայրեր ու որդիներ, բարեկամը՝ բարեկամից, հարազատը՝ հարազատից, խառնվել էին ուրախություն ու տխրություն, արցունք ու ժպիտ։ Ի՜նչ սրտակեղեք բաժանում, կարծես մեզ տանում էին սպանդանոց։ Հորաքույրս կախվեց բեռնատարի թափքից, հեկեկալով բղավում էր՝ իմ Եղիշեին մի՛ տարե՛ք... Բայց՝ իզուր... Մեքենան շարժվեց, ու ամեն ինչ կորավ փոշու ամպի մեջ...

ԵՎ ՎԵ՛ՐՋ...

Նավահանգստում ասեղ գցելու տեղ չկար, բոլորը նավ էին բարձրանում։ Մեր ունեցածը մի մեծ հակ էր, տատիկիս օժիտից մնացած մի սնդուկ, որը մինչև այսօր մեր տանն է։ Բարձրացանք նավ, ու ջուրը մեզ բաժանեց ցամաքից։ Նավի շչակը սուլեց հանկարծ։ Կարծես աշխարհի վերջն էր։ Ձեռքեր էին թափահարվում, գլխարկներ էին վեր նետվում, ոմանք չոքած էին ցամաքի վրա, նավի բազրիքներից մարդիկ կախվել էին՝ վերջին հրաժեշտի վերջին համբույրներն էին հղում։

Ապա ամեն ինչ կամաց-կամաց կորավ մշուշում, մնացին Միջերկրական ծովի անսահման ջրերն ու քամիների խաղալիք մեր նավը։ Երեք ժամից նավը խարիսխ գցեց Հայֆա քաղաքում։ Կարանտին էր, այստեղ պետք է իջնեինք նավից ու մեկ շաբաթ մնայինք վրանների տակ։ Պատկերացրե՛ք, անծանոթ քաղաք, փշալարերով շրջապատված վրանային մի ճամբար, ու սա մեր առաջին հիասթափությունն էր. Ախա՛ր ինչո՞ւ, ինչը մղեց մեզ այս քայլին։ Երեք օր սնվեցինք ճանապարհի համար վերցված սննդի մեր պաշարով։ Թե ինչ կարանտին էր՝ ոչ ոք չգիտեր, և առողջական վիճակի որևէ ստուգում իսկ չէր իրականացվում։

Ձախ կողմում՝ Եղիշեի ծնողները՝ Մարտիրոսն ու Արևիկը (1920 թթ): 
Աջում՝ Եղիշեն իր կնոջ` Ռոզայի հետ (1960 թթ)

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ...

Ճամբարից դուրս գալու իրավունք չունեինք, դրսից օգնություն ակնկալելն անօգուտ էր, սովն ու ծարավը հյուծում էին, կարծես բանտային ռեժիմով գաղութ էինք ընկել։


Երրորդ օրը սկսեցին ճաշ բաժանել, ամեն ընտանիքից մեկը պետք է գնար ընտանիքին հասանելիք ճաշը ստանալու։ Բերեցին ջրալի ճաշ, բայց ինչ ճաշ. եռացրած ջուր էր՝ մի քանի կտոր կարմիր կարտոֆիլով ու մի քանի հատիկ սիսեռով։ Հետն էլ՝ խմելու ջուր, բայց լվացվել չէինք կարողանում։ Հինգերորդ օրը վրանները հավաքեցին և բոլորիս հոտի պես քշեցին դեպի նավ։ Գիշեր էր։ Երբ լույսը բացվեց, մենք մեզ գտանք Բեյրութի նավահանգստում։ Պարզվեց, որ այդտեդից պետք է վերցնեին ևս մի մեծ խումբ ներգաղթողների։ Նրանք երեք օր սպասել էին նավահանգստում։ Բայց նավը չէր կարող այդքան ուղևոր վերցնել։ Հայտարարվեց, թե շուտով մեկուրիշ, ավելի հսկա մի նավ է գալու՝ «Ռոսիան»։

Մեկ նավախուցը տրամադրվում էր երկու ընտանիքի, իսկ նավախցերում տեղ չկար այլևս։ Պատկերացրե՛ք. ժողովրդի մի մասը ներսում են, մյուսները՝ դրսում՝ տախտակամածին, բաց երկնքի տակ, հոկտեմբեր ամսին, ու տախտակամածին էլ քնում են։

Նավը հանդարտ սահում էր ալիքների վրայով, շչակի ձայնը երբեմն պատռում էր լռությունը՝ գիշերվա անծայրածիր տարածության մեջ տարալուծվելով։ Առավոտյան ավետեցին, թե անցնում ենք Բոսֆորի նեղուցը։ Խավար էր։ Նշմարվում էին շարժվող նավակների լույսեր, մինարեթներ։

Մտանք Մարմարա ծով, և մեկ ժամ անց արդեն մոտ էինք Դարդանելի նեղուցին։ Նավն ասես քսվում էր ափերին։ Ընդհուպ մոտ էին նավակներ, օդը հագեցած էր ափերին անցուդարձող թուրքերի աղմուկ-աղաղակով, քաղաքի ավտոմեքենաների ձայնով ու առևտուր անողների զրույց-պատառիկներով։ Իսկ երբ մտանք Սև ծով, լույսն արդեն բացվել էր։ Հսկայական մեր նավը անվերջ ճոճվում-տարուբերվում էր, մարդկանցից շատերը մեզանում անսովոր էին, տանջվում էին սրտխառնուքից, գլխապտոցտից։ Գոռում-գոչյունով այս ու այնկողմ էին վազվզում, օգնություն խնդրում, բայց ո՞ւմից էին խնդրում, երբ ամենուրեք անուշադրություն ու անտարբերություն էր։ Երեք օր՝ նույն ճաշը, նույն հացը, նույն մի գավաթ թեյը մի կտոր շաքարով, անեծքներ էին թափվում, բողոքներ, բայց ո՞ւմ բողոքես, երբ լսող չկա։ Դժգոհությունն ակնհայտ էր, սովը նեղում էր բոլորին, իսկ փորացավը դառնում էր համատարած, մարդիկ հիվանդանում էին ցրտից։

Յոթերորդ օրը նավը խարիսխ գցեց Բաթումի նավահանգստում։ Թույլ տրվեց, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի իջնի նավահանգիստ։ 17-18 տարեկան էի։ Իջա՛։ Շուրջս բոլորը խոսում են ռուսերեն՝ մեզ համար անհասկանաւի լեզվով։ Ափին շուկա կար, հարուստ շուկա էր։ Փոխանակման միջոցով սկսեցինք ձեռք բերել սննդամթերք։ Չէինք մտածում ուրիշ որևէ բանի մասին, միայն թե ուտելիք ձեռք բերեինք։ Ես տվեցի իմ ակնոցը, գրիչը և թևիս ժամացույցը։ Ռուսները, ըստ երևույթին, հիացած էին իմ ունեցվածքով, իսկ ես նավ էի վերադառնում հարուստ ավարով։ Իմ վերադարձը տոնախմբության պես էր։

Անցավ Երկու օր ևս։ Նավի վրա գտնվող բազմությունը անորոշության մեջ էր։ Երրորդ օրը բարձրախոսով հայտարարեցին, որ պատրաստվենք նավը լքելու։ Ով ինչ ուներ՝ շալակն առավ, վերջապես ցամաք էինք իջնելու։ Մեզ տարան ապրանքատար վագոններով գնացքի մոտ։ Զինվորները վագոններն էին բարձրացնում 2-3 ընտանիք։ Վերջապես սոզեց գնացքի շչակը, դռները փակվեցին շրխկոցով։ Շարժվեցինք։ Բոլորը լուռ էին։ Ամբողջ 24 ժամ գնացքը գնում էր առանց կանգ առնելու, մարդիկ իրենց պետքերը հոգում էին հենց վագոնի մի անկյունում, շիրմայով առանձնացված տեղում։ Երևում էր, որ մեզանից առաջ անասուններ են տեղափոխել այս վագոններով, հոտից խեղդվում էինք։ Կրկին նույն անհասկանալի վիճակը, նույն բողոքը, նույն տրտունջը...
- Յավրում, աս ի՜նչ վիճակ է, վերջը ի՞նչ պիտ ըլլա,– ասում էր տատս։
Արդեն նոյեմբերի 15-ն էր, ցրտաշունչ քամին վագոնի ճեղքերից փչում էր ներս, կծկվել էինք՝ իրար մեջք-մեջքի, ծածկվել էինք՝ ով ինչով կարող էր, երեխաները դողում էին, բայց ճար չկար։ Արդեն մութն ընկնում էր, երբ հայտարարեցին, թե մոտենում ենք Արարատյան դաշտավայրին:

