Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Զաբելը և իր ողբերգությունը: XX դարի ամենանշանավոր հայ կանանցից մեկի պատմությունը
Հուշ

Զաբելը և իր ողբերգությունը: XX դարի ամենանշանավոր հայ կանանցից մեկի պատմությունը

Նա միակ կինն էր, ում անունը «պատվավոր» տեղ էր զբաղեցնում հայ մտավորականության նկատմամբ 1915 թվականի ապրիլի 24-ին իրականացված գնդակահարության ցանկում: Նա առաջին կինն է Օսմանյան կայսրությունում, ով կրթություն է ստացել արտասահմանում: Գրականության պրոֆեսոր և գրող, ով, չնայած, իր հասցեին հնչող մեղադրանքներին և քննադատություններին, շարունակում էր զբաղվել իր գործունեությամբ: Կին, ով դարձել է իր հավատքի զոհը հանուն արդարության: Այս ամենը Զաբել Եսայանի մասին է: 

Զաբելը ծնվել է 1878 թվականին Պոլսում (Ստամբուլ), Սկյուտար ասիական շրջանում, «Սիլիհտարի այգիներ» թաղամասում, որտեղ կողք կողքի ապրում էին հայեր, հույներ, հրեաներ և թուրքեր: Իր ինքնակենսագրական նովելներում հաճախ հիշատակվում են մայրամուտի արևի մթնշաղն ու ճառագայթները, որոնք պատում էին ծովափի հակառակ կողմում գտնվող իր թաղամասը՝ «...Հեռվում կերևեր նաև Բոսֆորի կապույտ և փալփլուն ժապավենը, ուրկե անդին՝ Ստամբուլի սիլվեթը, որ առավոտները՝ վարդագույն, օրվան մեջ՝ ոսկեգույն, և իրիգունները կապտորակ մշուշի մեջ խարշված կթվեր հարափոխ երանգավոր և երազային երկիր մը: Իմ մանկական աչքերը շլացել էին այդ ճաճանչներեն, որոնք մզկիթներու ոսկեզօծ գմբեթներուն վրա ինալով լույսի հրդեհներ կվառեին»: 

«Արդեն 12 տարեկանում ես յուրացրեցի արտաքին աշխարհը դպրոցի պատերից իր հակասություններով, պայքարով, հասարակության անհամար շերտերով: Դպրոցը մեծահասակների կյանքի այն փոքրացված պատկերն էր, որը պետք է ավելի ուշ յուրացնեի»: 

 Աղջկա կամային և նպատակասլաց բնավորության ձևավորման գործում մեծ է նրա հոր դերը, ով մի փոքր այլ կերպ էր դաստիարակում Զաբելին 19 –րդ դարի վերջի Պոլսի պահպանողական հասարակությունում: Նա բավականին շատ ժամանակ էր անցկացնում դստեր հետ՝ խոսելով արժանապատվության և մարդու իրավունքների մասին, և այդ գաղափարները հաճախ կրկնվում են իր աշխատություններում: Զաբելը եղել է միջին աշխատավոր խավից, որտեղ ընտանիքը հոգացել է հացի խնդիրը ազնիվ աշխատանքով, և մանկությունից նա քամահրանք է տածել պարապ, բուրժուական կյանքի նկատմամբ: Այդ հասարակության մեջ կինը ուներ շատ հստակ դերակատարություն՝ լինել կին և մայր, իսկ աշխատանքի առումով նրա ընտրության իրավունքը սահմանափակ էր: Առավելագույնը, ինչին կարող էր հավակնել աղջիկը, ով ուներ գրելու տաղանդ՝ դառնալ ուսուցչուհի տեղի հայկական դպրոցում: 

 «Դու պետք է շատ աշխատես, մեր հասարակությունը չի ընդունի կին գրողի» 

 Գործերի նման ընթացքը, բնավ, Զաբելի սրտով չէր: Իր աչքի աջև նա ուներ առաջին հայ կին գրող Սրբուհի Քյուսաբի օրինակը, ով իր ստեղծագործություններում վեր էր հանում կնոջն աշխատելու իրավունքի վերաբերյալ հարցերը, և դրանով բուռն վեճեր հարուցում հասարակության պահպանողական շերտերում: Սովորելու նպատակով Փարիզ մեկնելուց առաջ նա հյուր է գնում արդեն մեծահասակ Սրբուհուն, ով ասաց նրան: «Դու պետք է շատ աշխատես, մեր հասարակությունը չի ընդունելու կին գրողի: Քո հմտությունների մակարդակը պետք է միջինից վեր լինի, որովհետև միջին մակարդակի տղամարդ գրողը մեր հասարակությունում ընդունված է, բայց եթե դու կին գրող ես, դու չպետք է լինես միջին մակարդակի, քանզի արդեն իսկ բավականաչափ քննադատություններ են հնչում այն մասին, որ կինը ձեռքն է առել գրիչը»: Այդ խոսքերը ընդմիշտ մնացին Զաբելի մտքում: 

Փարիզ մեկնելը նրա կյանքի կարևորագույն փուլերից մեկն է, քանզի Սորբոնի համալսարանում կրթություն ստանալը և 19-րդ դարի վերջի ֆրանսիական հասարակական կյանքը լուրջ ազդեցություն ունեցան Զաբելի՝ առանց այն էլ առաջադեմ, համարձակ անձի զարգացման գործում: Այն ժամանակ Ֆրանսիայում տեղի էին ունենում հետաքրքիր հասարակական-քաղաքական շարժումներ, և մամուլը՝ մասնավորապես գրականությունը, գտնվում էր իր գործունեության կիզակետում: Զաբելը բաց չէր թողնում ուսանողների և մտավորականների հետ շփվելու հնարավորությունը, շատ էր գրում՝ մեկմեկու ետևից տպագրվում էին նրա հոդվածները, ակնարկները, լիրիկական և պրոզաիկ բանաստեղծությունները: Կարելի է ասել, որ նա ամբողջությամբ կլանել էր այն ժամանակվա Փարիզի ոգին: 

Այդ նույն Փարիզում 1900-ական թվականներին նա հանդիպեց իր սիրուն՝ նկարիչ Տիգրան Եսայանին, ով նույնպես Պոլսից էր: Երկու ստեղծագործ մարդկանց միությունը զգալիորեն տարբերվում էր ընդհանուր ընդունված ամուսնական հարաբերություններից՝ Զաբելը չկորցրեց իր ազատությունը՝ նա շարունակում էր ստեղծագործել, ապրել և ճանապարհորդել: 

1905 թվականին նա վերադառնում է Պոլիս, որտեղ նա, մի առ ժամանակ, զբաղվում է դասավանդմամբ, քանի որ նրան գումար էր անհրաժեշտ: Նա միշտ գումար աշխատելու միջոցներ էր գտնում՝ լինեն դրանք ինչ-որ փոքր գործեր, թարգմանություններ կամ էլ հրապարակումներ մամուլում: Պոլսում նա դարձավ հայ հասարակության աշխույժ մտավորականության մի մասը և ձեռք բերեց լայն ճանաչում: Նա հաճախ էր հոդվածներ գրում հասարկության մեջ կնոջ դերի վերաբերյալ: 

Բայց շուտով Զաբելը սկսում է անընդհատ ճնշումներ զգալ: Բացի Պոլսի ավանդական հասարակությունից, այդ ճնշումը գալիս էր նաև երկրում տիրող լարված քաղաքական իրավիճակից: Ի տարբերություն հիմնական հայ մտավորականության՝ Զաբելը չէր կիսում և չէր հավատում երկրում իրականացվող սահմանադրական փոփոխություններին: Մինչ հայկական կոմիտեի անդամները «Միասնություն և առաջընթաց» կուսակցության հետ մեկտեղ ուրվագծում էին համատեղ ապագայի ուտոպիական բնույթի պատկերներ, Զաբելը գիտակցում էր, որ հեղափոխությունից հետո ամեն ինչ կվատթարանա: Թուրքիայի իշխանությունների առաջ նա իր վիճակը ավելի էր վատացնում նրանով, որ հանդես էր գալիս հանրային բնույթի քաղաքական հայտարարություններով և ակնհայտորեն պայքարում էր հայ որբերի թրքացման պրակտիկայի դեմ: Համապասխանաբար, նա շուտով սկսեց ուղղակի սպառնալիքներ ստանալ: Ադանայից նա վերադառնում է Պոլիս, , որտեղ գրում է իր՝ որպես ականատեսի պատմությունը, որն հրատարակվում է «Ավերակներ» անունով: Այսօր այն համարվում է ցեղասպանության վերաբերյալ որպես ապացույց հանդիսացող կարևորագույն փաստաթղթերից մեկը՝ «Ջերմ ու կիզիչ արևի տակ ձգվում է ավերված քաղաքը՝ ինչպես անվերջ գերեզման...»: 

1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց այն, ինչ կանխատեսել էր Զաբելը՝ հայ մտավորականության ակտիվ ձերբակալություններ, որոնց ցանկում եղել է և նրա անունը: Զարմանալի է, բայց նրան հաջողվում է փախչել՝ սկզբում թրքուհու, այնուհետև հույն կնոջ կերպարանքով նա թաքնվում էր հիվանդանոցում, մինչ կեղծ փաստաթղթերն էր պատրաստում: Զաբելը հատում է դեպի Բուլղարիա տանող սահմանը, որտեղ մնում է որոշ ժամանակ և փորձում այնտեղից մոբիլիզացնել արևմտյան մամուլին հայկական հարցի և հայ մտավորականության սպանությունների շուրջ, անընդհատ հրապարակումներ է հրատարակում, և, ընդհանրապես, ամեն բան իր ուժերի սահմաններում, որպեսզի ինչ-որ կերպ օգնի ժողովրդին: Միևնույն ժամանակ իր հասցեին քննադատության ալիք է բարձրանում Բուլղարիայում գտնվող հայ մտավորականության կողմից, այն պատճառով, որ հայ կինը այդքան ակտիվորեն գործունեություն է ծավալում տարբեր հանրային հարթակներում: Օրինակ՝ իր պահպանողական հայացքներով հայտնի Կոստան Զարյանը դատապարտում էր Զաբելին՝ ասելով թե նա իրեն չի հետևում և շատ է ծխում: 

Երբ Բուլղարիան միանում է առաջին համաշխարհային պատերազմին, Զաբելը մեկնում է Թիֆլիս, իսկ այնտեղից 1917 թվականին Բաքու, որտեղ ապրում է երկու տարի: Այնտեղ «Բանվոր» թերթում նա Հայկ Թորոյանի խոսքերով հրատարակում է «Ժողովրդի տառապանքը» հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին վկայությունը գրված առաջին դեմքով՝ «...այն, ինչ ես տեսա, – զուրկ է ամեն տեսակ պատկերացումներից: Ինձ համար դժվար է տալ կատարվածի ամբողջ պատկերը, իրենց ամենօրյա, լիարժեք իմաստներով բառերն ի զորու չեն նկարագրել, արտահայտել այն սարսափելի, անբացատրելի երևույթը, որին իմ աչքերն ականատես եղան»

1920 թվականին Զաբելին հրավիրում են Փարիզ՝ խաղաղության համաժողովի, որտեն նա առաջին անգամ հրապարակավ ներկայացնում է հայ կանանց վիճակը պատերազմի ժամանակ՝ ցույց տալով մանրամասներ, թե ինչպես են նրանց առևանգում և տանում հարեմներ, ինչպես են նրանց օգտագործում տարբեր նպատակներով՝ նրանց նկատմամբ իրականացնելով ֆիզիկական և հոգեբանական բռնություններ: Այս զեկույցը ևս կարևոր փաստաթուղթ է ցեղասպանության վերաբերյալ: 1920 թվականին նա գրում է՝ «Ամբողջ հայ ժողովուրդը վտանգված է, և հիմա կարևորագույն խնդիրը այս ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելն է: Որբերին և գաղթականներին փրկելու գործը ես ինձ եմ վերցնում»

Որոշ ժամանակ նա շարունակում է ապրել Փարիզում, և աշխատում որպես «Երևան» թերթի խմբագիր, բայց նրա միտքը անընդհատ Հայաստանն էր զբաղեցնում, որը այդ պահին արդեն գտնվում էր խորհրդային միության կազմում: Զաբելին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ և շփվել սովետական պատվիրակների հետ, ովքեր Փարիզ էին եկել ելույթներով հանդես գալու համար: 1927 թվականին նա հրավերով առաջին անգամ մեկնում է Երևան: Դստերն ուղղված նամակներում նա գրում է՝ «Պատկերացնում ես, ես գտա այն վայրը, որտեղ ստիպված չեմ մտածելու ամենօրյա կյանքի մասին, այն մասին, թե ինչպես նյութապես ապահովեմ ինձ, և կարող եմ զբաղվել գրականությամբ ու գրքեր գրել: Այս պետությունը տալիս է այդ հնարավորությունը»: Խորհրդային միության հանդեպ ունեցած համակրանքը պայմանավորված էր նաև Փարիզում գործող ձախ կողմերի ազդեցությամբ, որոնց համար Սովետական միությունը կատարյալ էր: Զաբելը հստակ որոշում է կայացնում, որ պետք է վերադառնա Հայաստան և իր ներդրումն ունենա նոր հայ ժողովրդի, նոր հասարակության ձևավորման գործում՝ ցեղասպանության հետևանքով ամբողջությամբ քայքայվածի փոխարեն: Նա եղել է Արևմտյան Հայաստանի այն հազվագյուտ մտավորականներից մեկը, ով ակտիվորեն կոչ էր անում բոլոր հայերին վերադառնալ հայրենիք՝ խորհրդային Հայաստան: 

Հարկ է նշել, որ արևմտահայ ներկայացուցչի խորհրդային Հայաստանի նկատմամբ համակրանքը կտրուկ քննադատության է ենթարկվում «Դաշնակցություն» կուսակցության կողմից, որի անդամն էր նաև նա, չնայած կարճ ժամանակ: Դաշնակները Եսայանին համարում էին դավաճան: Այնուամենայնիվ, ոչինչ չփոխեց Զաբելի հստակ որոշումը արտագաղթել ԽՍՀՄ: 

1933 թվականին նա ստանում է բաղձալի հրավերը և երեխաների հետ միասին մեկնում է Հայաստան: Նա միանգամից դառնում է Հայաստանի գրողների միության անդամ և սկսում իր ակտիվ գրական գործունեությունը՝ միաժամանակ արևմտաեվրոպական և արևմտահայերեն գրականություն դասավանդելով Երևանի պետական համալսարանում: Նա անմիջապես դարձավ սիրված իր աշակերտների շրջանում՝ անսովոր, ինքնակամ, նա մտնում էր լսարան, նստում սեղանին, վառում ծխախոտը և սկսում իր հետաքրքիր դասախոսությունները՝ առանց հապաղելու քննարկելով տարբեր գրական թեմաներ: Սա շատ անսովոր երևույթ էր խորհրդային հասարակության համար: 

 «Այն տարիներին մենք պատրաստ չէինք տեսնել ծխող կնոջ: Սակայն մենք այնքան էինք տարվել նրա հմայքով, որ ինչ էլ որ նա աներ, դա մեզ թվում էր ճիշտ և կատարյալ»: 

Երկու տարի անց՝ 1935 թվականին նա հրապարակում է իր հայտնի վեպերից մեկը՝ «Սիլիհտարի այգիները», որում նա նկարագրում է Պոլսի թաղամասում անցկացրած իր մանկությունը՝ հայ աղջկա կյանքը Օսմանյան կայսրության դժվարին ժամանակահատվածում: 

Այս վեպը վերջինն էր գրողի կյանքում: 1937 թվականին նա դարձավ ստալինյան ճնշումների բազմաթիվ զոհերից մեկը: Այդ ճնշումներն ուղղված էին խորհրդային շարքերից «օտարամետ տարրերի» վերացմանը: Ամենայն հավանականությամբ համակարգը համախմբվեց նրա դեմ, այն բանից հետո, երբ նա սկսեց ակտիվորեն պաշտպանել ճնշված հայ գրողներին՝ ինչպիսիք են Եղիշե Չարենցը, Վահան Թոթովենցը, Աքսել Բակունցը, Մկրտիչ Արմենը: 

Աքսորից նա հարազատներին նամակներ էր գրում: Մինչև վերջին օրը նա իսկապես չէր հավատում, որ նրան կաքսորեն ու կսպանեն: Մինչև վերջին օրը նա հավատում էր, որ դա սխալ է, որ նրան տուն կուղարկեն և նա կվերադառնա իր աշխատանքին: Զաբել Եսայանի մասին վերջին լուրը Բաքվի բանտից 1943 թվականին ստացված նամակն է: Առ այսօր նրա գտնվելու վայրն ու մահվան հանգամանքները անհայտ են:

Պատկերը՝ Anaïs Chagankerian

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո