ԱՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ 100 ՏԱՐԻ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ
2021 թվականի մարտի 16-ին լրացավ քեմալիստների և բոլշևիկների միջև ստորագրված Մոսկովյան պայմանագրի մեկ դարը, որով հայերը վերջնակապես կորցրեցին Արևմտյան Հայաստանի հետ կապված ամբողջ հույսը: Ըստ այդ պայմանագրի Հայաստանը նաև զրկվում էր Ախուրյան և Արաքս գետերից դեպի արևմուտք ընկած իր տարածքներից և Կարսի շրջանից: Սրանից բացի, Մոսկովյան տխրահռչակ պայմանագրով Հայաստանը կորցրեց իր գլխավոր խորհրդանիշը՝ Արարատ լեռը իր հարակից տարածաշրջանների հետ՝ Թուրքիայի կողմից Բաթումի շրջանի նկատմամբ իր պահանջներից հրաժարվելու դիմաց: Նշենք, որ Սուրմալու շրջանը, որտեղ տեղակայված է Արարատ լեռը, երբեք չի եղել Օսմանյան կայսրության մաս:
Պայմանագրի ստորագրման 100 ամյակը նշեցին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Կոնֆերանսը կոչվում էր «Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրի կնքման հարյուրամյակին», որի շրջանակներում Ռուսաստանի դեսպանը Թուրքիայում՝ Ալեքսեյ Երխովը, հանդես եկավ հայտարարությամբ, որ «բարեկամության և եղբայրության պայմանագիր» ձևակերպումը բավականին հազվադեպ է պատահում դիվանագիտական պրակտիկայում և «արտահայտում է այդ դժվար ժամանակաշրջանի ռոմանտիկ ոգին»: Նա նաև նշեց, որ պայմանագիրը պարունակում է մի քանի մտքեր, որոնք հնչում են բավականին ժամանակակից և զգալի հետաքրքրություն են ներկայացնում այսօր Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման համար:
Սակայն այս Մոսկովյան պայմանագիրը, որը թույլ տվեց Թուրքիային գծել իր ներկայիս հյուսիս-արևելյան սահմանը, իրականում համարվում է անօրինական, և հետևաբար՝ անվավեր միջազգային իրավունքի տեսանկյունից:
Ահա ինչու՝
Համաձայն 1969 թվականի միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի՝ պայմանագիրը միջազգային համաձայնություն է՝ կնքված պետությունների միջև գրավոր կերպով և կարգավորվում է միջազգային իրավունքով: Պետությունը ճանաչված միավոր է, որը պետք է ունենա կառավարություն (ընտրված, թե նշանակված՝ էական չէ), բայց այն պետք է միջազգայնորեն ճանաչված լինի որպես այդ երկրի կառավարություն: Պայմանագիրը ստորագրելու գործընթացում պետք է մասնակցեն ներկայացուցիչներ՝ հաստատված այդ կառավարության կողմից: Հակառակ դեպքում, յուրաքանչյուր վարչատարածքային միավորում կարող են հավաքվել մարդիկ, որոնք իրենց կհռչակեն երկրի ղեկավար, իսկ նրանցից ոմանք կհայտարարեն, որ լիազորված են ստորագրել միջազգային պայմանագրեր և այլ փաստաթղթեր:
Մոսկովյան պայմանագիրը ստորագրելու պահին Սովետական (Բոլշևիկյան) Ռուսաստանը աշխարհի ոչ մի երկրի կողմից ճանաչված չի եղել: Թուրքիայի քեմալիստական կառավարությունը, մասնավորապես ազգային մեծ ժողովը՝ Աթաթուրքի գլխավորությամբ, նույնպես ոչ ոքի կողմից ճանաչված չէր, պաշտոնապես ճանաչված իշխանություն էր համարվում սուլթան Մեհմեդ VI –ը (իշխել է 1918 թվականի հուլիսի 3-ից մինչ 1922-ի նոյեմբերի 1-ը): Փաստացի քեմալիստները այդ ժամանակ պարզապես ապստամբական շարժում էին համարվում:
Նաև կարևոր է նշել, որ 1920-ականների պրոֆեսիոնալ մամուլում տվյալ պայմանագիրը միշտ անվանել են «քեմալա-բոլշևիկյան», այլ ոչ թե «թուրք-ռուսական»: Նույնիսկ պայմանագրի նախաբանում գրված է «Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարություն», որը ևս մեկ անգամ շեշտում է փաստաթղթի անվավերությունը:
Բացի սա, Մոսկվայի պայմանագիրը դատապարտվեց որպես անօրինական փաստաթուղթ, քանի որ երկու երկրները վճռեցին երրորդ և չորրորդ երկրների ճակատագրերը առանց նրանց մասնակցության: Նույնիսկ եթե ընդունենք, որ պայմանագիրը կնքեցին Ռուսաստանն ու Թուրքիան (իսկ դա այդպես չէ), այնուամենայնիվ, դա նրանց իրավունք չի տալիս «գծել» Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանները, քանի որ այդ երկրներն այդ ժամանակ եղել են անկախ սոցիալիստական հանրապետություններ:
Հետևաբար, Մոսկվայի պայմանագիրն ի սկզբանե կնքվել է անօրենաբար, և դա հստակ նկարագրված է շատ կարևոր դրույթում `Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում (եթե պայմանագիրը հակասում է բուն դրույթներին, ապա պայմանագիրն անվավեր է):
Հոդված 53. Պայմանագրեր, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմին
Պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն ստորագրման պահին հակասում է ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմին: Քանի որ սա վերաբերվում է իսկական Կոնվենցիայի, ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորման հանդիսանում է նորմա, որը ընդունվում և ճանաչվում է պետությունների միջազգային հանրության կողմից որպես նորմ, որից շեղվելը համարվում է անթույլատրելի և որը կարող է միայն փոխվել հաջորդ ընդհանուր միջազգային իրավունքի նորմայով, որը կրում է նմանատիպ բնույթ:
Քեմալականների հետ նման պայմանագիր կնքելով ՝ բոլշևիկները հույս ունեին, որ Թուրքիան նրանց համար կդառնա եղբայրական սոցիալիստական երկիր ՝ ի հակադրություն Անտանտի կապիտալիստական ճամբարի: Այս նպատակի համար բոլշևիկները պատրաստ էին դավաճանել իրենց նախնիների հիշատակը և Ռուսաստանի ազգային շահերը, որի համար թուրքերը եղել էին դարավոր թշնամիներ( հիշենք միայն, թե քանի ռուս-թուրքական պատերազմներ են եղել), ինչպես նաև հայ ժողովրդին, ում հետ ռուս ժողովուրդը ուներ դարավոր պատմա-մշակութային, նաև կրոնական կապեր: Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում հայերն այնքան մեծ հեղինակություն և վստահություն ունեին, որ ռուս թագավորները այնտեղ վերաբնակեցրեցին հայերին ՝ սահմանային տարածքների ենթակառուցվածքների հուսալիության և զարգացման համար:
Բոլշևիկները Հայաստանը զրկեցին ոչ միայն տարածքի մի զգալի մասից և ինքնապաշտպանության հնարավորությունից (Քեմալական բանակը և Կարմիր բանակը միաժամանակ մտան Հայաստան), այլև իրենց պատմական հայրենիքում զարգանալու, ինչպես նաև տարածաշրջանում Ռուսաստանի նման ուժեղ դաշնակից ունենալու հնարավորությունից:
Ի վերջո, իրենց չմտածված ռազմավարական որոշմամբ ՝ բոլշևիկները փրկեցին և ամրապնդեցին իրենց դարավոր թշնամուն, որը, ի վերջո, հեռացավ սոցիալիստական վեկտորից, և իրենց դաշնակից Հայաստանը վերածեցին թույլ գաղութի ՝ աշխարհագրական քաղաքական մեծ խաղերի համար սակարկությունների առարկա:
Ցավոք, այս քաղաքական ընթացքի հետևանքները մենք տեսնում ենք առ այսօր: Այս չարաբաստիկ պայմանագրին նվիրված խորհրդաժողովում Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ա.Վ. Երխովը հպարտությամբ պատմեց, թե ինչպես Ռուսաստանը փրկեց Թուրքիան՝ այն պետությունը, որի հետ նա պատերազմել է ավելի քան տասներկու անգամ: Ցավոք, նույնիսկ հիմա պաշտոնական Մոսկվան չի ցանկանում հետ նայել իր պատմության ամոթալի արարքին:
Մեկնաբանություններ