Ի վերջո վագոնների դռները բացվեցին, հայտարարեցին, որ առավոտյան մեզ տեղեր են հատկացնելու մոտակա գյուղերում։ Սոված էինք, սառած։ Դանդաղ իջանք վագոններից։ Հայրս և վարսավիր Երվանդը շրջեցին և պատահաբար գտան, որ վագոններից մեկը բեռնված էր ճակնդեղով։ Շտապ ցախ ու վառելափայտ գտանք, կրակ վառեցինք, ճակնդեղները լցրեցինք կրակի մեջ։ Մյուս վագոնների «բնակիչներն» էլ մեր օրինակին հետևցին, կրակներ բոցկլտացին այս ու այնտեղ։ Այդպես, եփված ու կիսահում ճակնդեղները կշտացրին մարդկանց այդ օրը։ Երկու օր մնացինք Արարատի կայարանում։ Ոչ ոք չկար, ոչ ոք չէր հետաքրքրվում մեզանով, անտեր– անտիրական մնացել ենք կայարանում։ Երրորդ օրը երևացին ղեկավար մարդիկ, որոնք ընկերով էին դիմում իրար, իսկ մենք ոչխարների պես, անմեղ հայացքներով նայում էինք նրանց՝ թե ինչ որոշում են ընդունելու։

Երկու ժամ խորհրդակցելուց հետո մեզ բաժանեցին խմբերի: Մեր մեջ կային վարորդներ, սափրիչներ, ոսկերիչներ, կոշկակարներ, հաց թուխներ, դերձակներ։ Արևի ճառագայթները մարմրում էին հորիզոնում, երբ տեղ հասավ մեքենաների և սայլերի քարավանը։ Հինգ ժամ տևեց, մինչև որ վերջապես հասանք գյուղ, որը ադրբեջանցիներով բնակեցված տարածք էր։ Մեզ դիմավորեցին մի քանի այրեր, որոնց հագն ու կապը տեսնելով՝ զարմանքից քար կտրեցինք, կարկատած հագուստներով էին, ոմանք՝ տրեխներով, պատռված կոշիկներով։ Տասներեք ընտանիք մտցրեցին հողե պատերով ակումբը։ Հատակի տախտակները ջարդված-քայքայված էին, ներսում բոցկլտում էր ընդամենը մեկ նավթալամպ։ Ահել, թե ջահել, բոլորս էլ կծկվել էինք ցրտից։ Քամին շռնդալից ներս էր խուժում, սպասում էինք, թե լույսը երբ է բացվելու։

Լույսը բացվեց վերջապես, իրար հերթ չտալով դուրս թափվեցինք՝ տեսնելու և հասկանալու, թե որտէքղ ենք։ Եվ ինչ... Փոշոտ, դարուփոս փողոցներ, հողաշեն անշուք տներ, աղքատություն։ Մնացել էինք շփոթված, կարկամած։

Մեզ և սափրիչ Երվանդի ընտանիքը տեղավորեցին մի թրքուհու գոմում, որ գյուղի կենտրոնում էր։ Օրվա կեսին յուրաքանչյուրիս տվեցին թոնրի մեջ թխված մեկական բոքոն և շաքարի երկուական կտոր։ Դրսում օջախ պատրաստեցինք և փոքրիկ մի կաթսայի մեջ ջուր եռացրինք ու խմեցինք որպես թեյ։ Տատիկիս աչքերը կարծես կուրացել էին մտածմունքից, բան չէր տեսնում, փոքրերը լուծ էին կպել, գիշերը չէինք կարողանում քնել հողե խորդուբորդ հատակին, ոջիլները քրքրում էին մեր մարմինները, քորելուց արյունոտվում էին մեր ոտքերն ու ձեռքերը, հնար չկար։ Առավոտյան եկան, թե՝ պետք է գնաք բամբակի պլանտացիաները, բամբակ հավաքելու։ Աշխատանքի դիմաց յուրաքանչյուրին տալու էին մի բոքոն և երկու կտոր շաքար:

Այսպես անցավ երկու շաբաթ։ Երբ իմացան, որ հայրս վարորդ է, տարան Վեդի ՝ ու ներկայացրին գործադիր կոմիտեի նախագահ, ընկեր Մամեդովին։ Հետագայում հայրս դառնալու էր նախագահի անձնական ավտոմեքենայի վարորդը ։ Քիչ թե շատ լավ օրեր բացվեցին:Կտրոններ տվեցին՝ խանութից որոշ պարենամթերք ստանալու համար։ Յուրաքանչյուրիս օրական հասնում էր 200 գրամ հաց, մեկական հավկիթ, երկու կտոր շաքար և այլն։ Հացը՝ սև, թաց, ցեխի համ
ուներ, իսկ շաքարը դարչնագույն էր ու խոնավ։

Անցավ մեկ ամիս։ Մենք բնակվում էինք գոմում՝ բոլորս միասին։ Դեկտեմբեր ամսին լուր տարածվեց, թե թուրք-ազերիներին տեղահանելու են՝ Ադրջեջան ուղարկելու նպատակով։ Մեկ շաբաթվա ընթացքում գյուղը դատարկվեց։ Մեր գոմին դեմհանդիման ապրում էր կոլխոզի նախագահ Բիլայը։ Նա իր տունը վաճառեց պապիս՝ գումարի փոխարեն մեկ խալի վերցնելով։ Դա գյուղի ամենաբարեկարգ տունն էր՝ շրջապատված հողե աղյուսներով շարված մեկուկես մետրանոց պարսպով, ուներ խաղողի այգի և զանազան պտղատու ծառեր։ Հայրս շարունակում էր աշխատել որպես գործադիր կոմիտեի նախագահի վարորդ և յոլա էր տանում ընտանիքը։ Գյուղը ուներ յոթնամյա դպրոց, ուր սովորում էին թուրք և հայ աշակերտներ։ Թուրք աշակերտները զգալի շատ էին։ Դպրոցի տնօրենը ազերի էր, իսկ ուսմասվարը՝ հայ։

(…)

Եղիշե Միշիկյանը իմ նախապապն է:  Նա ունեցել է բարդ, սակայն իրադարձություններով հագեցած ու հետաքրքիր կյանք:  Աշխատել է որպես անգլերեն լեզվի ուսուցիչ և երկար տարիներ` ընդհուպ մինչև ծերություն իր մոտ էր ընդունում աշակերտների:  Պատմություններն ու հուշերը նա գրի էր առնում թերթիկների վրա, որոնք հետո պահում էր իր տանը:  Իր կյանքի մայրամուտին ընտանիքի անդամները որոշեցին այդ թերթիկներից կազմել ինքնակենսագրական վիպակ, որը դարձավ իսկական ընտանեկան նշխար:  Հետաքրքիր է` ինչպես կդասավորվեր ընտանիքի կյանքը, եթե չլիներ ԽՍՀՄ գաղթելու հանգամանքը:  Այո', պապիկն ու իր ընտանիքը շատ զրկանքների են կրել, սակայն, այնուամենայնիվ, դրա շնորհիվ շատ սերունդներ ծնվել և մեծացել են հայկական հողի վրա և հիմա կազմել են մեծ ու կուռ ընտանիքներ` միավորված այն արժեքներով, որը մեր մեջ սերմանելէ մեր ցեղի հիմնադիրը` Եղիշե Միշիկյանը:    

Յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ նա գավաթ էր բարձրացնում և ասում` «Իմ մահից հետո չհեռանաք միմյանցից, չկորցրեք միմյանց հետ կապը:  Հիշե'ք, արյունը ջուր չէ»:  Պապիկ մենք ամեն ինչ հիշում ենք: Հանգչիր խաղաղությամբ: 

 

 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո