Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ստամբուլից Համշեն, Համշենից Երևան. հարցազրույց Էրոլ Ամատունի Բերզիգանի հետ

Ստամբուլից Համշեն, Համշենից Երևան. հարցազրույց Էրոլ Ամատունի Բերզիգանի հետ

- Պարոն Ամատունի պատմեք Ձեր ուղևորության մասին:

- Սկզբում մենք երեխաների հետ եղանք Չամլըխեմշինում՝ մեր պապենական Մոլեվինց (Մոլեվենչ)գյուղում, այնուհետև այցելեցինք ոչ հեռվում գտնվող Զիլ-կալե ամրոցը և Պալովիտ ջրվեժը:     Չհասցնելով այցելել Խաչիվանք և էլեվիտ՝ մենք մեկնեցինք Բաթումի:

Ճանապարհին մի քիչ խոսեցինք Հոպայից եկած համշեն տաքսու վարորդների հետ:  Նրանք բոլորը արդեն հասցրել էին լինել Հայաստանում, և բոլորը միաձայն ասում էին այն ճշմարտությունը, որի մասին բոլորը գիտեն:  Նույնիսկ ինքն իրեն թուրք անվանող համշեն տաքսու վարորդը, ով եղել էր Հայաստանում, ժպիտով պատմում էր, որ այնտեղ բոլորին ասում էր՝ “Ես համշենահայ եմ”՝ նշելով թե ինչքան նման են մեր լեզուները:

Եվ ահա Համշենի գեղեցկությամբ հմայված՝ մենք հայտնվում ենք Աջարիայի հետ սահմանին: Համշեն տաքսու վարորդը, իր այցեքարտը թողնելով, խնդրում է ինձ բարևներ հաղորդել իր երևանցի ընկերներին և ապա հավելում  "Մինչ նոր տեսություն!" Եվ ահա մենք նստում ենք "Բաթումի-Երևան" գնացքը:  Եվ անմիջապես զգում ենք համշեն լինելու առավելությունները:  Գնացքում մեզ գերազանց էին սպասարկում, բառացիորեն բիզնես կարգի ծառայություն էր մեզ մատուցվում, իսկ ուղեկցորդուհիների աչքերում բազմաթիվ հարցեր կարելի էր կարդալ:

Եվ ահա մենք Երևանում ենք:Այցելեցինք քաղաքի միակ պարսկական մզկիթը:  Տեղեկանալով, որ Թուրքիայից ենք՝ մզկիթի իմամը փորձում է տնտղել մեզ՝ հարցեր տալով Բաշար Ասադի մասին, ամեն կերպ գովաբանում նրան, սակայն մենք նրան հասկացրեցինք, որ չենք ցանկանում խորանալ այդ թեմայով:  Հասկանալով, որ գործ ունի մահմեդական հայերի հետ, իմամը իսկապես մեծ ցնցում ապրեց:  Մենք շտապեցինք հեռանալ այդտեղից: 

Քաղաքում զբոսնելու ժամանակ ես հանկարծ զգացի, որ գրավում ենք բոլորի սևեռուն ուշադրությունը, մի բան, որը Հայաստան կատարած նախկին երկու ուղևորությունների ընթացքում երբեք չէի զգացել:  Եվ այդ պահին ես հասկացա, որ պատճառը իմ դուստրն է, ով հիջաբ էր կրում:


 

Զբոսնելով քաղաքում՝ մենք եկանք "Անի" հյուրանոցի մոտ գտնվող մի եկեղեցի: Տաճարի դուռը բաց էր, և մենք որոշեցինք ներս մտնել:  Այստեղ մենք մկրտության արարողության ականատեսը եղանք:  Գլխաշորով մայրը՝ ձեռքին երեխան, երեխայի հայրը, ով կանգնած էր կնոջ կողքին, քահանան:  Բարեկամները հերթով նվերներ են տալիս երեխային:Այդ պահին դուստրս բացականչեց՝

- Հայրիկ քահանան ուղիղ ինձ նայեց: Ես վախեցա:

- Մի՛ վախեցիր, աղջիկս, նա պարզապես կարծում է, թե մենք օտարներ ենք:

Եվ այդ պահին քահանան մոտեցավ մեզ և ասաց անգլերեն լեզվով.

- Շնորհավորում եմ Ձեր Ռամադանը:

- Շնորհակալություն

- Դուք պարսիկներ ե՞ք:

-Ոչ, մենք համշենահայեր ենք:                                                                                                            

Քահանան բառացիորեն ցնցվեց:  Ես ինքս էլ զարմացա:

-Դուք քրիստոնյա ե՞ք:

- Ոչ, մենք մահմեդական համշեններ ենք: 

- Բարի գալուստ Հայաստան:

Նա անմիջապես մեզ հյուրասիրեց եկեղեցի այցելողների բերած հրուշակեղենից:  Հայացքն ուղղած մեր կողմը՝ քահանան շփոթված ևս մի քանի անգամ կրկնեց՝ "Բարի գալուստ Հայաստան":

Մեր այցի երկրորդ օրը մենք սկսեցինք փնտրել մի վայր, որտեղ կարող էինք սնվել:  Քանզի մենք կասկածներ ունեինք մսամթերքի հետ կապված՝ ուստի փորձում էինք պատահական վայրերում չճաշել:    Մեր ընտրությունը կանգ առավ "Կարաս" ավանդական հայկական խոհանոց ռեստորանի վրա՝ հուսալով, որ այնտեղ պահքի ուտեստ կգտնենք:  Մենք հավանեցինք հացի կտորներով ապուրը և պատվիրեցինք այն: 

- Դուք թուրք ե՞ք- հարցրեց մեզ մատուցողուհին անգլերեն լեզվով:

Մեզնից լսելով, որ մենք համշենահայեր ենք, աղջիկը ներքև վազեց՝ գոռալով"Նրանք համշենահայեր են":  Մեր շուրջը հավաքվեցին նրա ընկերներն ու գործընկերները:  Մեզ այնպես ջերմ ընդունեցին, որ մենք չկարողացանք հրաժարվել համատեղ լուսանկար անելուց:  Պարզվեց՝ այդ աղջիկը թուրքագիտության ֆակուլտետի ուսանողուհի է:

Երբ վերադարձանք հյուրանոցի համար, իմ երջանիկ ու գոհ զավակն ինձ հարցրեց՝ "Հայրիկ, ինչու՞ են մեզ այդքան ջերմ ընդունում, երբ պարզում են, որ համշեն ենք":

Հոգաչափ շնորհակալ եմ իմ հայ ընկերներին՝ ջերմ ընդունելության և հիանալի վերաբերմունքի համար:


- Պարոն Ամատունի, մի քիչ պատմեք Ձեր մասին:

- Իմ նախնիները շատ վաղուց գաղթել են պատմական Համշենի տարածքից և բնակություն են հաստատել Սակարիայում՝ այն ևս մեկ համշենահայերով խիտ բնակեցված շրջան է՝ Թուրքիայի արևմտյան մասում:  Ներկայումս ես բնակվում եմ Ստամբուլում, զբաղվում եմ առևտրով:

Բարձրագույն կրթությունս "Զբոսաշրջություն" մասնագիտությամբ ստացել եմ Կանադայում:  Ունեմ երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր:   Ավագ որդիս այս տարվա սեպտեմբեր ամսից կսկսի ուսումը Կանադայում՝ ռեժիսուրայի ֆակուլտետում:  Երկու կրտսեր երեխաներս դեռևս սովորում են դպրոցում: 

- Որտեղի՞ց է Ձեզ մոտ հասունացել հայությանը պատկանելու գիտակցությունը: Դրա մասին Դուք լսել եք Ձեր բարեկամների՞ց, թե՞ այլ աղբյուրներից: 

- Ես սովորական թուրք տղա էի, համարում էի ինձ համշեն, թուրք-մահմեդական:  Քրիստոնյաներին ընդհանրապես, և հայերին մասնավորապես մեղմ ասած զգուշորեն էի վերաբերում:   Չեք հավատա, բայց կային ժամանակներ, երբ ես ձեռքս էի վերցնում Ստամբուլի հեռախոսային տեղեկատուն և այնտեղ փնտրում հայկական անուններ, զանգահարում նշված համարներով և այդ մարդկանց ասում, որ հեռանան մեր երկրից: 

Մոտավորապես հինգ տարի առաջ ես որոշեցի ավելի մանրակրկիտ ուսումնասիրել համշենների էթնոգենեզի, ձևավորման թեման և այդ ժամանակ բախվեցի մի հիշատակման հետ, որտեղ նրանք նշվում են որպես մահմեդական հայեր, որոնցից շատերը մինչ օրս խոսում են արևմտահայերեն լեզվի համշեն բարբառով:  Որքան խորն էի ընկղմվում այդ թեմայի մեջ, այնքան ավելի ակնհայտ էին դառնում փաստերը: Որոշ ժամանակ անց ես ԴՆԹ անալիզ հանձնեցի՝ էթնիկական պատկանելությունը պարզելու համար:  Անալիզները ցույց տվեցին, որ իմ մեջ թուրքական ոչինչ չկա, բոլոր ցուցանիշներով ես հայ եմ:  

Որո՞նք էին Ձեր հետագա գործողությունները:

- Ես շարունակեցի ուսումնասիրել այդ թեման, սկսեցի հարցեր տալ, տեղեկություններ փնտրել համացանցում և Ստամբուլի հայկական շրջանակներում:  Անհնար էր շարունակել հերքել ակնհայտը:

Ես նաև գրանցվեցի հայերեն լեզվով դասընթացներին, որտեղ լիովին տիրապետեցի հայերեն այբուբենը:  Այժմ կարող եմ կարդալ տեքստեր հայերեն լեզվով և գրել հայերեն տառերով, թեև լեզվին լիովին չեմ տիրապետում, սակայն շարունակում եմ ուսումնասիրել այն:   

-Մինչ երեխաների հետ այս ընթացիկ այցը, Դուք երկու անգամ եղել եք Հայաստանում, ասացեք, խնդրեմ երեխաների մոտ իրենց հայ լինելու ընկալման հետ կապված ինչ որ բան է փոխվել Հայաստան կատարած առաջին այցից հետո:

- Անշուշտ: Իմ երեխաները հիացած են Հայաստանով, մեզ տրված ջերմ ընդունելությամբ և հիմա ցանկանում են նորից ու նորից այնտեղ գնալ:   Նրանք այլևս չեն թաքցնում իրենց հայկական ծագումը շրջապատից, իսկ իմ դստեր ընկերուհիներից մեկը խոստովանեց նրան, որ ևս հայկական արմատներ ունի:


-Ի՞նչպես կնկարագրեիք իսլամացված, թրքացված, քրդացված հայերի ներկայիս իրավիճակը:

- Այդպիսի մարդկանց քանակը պարզապես ցնցում է երևակայությունը, և իրենց հայ գիտակցող ու իրենց արմատները իմանալ ցանկացող մարդկանց թիվը օրըստօրե աճում է:  Կարծում եմ, մենք կարող ենք արդեն խոսել մի քանի միլիոն այդպիսի մարդկանց մասին, չնայած նրանց վերաբերյալ տեղեկությունները թերի են՝ ստեղծված իրողությունների շնորհիվ:  Facebook  սոցիալական կայքում ստեղծված մահմեդական հայերի վերաբերյալ էջին հազարավոր նամակներ են գալիս նման մարդկանցից: 

- Երբևէ հանդիպե՞լ եք հայկական կողմի Ձեզ՝ որպես մահմեդական չընդունելուն, թյուըմբռնմանը:

- Դժբախտաբար, այո:  Ինձ մշտապես հարցնում են, թե ինչն է խանգարում իսլամացված հայերին կրկին քրիստոնեություն ընդունել, անընդհատ լսում եմ կոչեր վերադառնալ նախնիների կրոնին, դատողություններ այն մասին, որ իսլամը մենք բռնի կերպով ենք ընդունել և այլն:

Իմ կարծիքը այս ամենի մասին հետևյալն է՝ մենք այլևս երբեք չենք իմանա, թե ինչ պատճառներով մեր նախնիները մահմեդականություն ընդունեցին:  Միգուցե դա նրանք արել են ճնշման ներքո, իսկ միգուցե գործնական նկատառումներից ելնելով, որպեսզի կյանքի գնով չվճարեն, չէ որ բոլոր հաջորդ սերունդները, ես ներառյալ արդեն ծնվել ենք այդ կրոնում, դաստիարակվել ենք նրա հողում, այն ներթափանցել է գրեթե բոլոր ոլորտները, դարձել է մեր կենսակերպն ու մտածելակերպը: Իմ հայ երղբայրներին ես նաև խորհուրդ եմ տալիս խորհել մեր նախնիների կողմից քրիստոնեության ընդունման թեմայի շուրջ:  Արդյո՞ք բոլորն են այն ինքնակամ ընդունել:  Մի՞թե մեր պատմությունը սահմանափակվում է միայն քրիստոնեության դարաշրջանով, իսկ էթնիկ ծագումը նույնականացվումէ կրոնական ինքնորոշման հետ:  Ես այդպես չեմ կարծում:  Ինձ համար կարևոր է, որ թե՛ Թուրքիայում, և թե՛ Հայաստանում մեզ պես մարդիկ իրավունք ունենան մնալ այնպիսին, ինչպիսին կան՝ բոլոր հետևանքներով հանդերձ:  Ես մտադիր չեմ Թուրքիայում ապրելով թաքցնել իմ հայկական ծագումը, բայց նաև պարտավոր չեմ լինել քրիստոնյա՝ իմ հայ ժողովրդի կողմից ընդունվելու համար, ավելին, ես կարծում եմ, որ ապագայում մահմեդական հայ  ֆենոմենը կարող է իր կարևոր ու դրական դերակատարումն ունենալ հայ-թուրքական երկխոսության և փոխհարաբերությունների հաստատման գործում:  Անհրաժեշտ է արմատախիլ անել երկկողմանի տիրող անհանդուրժողականությունն ու անտեղյակությունը հանուն մեր հզոր ժողովրդի միասնության և բարգավաճման:  

- Պարոն Ամատունի մեզ մեզ բոլորիս անչափ հետաքրքրում է մահմեդական հայերի կազմակերպության առաջին հանդիպման արդյունքները:  Շա՞տ մարդ է մասնակցել հանդիպմանը, ի՞նչ հարցեր են քննարկվել:

- Հանդիպմանը քիչ մարդ կար, ընդամենը վեց հոգի:  Հարկ է հասկանալ, որ մեր խմբի վիրտուալ անդամների մեծամասնությունը հաճախ բնակվում է Կուստանդնուպոլսից հեռու գտնվող գավառներում, իսկ մյուս մասը դեռևս նախընտրում է չբարձրաձայնել իրենց մասին:  Նույնիսկ տեսախցիկի առջև զրույցների ժամանակ մարդիկ զգուշավորություն են պահպանում:

Մենք որոշում կայացրեցինք գրանցել մեր հասարակական կազմակերպությունը, որի համար պետք է ապագայում հստակեցնենք նրա նպատակներն ու հիմնախնդիրները:  Մեզ հիմնականում հետաքրքում են ինքնության պահպանմանն առնչվող հարցերը, հայերեն լեզվի ուսումնասիրությունը, ինչպես նաև օգնություն տրամադրել այն մարդկանց, ովքեր դեռևս 20-րդ դարի սկզբին կորցրել են իրենց կապը հարազատների հետ, հիմնականում դրանք իսլամացված հայ կանայք են ու նրանց սերունդները:   Մենք նաև կցանկանայինք հնարավորինս աջակցել Հայաստանի Հանրապետությանն ու նրա այն քաղաքացիներին, ովքեր Թուրքիայի տարածքում անելանելի դրության մեջ են, օգնել նրանց թուրքերեն լեզվի ուսուցման գործում, ինչպես նաև Թուրքիայի տարածքում նրանց գտնվելու ողջ ժամանակահատվածում մասնակցել նրանց կյանքին:  

Այսօր Թուրքիայի տարածքում ապրող իսլամացված հայերի ժառանգներից շատերը ընդհանրապես ոչ մի տեղեկություն չունեն ո՛չ ներկայիս Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ ընդհանուր առմամբ հայկական մշակույթի վերաբերյալ, իսկ "հայ" բառը նրանց համար Թուրքիայի պայմաններում նրանց կենսագրության մեջ միշտ համարժեք է եղել ամոթալի, խնամքով թաքցված, ինչ որ "արատավոր երևույթի": 

-Ինչու՞ որոշեցիք ստեղծել Ձեր առանձին կազմակերպությունը, չէ՞ որ մեզ հայտնի են համշենական մի շարք գործող կազմակերպությունների մասին: Դուք չե՞ք փորձել միավորել ձեր ուժերը, կիրառել արդեն իսկ նրանց կողմից մշակված ռեսուրսները: 

- Այո, ես տեղյակ եմ այդ կազմակերպությունների մասին, իմ ընկերներից ոմանք ներգրավված են այդ կազմակերպություններում, սակայն ես կարծում եմ, որ նրանք չեն համապատասխանում հայության գլոբալ մարտահրավերներին, մանավանդ որ համշենների շրջանում էթնիկական ծագման հարցերը մինչև օրս վիճահարույց են:  Բազմաթիվ համշեններ կոմունիզմ-սոցիալիզմի գաղափարների հետնորդներն են, իսկ ազգային ինքնության և մշակույթին առնչվող հարցերը համառոտվում են մինչև նեղ, տեղային "համշենություն" հասկացության, որը չի կարող գոյություն ունենալ հայությունից զատված:  Ինձ ընդհարապես դուր չեն գալիս հայ ժողովրդից "համշենական" ենթաէթնոսը մեկուսացնելու, զատելու այդ փորձերը:  Դա երևի այն պատճառով, որ ես երբեք չեմ բնակվել պատմական Համշենի տարածքում և իմանալով համշենների հայկական արմատների մասին, իրերին ավելի գլոբալ հայացքով եմ նայում՝ ինձ ընդհանուր առմամբ դասակարգելով հայերի շարքին:  Մենք պատրաստ ենք աշխատել մահմեդական հայերի հետ ցանկացած շրջանից, խոսել յուրաքանչյուրի հետ իրեն հասկանալի լեզվով:

-Ձեր կազմակերպության գոր ծունեության ընթացքում, ինչպես նայ այն գրանցելու ընթացքում դժվարություններ ի հայտ գալի՞ս են՝ հաշվի առնելով նրա գործունեության առանձնահատկություններն ու լսարանը:  

- Անշուշտ:  Թե՛ հայկական, և թե՛ թուրքական կողմից մեր հասցեին հնչող ամենատարածված մեղադրանքը՝ դավերն ու լրտեսությունն է հօգուտ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների:  Բայց մենք պատրաստ էինք այդ ամենին և չենք պատրաստվում կես ճանապարհից ետ դառնալ, շարունակելու ենք մեր գործունեությունը օրենքի շրջանակներում և մեր անդամների հասու միջոցներով, չնայած մենք բառացիորեն քայլում ենք բարակ սառույցի վրայով:

- Կարծում եմ շատ ընթերցողների կհետաքրքրի Ձեր Ամատունի կեղծանունը, ինչի՞ հետ է կապված նման ընտրությունը:

- Առաջին հերթին, բնականաբար, Համշենական իշխանության հիմնման պատմության հետ (հայոց իշխաններ Համամ և Շապուհ իշխանների կողմից):  Ինչպես նաև ինձ վրա մեծ տպավորություն է թողել 2016 թվականին բանասեր, պատմաբան և համշենների վերաբերյալ գրքերի հեղինակ, հիանալի անձնավորություն Սերգեյ Վարդանյանի հետ միասին Օշական գյուղում գտնվող Մեսրոպ Մաշտոցի և Վահան Ամատունու գերեզմաններ կատարած այցը:  Այդ պահին ես իսկապես զգացի մեր արմատների ողջ խորությունը, մեր երկրի և ժողովրդի հետ ունեցած անքակտելի կապը:  Դա անբացատրելի զգացողություն էր:  Հենց այդ ժամանակ ես որոշեցի հաջորդ անգամ այցելել երեխաների հետ միասին և նրանց ցույց տալ այս վայրը:  Հայկական անվան ընտրության հետ կապված հարցը ինձ համար ևս լուծված էր:

- Շնորհակալ եմ զրույցի համար

 

Զրույցը վարեց և թարգմանեց թուրքերենից

ԻՆԵՍՍԱ ԹԱՇՉՅԱՆԸ

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո